Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյան. «Պայմանագիրս այդպիսին է, թույլ տվեք աշխատել»

Օգոստոս 30,2018 15:36

Սեպտեմբերի 6-15-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում, որտեղ կկայանան Բիզեի «Կարմեն» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների պրեմիերաները: Այս մասին օգոստոսի 30-ին կայացած ասուլիսում հայտնեց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Նա ներկայացրեց «Կարմենի» բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանին, բեմադրող դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկին (ԱՄՆ), օպերային թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանին, բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանին, դիրիժոր Հարություն Արզումանյանին, գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանին:

Թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը նշեց, որ թատրոնը ինտենսիվ է աշխատում եւ իրենք խիստ բավարարված են ստեղծագործական իմաստով. «Մենք անընդհատ աշխատում ենք, բայց հոգնելու իրավունք չունենք` 6 ներկայացում Դուբայում` համապատասխան փորձերով, առավոտ եւ երեկո, երկու ներկայացում եւ մեկ համերգ նվագախմբի հետ, ամբողջ սեպտեմբեր ամիսը պետք է զբաղված լինենք, դրանից հետո վերադառնալու ենք, որպեսզի մասնակցենք Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին եւ հոկտեմբերին առաջին անգամ կներկայացնենք Մասնեի «Մանոնը»: Այն շատ բարդ, բայց միեւնույն ժամանակ գեղեցիկ բեմադրություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկը շնորհակալություն հայտնեց Կոնստանտին Օրբելյանին՝ Հայաստանում գտնվելու համար: Ասաց, որ իր տպավորությամբ, թատրոնի նվագախումբն ու երգչախումբը անհավատալի էներգիայով են աշխատում, եւ լավ է, որ նման հնարավորություն կա այս հրաշալի օպերան Դուբայ տանելու համար. «Դա հոյակապ նախաձեռնություն է, որ իրականացրել է մաեստրո Օրբելյանը…Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ միանալու «Մանոն» օպերայի բեմադրությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մկրտիչ Բաբաջանյանը, որ արդեն 15 տարի Գերմանիայում է ապրում, պրոֆեսիոնալ երգիչ է եւ դիրիժոր, հավելեց, որ գերմաներենով կատարվող օպերան բավականին բարդ է: «Մենք բոլորս գիտենք, որ Մոցարտ կատարելը իսկապես բարդ է, որովհետեւ բացի տեքստերը գերմաներեն ճիշտ արտասանելուց, նաեւ պետք է կատարողական հիմքեր ունենալ: Եվ այդ փորձը ես ունեմ, քանի որ կյանքի բերումով Գերմանիայում եմ ապրում եւ աշխատում»: Նա տեղեկացրեց, որ հունիսին Մոցարտի «Կախարդական սրինգի» հանձնումը կատարվել է, այժմ աշխատում են շտկումների վրա:

Մանրամասները` տեսանյութում:

Նշենք, որ «Կախարդական սրինգ» օպերայի ռեժիսորն է Պաոլո Միչիկեն, բեմադրող դիրիժորը` Հարություն Արզումանյանը: Նաիրե Ստեփանյանը հայտնեց, որ իր բեմադրած «Տոսկայից» հետո էյֆորիայի մեջ էր, ու չէր պատկերացնում, թե այլեւս ինչ կարող է բեմադրել, այժմ ուրախ է, որ Կոնստանտին Օրբելյանն առաջարկել է բեմադրել Բիզեի «Կարմենը»:

Մանրամասները` տեսանյութում:

Անդրադառնալով վերջին շրջանում օպերային թատրոնի վերաբերյալ ոչ նպաստավոր ասեկոսեներին, Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ ինքը ոչ միայն ծրագրեր է ներկայացնում նախարարին, այլեւ դրանք իրականացնում է, գլխավոր դիրիժորի հաստիքը չի վերականգնվելու, այդ հաստիքը բացակայում է մի շարք թատրոններում: Ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի հաստիքների միատեղմանը, Օրբելյանի ձեւակերպմամբ, շատ թատրոններում այն նույն մարդն է զբաղեցնում:

«Ես ասել եմ` պայմանագիրս այդպիսին է, թույլ տվեք աշխատել: Եթե ինչ-որ բան դուր չի գա, խնդրեմ: Իսկ այն, ինչ ես եմ անում, դա առաջին հերթին թատրոնին է անհրաժեշտ: Մենք հսկայական ծրագրեր ունենք իրականացնելու: Եթե 17 տարի առանձնացված ղեկավարության պարագայում 8 նոր ներկայացում կար, որոնցից 4-ը անպիտան, մենք 6 ամսում 6 նոր ներկայացում ունենք»,-ասաց Օրբելյանը: Նա նաեւ հայտնեց, որ բեմադրություն իրականացնելու համար հաճախ իր անձնական գումարներն է ներդնում, նույնն էլ հյուրախաղերի պարագայում:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031