Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանցիներ» դաշինքը ինչպե՞ս է զբոսաշրջիկներին համոզելու, որ Երեւանը Հռոմից էլ հին քաղաք է

Սեպտեմբեր 11,2018 22:20

Aravot.am-ի հարցին, թե Երեւանի առավելությունը ներկայացնելիս նշում ենք, որ Երեւանը Հռոմից էլ հին քաղաք է, բայց զբոսաշրջիկը Երեւանում շրջելիս հին Երեւանի հետքն անգամ չի տեսնում: Հին Երեւանի նախագիծն էլ կարծես թե չիրականացավ, Հին Երեւանը վերականգնելու ուղղությամբ ինչ ծրագրեր ունեք, «Երեւանցիներ» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Եղոյանը պատասխանեց.
«Հին Երեւանը նորից վերականգնելու հարցում արդեն շատ ենք ուշացել:

Հին Երեւանից անգամ մեկ քար չի  մնացել, որ մենք այդ քարը դնենք ու կոլորիտը պահպանենք ու այն վերանորոգենք: Մի գուցե կփորձենք՝ մի փոքրիկ փողոց կառուցել: Մեկ-երկու փողոց դեռ կա, որտեղ փոքրիկ հատվածներ կան Հին Երեւանից եւ գուցե փորձենք այդ հատվածները պահպանել: Պետք է այդ հինը քանդելու, տեղում նորը կառուցելու գործընթացը դադարեցնենք, որպեսզի Հին Երեւանի կոլորիտը կարողանանք ստանանք»:

Մեր այն դիտարկմանը, թե այդ տարածքներն արդեն վաղուց իրացվել են եւ սեփականատերեր ունեն եւ նախկին իշխանությունների որոշումներն էլ հետադարձ ուժ դժվար թե ունենան, տիկին Եղոյանն ի պատասխան ասաց, որ ժամանակին Արամի, Բյուզանդի փողոցներում մարդիկ ունեին սեփական տներ, որոնք  պետության կարիքների համար իրացվեցին եւ նրանց ձեռքից վերցրել են, եւ, հիմա, եթե մենք ունենաք նորմալ քաղաքապետ, նորմալ քաղաքային  իշխանություններ, միգուցե կկարողանանք երկրի իշխանության, սեփականատերի հետ գալ կոմպրոմիսի եւ Երեւանի հին կոլորիտը, թեկուզ մի  փոքրիկ թաղամասի տեսքով պահել: «Այդ ամենը հետագա բանակցությունների արդյունքում կարող է լինել»,-ասաց Անահիտ Եղոյանը:

Տիկին Եղոյանը ներկայացրեց «Երեւանցիներ» դաշինքի անելիքներն ու ծրագրերը: Ըստ նրա, այսօր Երեւան քաղաքն ունի ամբողջական ոլորտային խնդիրներ եւ դաշինքը պատրաստվում է դրանց տալ ամբողջական լուծումներ. «Չենք կարող ասել առաջնայինը աղբահանությունն է կամ վերելակների հարցն է, այսօր Երեւան քաղաքն ունի ամբողջական, ոլորտային խնդիրներ: Մենք ունենք մի քանի առաջարկներ: Երեւանի համար հիմա առաջնային խնդիրն այն է, որ Երեւանն ունենա, փորձառու, գրագետ, կիրթ գործից հասկացող, բանիմաց քաղաքապետ ու կարողանա ամբողջովին լուծել ու կարգավորել մայրաքաղաքի խնդիրները»:

Ծրագրային դրույթներից մեկն էլ մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրն է. «Երեւան քաղաքում հիմնելու ենք բաց բաժնետիրական ընկերություն, ոչ միայն տրանսպորտի, այլ նաեւ բոլոր ոլորտների առումով՝ կրթական, նախակրթական, առողջապահության, որտեղ կընդգրկվեն անհատ երեւանցիներ նույնպես: Կլինեն բաժնետերեր եւ ըստ իրենց մասնակցության, իրենք կկարողանան անմիջական մասնակցություն ունենալ Երեւանում առկա խնդիրներին՝ որպես բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր: Այսինքն, եթե տրանսպորտի հետ է  կապված, նա իրավունք ունի տնօրինելու ցանկացած տրանսպորտային խնդիր: Եվ հետո, մենք կփորձենք ազատվել Երեւան քաղաքում գազելներից: Մանկապարտեզների, դպրոցների հետ կապված էլ լուծումներ ունենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այսօր կան մանկապարտեզներ, որոնց մի մասը տվել են ինչ-որ կազմակերպությունների վարձով. «Կարելի է այդ կազմակերպություններին այլ տեղ հատկացնել, պայմանագրերը խզել եւ նախակրթարանները ունենան իրենց նորմալ, երեխաներին համապատասխան միջավայրը»:

Ինչ վերաբերում է բնակարանաշինությանը, ապա դաշինքի ծրագրերն այս հարցում հետեւյալն են. «90-ականներին, երբ արտադրական ձեռնարկություններն օտարեցին, այնտեղ պայմանագիր կար, որ հինգ  տարվա ընթացքում պետք է սեփականատերը կատարեր ներդրում եւ ստանար արտադրանք, բայց այսօր մենք ոչ միայն արտադրանք չունենք, այլեւ հասցեազուրկ արտադրական տարածքներ ունենք, որոնք դատարկ, քանդման ենթակա շինություններ են եւ նպատակին չեն ծառայում: Մենք նախատեսել ենք նման արտադրական ձեռնարկությունները սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում կամ դատական կարգով հետ վերցնել քաղաքապետարանի տիրապետության տակ եւ Երեւան նախագիծ ինստիտուտի հետ համատեղ շենք–շինությունները վերածել բնակելիի եւ համայնքներում գրանցված բնակարան չունեցող քաղաքացիներին հատկացնել՝ որպես սոցիալական բնակարան»:

Մեկ այլ առաջարկ էլ ունեն. Երեւանի քաղաքապետարանում ստեղծել մշտական  հանձնաժողով քաղաքապետարանին կից, որը չի ենթարկվի Լեզվի տեսչությանը եւ որը կուսումնասիրի Երեւանի քաղաքում բոլոր ոչ պետական հիմնարկ ձեռնարկությունների, շենք-շինությունների վրա ոչ հայատառ հայտարարությունները, անվանումները եւ կսահմանի տարեկան հարկ՝ համապատասխան գործող նորմերի:

Այսինքն՝ եթե որեւէ օբյեկտ, ոչ հայատառ հայտարարություն պետք է փակցնի, ուրեմն, դրա համար պետք է տուրք վճարի: Ըստ տիկին Եղոյանի, կենտրոնի համար այլ դրույքաչափ կսահմանվի, ծայրամասերի համար՝ ուրիշ. «Մոսկվա քաղաքի բյուջեի 18-23 տոկոս գոյանում է ոչ ռուսատառ գովազդներից ու հայտարարություններից: Եթե մենք կարողանանք այս հանձնաժողովը ստեղծել, ուրեմն Երեւանի բյուջեն ավելի նորմալ կլինի եւ շատ հարցեր կարելի է կարգավորել այդ գոյացած միջոցներով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930