Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանը` Հասմիկ Պապյանի, «տապալված» «Գայանեի» ու կաթող տանիքի մասին

Օգոստոս 30,2018 16:59

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Մեծ թատրոնում մուտք չունեն անգամ ճանաչված ակադեմիական բալետային շատ խմբեր, ու Մեծ թատրոնում կայացած ասուլիսի ժամանակ եւս, երբ թատրոնի տնօրենին հարց են տվել, թե ինչպես է պատահել, որ Հայաստանի օպերային թատրոնի «Գայանեն» իրենց բեմում է, վերջինս պատասխանել է, որ «Գայանեն» «Կարապի լճի» նման այցեքարտային ներկայացում է:

«Եթե «Գայանեն» տապալված ներկայացում լիներ, Մեծ թատրոնի դռներին անգամ մեզ մոտ չէին թողնի, ինչպես շատ-շատ բալետախմբերի թույլ չեն տալիս»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նշեց նաեւ, որ 3 անգամ ավելի քիչ հոնորարով մեր թատրոնի հետ պատրաստվում է որեւէ ներկայացում բեմադրել հանրահայտ խորեոգրաֆ Հայնց Շպյոռլին. «Այնպես է, որ Գրիգորովիչից պակաս չէ»:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը` խոսելով «Գայանեի» շուրջ աղմուկի մասին, ասաց, որ այն հիմք չունի, ու հպարտ էր Մինասի դեկորներով մեր թատրոնի «Գայանեն» ներկայացնել Մեծ թատրոնի բեմում, որտեղ մենակատարները մեծ անձնվիրությամբ էին պարում: Ասաց նաեւ, որ կուլիսներում հազիվ է զսպել արցունքները. «Ախր դա Մինաս էր, Խաչատրյան…»

Դիրիժոր Հարություն Արզումանյանը խոսելով օպերային թատրոնի շուրջ դժգոհություններից, փաստեց, որ ամեն տարի կոնսերվատորիան ավարտում է 30-40 մեներգիչ, եւ բոլորի անհատական կարծիքով իրենք հոյակապ երգիչներ են: Արզումանյանի ձեւակերպմամբ, օպերային թատրոնն ունի ընդամենը 47-46 մեներգչի տեղ, ու բողոքելով կամ հոդված գրելով չէ, որ երգիչը պետք է փաստի իր լավագույնը լինելը: Նա մի օրինակ բերեց. «Օրինակ, Սիրանուշ Գասպարյանը թատրոնի մեներգիչ չլինելով` ապացուցեց, որ բոլորից լավ կարող է երգել այդ պահին «Տոսկա» եւ այժմ հոյակապ կատարում է, ու ինքն էլ հոյակապ երգչուհի է»:

«Մենք ունենք ընդամենը մեկ օպերային թատրոն, իսկ Գերմանիայում կա 74 օպերային թատրոն, Կոմիտասի անվան կոնսերվատորիան էլ տարեկան ավարտում է 30-40 երգիչ, որը 10 տարվա մեջ դառնում է 400»,- նշեց գերմանաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը, ընդգծելով, որ բոլորին հնարավոր չէ տեղավորել:

Կոնստանտին Օրբելյանն էլ հավելեց, որ իրեն հաճախ են դիմում կոլորատուրային սոպրանոներ, բայց ինքն առաջարկում է գնալ Ռուսաստանում երգել, որովհետեւ նրանց ձայնին համապատասխան դերերգեր մեր թատրոնում այլեւս չկան կամ արդեն զբաղված են, ու այժմ օպերային թատրոնը հակված է ավելի շատ, այսպես կոչված, երիտասարդական բեմադրություններ անելու:

Ասուլիսի ժամանակ խոսք գնաց նաեւ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի եւ Կոնստանտին Օրբելյանի հարաբերությունների մասին:

Օրբելյանն ասաց, որ Պապյանին գիտի շատ տարիներ, գովեց նրա «Տոսկան», ասաց նաեւ, որ վերջերս հանդիպել են, միասին գինի խմել, Հասմիկ Պապյանն էլ հրաշալի նամակ է գրել, թե ինչ լավ էր նվագում նվագախումբը, իրեն գալիք նախագծերում եւս հաջողություն է մաղթել: «Այնպես որ, եթե նա ինձ զանգի, մենք կարող ենք հանդիպել, խոսելու ընդհանուր թեմաներ գտնել»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը:

Կոնստանտին Օրբելյանը նաեւ որոշ փակագծեր բացեց, ասաց, որ 2020թ. թատրոնը հյուրախաղերով մեկնելու է ԱՄՆ: Հայտնեց նաեւ, որ Քուվեյթի օպերային թատրոնի բացումը առաջիկայում կկայանա մեր թատրոնի «Կախարդական սրինգ» օպերայով, այդ նշանակալի իրադարձությանը հրավիրել է Էմիրը:

Ինչ վերաբերում է թատրոնի խնդիրներին, Օրբելյանը հիշեցրեց, որ թատրոնի տանիքը կաթում է, շենքը վերանորոգման կարիք ունի, օպերան նաեւ նոր գործիքների խնդիր ունի, իսկ պետությունը փող չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մենք այս օրերին ապրում ենք մի մեծ փոփոխությունների փուլ, որտեղ ուզում ենք ամեն ինչ ունենալ հիմա, այս րոպեին:
    Դա այդպես չի,
    պետք է համբերել, հեռատեսությամբ հարցեր լուծել եւ աշխատել առավլագույն ձեւով ընդգրկել երիտասարդությանը այս նոր գործընթացին:

    ԻՆՉՈՒ ԵՆՔ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ հետ համեմատվում, Հայաստանը ուր, Գերմանիյան ուր…

    Դա չի նշանակում, որ իմ նորավարտ 40 երգիչին ընդհանրապես մոռանամ, այլ գտեք ձեւեր, որ նրանք գոնե նվազագույն փորձ ձեռք բերեն, որ դրսում սկսելուց երախտապարտ լինեն,ոչ թե ասեն թե երկիրը իրնց ոչ մի առիթ չտվեց:
    ՊԵՏՔ Է ԵՐԻՏԱՍԱԴ ՕՊԵՐԱՅԻՆ ԿԱԴՐԵՐՈՎ զուգահեռ պրոֆեսիոնալ ծրագրեր(4 ից 6 համերգային օպերա տարեկան) ոտքի հանել եւ բեմ տալ նրանց, պարատադիր չէ նվագախմբային նվագակցուփյուն, կաեվորը բեմ հասկացողության զզացումն է որ երիտասարդ եգիչը պետք ունի, վստահ եմ Մաէստրօ Օրբելյանը կգտնի միջոցներ այս ուղությամբ, որ շաս մեծաախս առաջարկ չէ…
    Գալով մեր ”Գայանե” ին, միակ տարակարծիքը կածում եմ բալետի քննքադատն էր, եթե մենք քննադատներին շատ լսենք, մեր տան ճանապարհը կմոռանանք…
    Ինչ վերաբերվում է արաբական երկրների հյուրախաղերին, շատ հրապուրիչ չէ երաժշտությունը հավատքի թշնամի ճանաչող հասարակությունից ինչ կարող եք սպսսել, բայց եթե կարողանաք պարտադրել օպերայի շենքի վերանորոգման գումարները այնտեղից բերել, որոշ չափով կարդարացնի այն:
    Կոնստանտին Օրբելյան եւ Հասմիկ Պապյան համագործակցությունը մեծ դրական արդյունքներ կտա մեր երաժշտասեր հասարակոպթյանը…
    Հաջողություն,
    Պետրոս

  2. Anonymous says:

    Օպերայի մասին խոսելիս, միշտ մտածում ենք միակողմանի՝ կատարողի տեսանկյունից: Իսկ ի՞նչ է մտածում մեր հանդիսատեսը: Արդյո՞ք այն ներկայացումները, որոնք կան, հետաքրքրում են այսօրվա երևանցուն կամ հյուրերին: Եթե հետաքրքրեր, բոլոր տոմսերը կվաճառվեր և թատրոնը կբարգավաճեր: Ուրեմն, անհրաժեշտ է նաև, մտածել նոր, այնպիսի երկացանկի մասին, որը գրավի այսօրվա հանդիսատեսին: Այս խնդիրը, իր ժամանակին, գերմանական օպերային արվեստում, փայլուն կերպով լուծեց Գլյուկը: Եկեք հետևենք Գլյուկի օրինակին … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031