Լրահոս
Օրվա լրահոսը

Պահլավունիների վանքը քայքայվում է․ դարձյալ մեղավոր դուրս եկավ Վարդան Ղուկասյանը

Օգոստոս 08,2018 22:57

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարևանությամբ գտնվող Մարմաշենի վանական համալիրը, որի գլխավոր եկեղեցին 988-1029 թթ․-ին կառուցել է Վահրամ Պահլավունի իշխանը, և որն այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ամենաշատ հետաքրքրող հուշակոթողներից մեկն է, խոնավությունից քարաթափվում ու քայքայվում է։ Թե ո՞րն է պատճառը, տարբեր վարկածներ են առաջ քաշում․ սողանքային գոտում գտնվելը, հոսող գրունտային ջրերի մակարդակի բարձր լինելը, 100 մետր հեռավորության վրա կառուցված ՀԷԿ-ը, արտաքին ջրահեռացման համակարգ չունենալը, որի պատճառով անձրևաջրերն ու ձյունը ներթափանցում են՝ քայքայելով հիմքերը։

Երեկ, սակայն, Գյումրի այցելած ու այս թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնող ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, փոխնախարար Տիգրան Գալստյանի ներկայությամբ Շիրակի մարզային երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը բոլորվին այլ պատճառ նշեց, որով, ըստ էության, մեղավոր է դուրս գալիս Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանը, որը փորձել է լավ գործ անել վանքի պահպանության համար։

Մինչ մշակույթի նախարարն ու փոխնախարարը պնդում էին, որ Մարմաշենի վանքը չի գտնվում մշակույթի նախարարության ենթակայության տակ, պահպանման ու վերանորոգման բոլոր պարտականությունները տրված են Մայր Աթոռին, Համազասպ Խաչատրյանը ձայնի իրավունք խնդրեց ու ասաց․ «Տարիներ առաջ մեր հարգելի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտածողությամբ լավ բան անելով՝ ինքնակամ, առանց որևէ մեկին տեղյակ պահելու Մարմաշենի վանքի գմբեթին դրել է եվրոպատուհաններ։ Եթե նայեք Մարմաշենի վանքին, վանքի պատերը ներքևում չոր են, թաց չեն, եթե այդքան գնացել եք, նկարել եք, անհանգստացած եք, դա պետք է նկատած լինեիք։ Խոնավությունը հիմնականում վերևի մասում է, ինչի՞, որովհետև հերմետիկ փակած լուսամուտներն իբր արվել են աղավնիների չմտնելու համար, օդափոխություն չեն ապահովում, և ամբողջ խոնավությունը գոլորշացման հետևանքով և այլ, և այլն կուտակվում է ներսում։ Այդտեղ առաջին քայլն, ամենահեշտը պատուհանները հանելն ու բաց ցանցով փակելն է , որ աղավնիները չմտնեն, եթե այնտեղ օդափոխությունը լինի՝ անկախ նրանից վանքի դռները բաց են, թե փակ են, այդ ամբողջ կառույցը կսկսի չորանալ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031