Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Գառնիկ Մարգարյանի համար

Հունիս 08,2018 12:16

Այսօր ընթացող Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ պաշտպաններից Հովիկ Արսենյանը միջնորդություն ներկայացրեց`«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ է: Պաշտպանը զարմանալի եւ տարօրինակ է համարում այն ապացույցների ձեռքբերումը, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել Գառնիկ Մարգարյանին: Առերեսման ժամանակ, ըստ Հովիկ Արսենյանի, Արթուր Վարդանյանն ասել է`Գառնիկ Մարգարյանն է ինքնաձիգը տվել իրեն: «Վերեւներից ինչ-որ մարդկանց սիրտը հովանալ էր ուզում»,- հայտարարեց Հովիկ Արսենյանը` հավելելով, որ Արթուր Վարդանյանի այդ հայտարարությունից հետո իրավապահները հորդորել են առերեսումը կրկնել, որպեսզի տեսաձայնագրեն:

Պաշտպանը ներկայացրեց Գառնիկ Մարգարյանին`նախկինում արատավորված չի եղել, բազմավաստակ մարդ է, նա քաղաքական հետապնդման արդյունքում է այստեղ: Հայտարարեց, որ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար ԱԺ պատգամավորներ Ալիկ Սարգսյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն են անձական երաշխավորություն ներկայացրել: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ պատրաստ են նաեւ գրավ վճարել: Գառնիկ Մարգարյանի համար երաշխավորել են նաեւ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի 33 վետերան-ազատամարտիկները:

Դատախազ Արամ Արամյանը հակադարձեց`գրավով ազատ արձակելն այլ ընթացակարգ է, անձնական երաշխավորությամբ`այլ: Անձնական երաշխավորների ներկայությունն է անհրաժեշտ: Պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց` երաշխավորողները նշել են, որ այդ դրույթները գիտեն, ինքը վիրավորանք է համարում ԱԺ պատգամավորներին կանչել դատարան, որպեսզի տեղում անձամբ հայտարարություններ անեն:

Պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ առաջարկեց`ընդմիջեք նիստը, թող պատգամավորները գան: Նա նաեւ առաջարկեց` կալանքի փոփոխության միջնորդությունն առանձին քննարկել:

Դատական նիստը բավական լարված է անցնում, դատարանի մոտ էլ բողոքի ցույց է` «Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստն ընդմիջեց`Գառնիկ Մարգարյանի կալանքի մասով որոշում կայացնելու համար:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930