ՀՀ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Խոսքս, անշուշտ, ՀՀԿ-ին չի վերաբերում, ՀՅԴ-ն էլ կարող է չտեսնելու տալ, շատ չեմ տխրի:
Հարգելի տիկնայք և պարոնայք. առաջիկա համապետական ընտրությունները հիրավի պատմական ու շրջադարձային են լինելու մեր պետության ու ժողովրդի կյանքում: Վերջապես ժողովուրդը ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրացնելու բացառիկ հնարավորություն է ստացել, և այս հնարավորությունը, բոլորը, առաջին հերթին քաղաքական կուսակցությունները, պետք է կարողանան լիարժեքորեն օգտագործել: Պետք է բացառել ցանկացած բան, որը կարող է ստվերել ընտրությունների իրավակարգությունը:
Ցավոք այդպիսի խնդիր կարող է դառնալ Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների արդարացման անհարկի ձգձգումը: Կարծում եմ անգամ մեկ քաղբանտարկյալի առկայությամբ ընտրությունների գնալը պետք է վիրավորական լինի յուրաքանչյուր իրեն հարգող կուսակցության համար: Ուստի ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ քաղաքացիական նախաձեռնության անունից դիմում եմ հատկապես այն կուսակցություններին, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում արժանապատվորեն պայքարել են իշխանագողության դեմ, այն է`
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը,
Ժառանգություն կուսակցությանը,
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը,
Պահպանողական կուսակցությանը,
Հայաստանի ժողովրդական կուսակցությանը,
Հանրապետություն կուսակցությանը,
Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությանը,
Լուսավոր Հայաստան կուսակցությանը:
Վերահաստատե´ք Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների հարցում ձեր ունեցած դիրքորոշումը: Միացե´ք քաղբանտարկյալներին օր առաջ արդարացնելու պահանջին: Հավատացած եղեք սա առաջին հերթին հենց ձեզ է անհրաժեշտ:
ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նախաձեռնության անունից
Արամ Ավետիսյան


















































