Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյանի աղմկոտ տվյալները. «Վիրավոր-ոստիկանն իր ոտքով՝ առողջ գնացել է, իսկ Ար. Լամբարյանը քիչ էր մնում՝ զոհվեր»

Օգոստոս 08,2018 14:25

Հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրյալներից ազատամարտիկ Պավել Մանուկյանի աղմկոտ հայտարարությունն ու բացահայտումներն ի վերջո ազդեցին դատաքննության ընթացքի վրա: Այսօր մեղադրող-դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց նրան հարցաքննել՝ այդ հայտարարության մասին որոշակի հանգամանքներ հստակեցնելու նպատակով: Դատավոր Մեսրոպ Մակյանը դատախազի միջնորդությունը բավարարեց:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը բոլորի համար անսպասելի հայտարարություն արեց, թե խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանի «պատահական» կրակոցից է վիրավորվել, իսկ հետագայում՝ արյան վարակից մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը (նրա սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը, ոչ թե Էդվարդ Գրիգորյանը: Գագիկ Մկրտչյանի մահը գրանցվել էր հիվանդանոցում):

Դատախազի հարցերին ի պատասխան՝ Պավլիկ Մանուկյանը դեպքի մասին հետեւյալը պատմեց. «Այդ պատահական կրակոցին ականատես եմ եղել մեկ մետր հեռավորությունից: Դա եղել է ՊՊԾ գնդի զինանոցի կողմի սենյակում, որտեղ Արմեն Բիլյանը չի էլ գտնվել: Այդ պատահական կրակոցից քիչ էր մնում զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը: Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է ձախ դաստակից: Օգնել ենք, տարել, իր ոտքով՝ առողջ ու պայծառ գնացել է: Առհասարակ, մենք գրկելով-պաչելով ենք վերաբերվել ոստիկաններին: Էդուարդ Գրիգորյանը թեթեւ «բզել» է ձգանը, կրակոց է արձակվել: Նա իրեն շատ վատ է զգացել դրա համար: Երդվում եմ նահատակ-ընկերներիս ու ծնողներիս շիրիմներով՝ այդպես է եղել»:

Ապա Պավլիկ Մանուկյանը կեղծ որակեց ոստիկանների ցուցմունքներն այն մասին, թե իրենք տեսել են՝ ինչպես է վիրավոր Գագիկ Մկրտչյանն Արման Բիլյանին ասում՝ «Ինչո՞ւ կրակեցիր ինձ»:

Ուղիղ։ Պավլիկ Մանուկյանը գուցե հարցաքննվի

Gepostet von Aravot am Mittwoch, 8. August 2018

Պավել Մանուկյանի խոսքով. «Այդ ցուցմունքները տրվել են այն ժամանակ, երբ քննչական կոմիտեն Նկարիչների միության «անդամ» էր: Ինչ պատվիրում էին՝ «նկարում» էր…Իսկ հիմա՝ վերջ կեղծիքին»: Մանուկյանի ասածների առնչությամբ հարցաքննվեց մեղադրյալ Էդուարդ Գրիգորյանը: Դատախազների հարցերին ի պատասխան նա ասաց՝ «ոչ մի բան չեմ ասում» ու հրաժարվեց ցուցմունք տալուց, ինչպես օրենքով է սահմանված:

Ապա Պավլիկ Մանուկյանին հարցեր ուղղեց նաեւ դատավոր Մեսրոպ Մակյանը:

-Դեպքից երկու տարի է անցել, ինչո՞ւ էիք հանդուրժում անարդարությունը, չէ՞ որ ձեր ընկերոջը՝ Բիլյանին են մեղադրում սպանության համար,-հարցադրում արեց նա:

-ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, իշխանափոխություն է եղել թավշյա հեղափոխությամբ, որին նպաստել ենք նաեւ մենք: Եթե ժողովրդի մոտ վարչապետի միջոցով հույս է արթնացել, «Սասնա ծռերի» միջոցով արդարություն է հաստատվել:

-Եթե իրավիճակ չփոխվեր, պետք է լռեի՞ք,-շարունակեց դատավորը:

-Այո, որովհետեւ կեղծիքի իշխանություն էր տիրում: Իսկ հիմա՝ վերջ կեղծիքին,-պնդեց Մանուկյանը:

-Եթե արդարության ջատագով էիք, ի սկզբանե հայտնեիք այդ տեղեկությունը:

-Եթե արդյունքը զրո էր լինելու, ինչո՞ւ խոսեի,-եզրափակեց Պավլիկ Մանուկյանը:

ՈւՂԻՂ։ Սասնա ծռերի գործով հարցաքննվում են Էդուարդ Գրիգորյանը եւ Մխիթար Ավետիսյանը

Gepostet von Aravot am Mittwoch, 8. August 2018

Նրա հարցաքննությունն այսքանով ավարտվեց: Այլ մանրամասները՝ հաջորդիվ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031