Օգոստոսի 7-ին Արցախի խորհրդարանի թվով 15 պատգամավորներ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են միջնորդություն՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով նրա մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:

«Պետք նշեմ, որ բացարձակապես որևէ ճնշում, որևէ մեկի կողմից Արցախի խորհրդարանի պատգամավորների վրա չի եղել, և այն 15 պատգամավորները, ովքեր ստորագրել են միջնորդագրի տակ, ստորագրել են իրենց խղճի մտոք: Ի դեպ ասեմ, որ դա միջնորդություն է, այլ ոչ թե խնդրագիր-միջնորդություն, ինչպես ոմանք են նշում:
Սակայն ցավոք սրտի մամուլում և սոցիալական ցանցերում այս օրերին, պարզապես լուտանքներ են թափվում մեր հասցեին: Բոլորին բնականաբար պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Բայց ի՞նչ է ստացվում, ցանկացած մեկը իրավունք ունի կարծիք հայտնելու, իսկ Արցախի պատգամավորը՝ ո՞չ»,- ասաց Վ. Բաղրյանը:
Նրա խոսքով՝ Արցախի խորհրդարանը նման քայլով ոչ ձեռնոց է նետում ՀՀ իշխանություններին, ոչ փորձում է միջամտել Հայաստանի արդարադատությանը, և ոչ էլ կասկածներ ունի անաչառ դատավարության վերաբերյալ:
«Լավ, իսկ ուր մնաց սիրո և հանդուրժողականության մթնոլորտը: Ամոթ է պարզապես կեղտ շպրտել և ասել, որ այդ միջնորդագրի տակ ստորագրած պատգամավորները առհասարակ որևէ ներդրում չունեն այս երկրի կայացման գործում, մեղադրել Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու մեջ: Այս երեսուն տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ որոշ ուժեր նման փորձեր արել են, և եթե այսօր մեզ են փորձում մեղադրել այդ հարցում, ապա դա ուղղակի անբարոյականություն է: Ուսումնասիրեք այդ պատգամավորների կենսագրությունը և տեսեք, որ նրանք ներդրում ունեն Արցախի պետականության կայացման գործում»,- շեշտեց Վ. Բաղրյանը:
Նա վստահեցրեց, որ որևէ մեկին կուրորեն պաշտպանելու մտադրություն չկա և միջնորդագրից ամենևին դա չի բխում. «Ասել եմ և նորից եմ կրկնում, խոսքը օրենքից խուսափելու մասին չէ, օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորը և բոլոր նրանք ովքեր այս կամ այն կերպ խախտել են օրենքը բնականաբար պետք է պատասխան տան:


«Ուղղակի անտարբեր չենք մեր երկրի, մեր պետականության հանդեպ, ընդամենը դրսևորել ենք հասուն պետական գործչի վարքագիծ: Մենք բոլորս կողմ ենք, որ Մարտի 1-ի թնջուկը բացահայտվի, քանի որ տեղի է ունեցել վատ երևույթ պետության նկատմամբ»,- պարզաբանեց Ռ. Հյուսնունցը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ


















































