Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովն ու Պուտինը 20 տարի սովոր են եղել անգրագետ, պրիմիտիվ հայ իշխանավորի տեսակի, հիմա նրանց էլ է ժամանակ պետք». Ստեփան Գրիգորյան

Օգոստոս 22,2018 13:04

«Ռուսաստանի համար այս իրավիճակն անսովոր է, դրա համար էլ դժգոհություն կա, քանի որ իրենք սովոր էին, որ մի ութերորդական պաշտոնյա կես բերան մի բան էր ասում, և ՀՀ-ում այդ ամենը կատարում էին»,-«Մեդիա կենտրոնում» «Հայ-ռուսական հարաբերություններ․ նոր հնարավորություններ, թե՞ ճգնաժամ» թեմայով քննարկմանը հայտարարեց  «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը:

Նրա կարծիքով՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից Ռուսաստանն իրավունք չունի դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ ՀՀ-ում ռուսաստանյան կառույցներում ստուգումներ են իրականացվում. «Բնական է, որ Հայաստանում գործող ռեզիդենտ կազմակերպություններում ստուգումներ իրականացվեն, և լավ գիտենք, որ այդ ու այլ ռուսաստանյան կառույցներում պարզապես թալանում են, այնպիսի կոռուպցիոն մեխանիզմներ կան այդտեղ, որ մյուսները թվում են մանկական մեղմ խաղեր: Ի վերջո, ասում են՝ դուք պետք է աշխատեք օրենքով, սա ամենաբնական տարբերակն է: Բիզնեսի հիմնական նպատակներից է հավասարությունն օրենքի առաջ»:

Արա Պապյանը չբացառեց, որ չինովնիկների և պաշտոնյաների մի որոշ շրջանակի մոտ որոշ ժամանակահատվածում կարող են լինել դժգոհություններ, բայց հետո ավելի հաշտ ու հարթ կլինի: Արա Պապյանը վստահ է՝ պետական մակարդակով այդ ըմբռնումը կա, և գոնե պաշտոնապես հարաբերությունները գտնվում են բնականոն վիճակում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատեց՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում մի կողմից նոր կառավարությունն է` հասարակության զգալի հատվածի հետ, որոնք ասում են, թե պետք է փորձել աշխատել ՌԴ-ի հետ հավասարը հավասարի սկզբունքով, իսկ մյուս բևեռում գտնվում են նախկինները, որոնք ասում են՝ Ռուսաստան, մենք պատրաստ ենք վասալային հարաբերություններին: Ստեփան Գրիգորյանն այս առիթով հավելեց. «Նրանք ասում են՝ Ռուսաստան, քո ծառաները Հայաստանում ճնշվում են և դա անում են բաց: Ասում են՝ մենք պատրաստ ենք հայ ժողովրդի շահերը նորից ձեզ տալ: Դա կոչվում է հինգերորդ շարասյուն: Ի վերջո, Լավրովն ու Պուտինը լրջագույն դեմքեր են համաշխարհային մակարդակով: Նրանք սովոր են 20 տարի մի հայի տեսակի իշխանությունում: Նրանք իշխանությունում տեսել են անգրագետ, պրիմիտիվ անձերի, որոնք պատրաստ են հանձնել հայ ժողովրդի շահերն իրենց անձնական շահերի համար: Հիմա հանդիպեցին երիտասարդ մարդկանց, ուստի իրենց էլ է պետք ժամանակ, մարսեն, և նորմալ համագործակցություն կստացվի Ռուսաստանի հետ»:

Հարցին՝ Ռուսաստանն ի՞նչ հնարավորություն ունի Արցախի խնդրով պատժել Հայաստանին, Արա Պապյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ Հայաստանն, ինչպես Ստեփան Գրիգորյանն է ասում, կզած էր Ռուսաստանի առաջ, մենք 2016-ին պատերազմ ունեցանք: Հետևաբար Հայաստանի դիրքը կապ չունի: Եթե Ռուսաստանն ուզում է հրահրել պատերազմ, հրահրվում է: ՌԴ քաղաքականությունը բնորոշվում ու որոշվում է իր շահերով: Իսկ ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ-ի շահն է այն, որ այդ հակամարտությունը հնարավորինս երկար մնա առկա վիճակում: Սա գործիք է երկու երկրների վրա որպես ճնշում օգտագործելու: Ռուսաստանը կարող է հրահրել պատերազմ ՝ ելնելով ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերից, բայց դա մեր դիրքի հետ կապ չունի: Չմոռանանք, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են ավելի սերտացման ճանապարհին»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Հայաստանը պարտավոր է Ռուսաստանին բացատրել սցենարները: Նա մանրամասնեց. «Պետք է բացատրենք, որ եթե արանքից դուրս են գալիս Հայաստանն ու Ղարաբաղը, ինչ է սպասվում Ռուսաստանին: Ակնհայտ է, որ այդ դեպքում թուրք- ադրբեջանական ալյանսը կհանի այս տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես: Ուրեմն Ռուսաստանն էլ գինը պետք է իմանա: Վստահ եմ՝ երբեք ՌԴ-ն չի գնա նրան, որ մեկը հաղթի, մյուսը պարտվի Ղարաբաղի հարցում»:

Դառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ Ստեփան Գրիգորյանը վստահեցրեց՝ բացվում են նոր հնարավորություններ Իրանի հետ ավելի աշխույժ աշխատելու համար:

Գնահատելով նոր կառավարության՝ արտաքին քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքը 100 օրվա կտրվածքով՝ Արա Պապյանը փաստեց՝ ամենաքիչ փոփոխություններն արվել են արտաքին քաղաքականության ոլորտում. «Դեսպաններ կան, որոնց առկայությունը մեղմ ասած խնդրահարույց է: Եթե հեղափոխություն է, ապա առաջին փոխվողները նրանք պետք է լինեին: Սա մի շրջափուլ է, որից  հետո ամբողջը կկայունանա: Բայց դա կլինի միայն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:

Ստեփան Գրիգորյանի բնութագրմամբ՝ այժմ արտաքին քաղաքականությունն ավելի բազմավեկտոր է. «Փորձ է արվում  համագործակցել աշխարհի կենտրոնների հետ՝ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Չինաստան, նաև փորձ է արվում ավելի ակտիվ համագործակցել Իրանի և Վրաստանի հետ: Ինչքան հասկանում եմ` նոր կառավարությունը դեսպանների հարցում ձգտում է ռոտացիոն փոփոխությունների, որ դեսպանները մի տեղից մյուսը տեղափոխվեն: Բայց այդ նույն մարդիկ նախորդ իշխանության ժամանակ քսան տարի հեքիաթ էին պատմում, որ նրանք լավն են, հիմա այդ նույն հեքիաթը պետք է նորերի մասին պատմեն: Կողմ եմ, որ դրսից մի քանի նախկին դիվանագետներ, որոնք նաև հայտնի փորձագետներ են, մուտք գործեն արտաքին քաղաքականություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. AHNAHN says:

    «…իրենց էլ է պետք ժամանակ, մարսեն, և նորմալ համագործակցություն կստացվի Ռուսաստանի հետ»

    վստահ եղեք, որ Պուտինն ու Լաւրովը նւաստ ըմբռնումով կգնահատեն ձեր խորին մտահոգութիւնն իրենց դժւար կացութեան մասին, որ չեն կարողանում արագօրէն հետևել «թաւշեայ» «յեղափոխական» առաջնորդների և (տգէտ, բայց յաւակնոտ) քաղաքական մեկնաբանների մտքի թռիչքին և կաշխատեն հնարաւորինս շուտափոյթ կերպով «ադապտացւել» (համակերպւել) Հայաստանում ստեղծւած նոր իրավիճակին։ (սարկազմ – երգիծանք)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031