ՀՀԿ-ն հրապարակել է իր խմբակցության այն պատգամավորների անունները, որոնք միացել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությանը:
Ստորագրողներից է նաեւ Խոսրով Հարությունյանը: Aravot.am-ը նրան հարցրեց՝ ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ականները ձեր խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի համար նման միջնորդություն չներկայացրեցին՝ կալանքը փոխելու՝ այն դեպքում, երբ վերջինս գիտենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, մեղադրվում է «տուշոնկաների» գողության մեջ, իսկ Քոչարյանի համար, որը ձեր խմբակցության հետ կապ չունի, մեղադրվում է 10 մարդու զոհվելու, սահմանադրական կարգը տապալելու համար, նրա համար երաշխավոր եղաք՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ձեր բերած փաստը խոսում է նրա մասին, որ ՀՀԿ-ն չի առաջնորդվում իր կուսակցական շահերով: Սա՝ մեկ, երկրորդը՝ համաձայնեք, որ Մանվել Գրիգորյանի պարագան, եթե մի պահ վերանանք նրա առողջական վիճակից, որը հիմա է վատթարացել, այն փաստարկները, այն տեսանյութերը, որոնք տարածվեցին շատերի մոտ շոկ էր առաջացրել, այդ թվում նաեւ ինձ մոտ»:

Խոսրով Հարությունյանը չբացառեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հետ կապված ՀՀԿ-ն նաեւ ձեռնարկի նման ստորագրահավաք-միջնորդություն ներկայացնեն:
Ինչ վերաբերում է Քոչարյանի գործին՝ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ ինքը հանդիսանում է Մարտի 1-ի բացահայտման ջատագովը. «Մենք պետք է ձերբազատվենք այդ խարանից, դա՝ միանշանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































