Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂՁԻ ԿՈՐԻԶԸ

Սեպտեմբեր 14,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսունհինգերորդ

ԴԵՂՁԻ ԿՈՐԻԶԸ

Եվ Խորենը ժամացույցին նայելով ինձ ասաց՝ «մինչեւ մեր թռիչքը չորս ժամ կա» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «չես հասցնի՞ պատմես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կհասցնեմ» եւ, իհարկե, պատմեցի, եւ, ինչպես ենթադրում էի, Ամարյան Վազգենի ու դեղձի կորիզի պատմությունը ներկաների վրա շատ ավելի ուժեղ տպավորություն թողեց, քան՝ Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկի հետ կապված պատմությունն էր թողել, բայց Վազգենի ու դեղձի կորիզի պատմությունը հիմա ձեզ համար չեմ պատմի՝ էն պարզ պատճառով, որ էդ պատմությունն էս վեպիս շրջանակներում մի անգամ արդեն պատմել եմ, եւ, դրանից էլ բացի, Ամարյան Վազգենի ու դեղձի կորիզի էդ պատմությունը ժամանակին Նիկոլի թերթում որպես առանձին պատմվածք էլ եմ տպագրել՝ «Դեղձի կորիզը» վերնագրով, եւ չնայած հասկանում եմ, որ ձեզանից քչերն են էդ պատմությունը կարդացել, այդուհանդերձ, դա ինձ հիմք չի տալիս, որ էդ պատմությունը նորից պատմեմ, իսկ ինչ վերաբերում է Գալշոյան Մուշեղի ու Ֆրունզիկի պատմությանը, հասկանում եմ, որ ձեր համբերությունն էլ չարաշահեցի՝ ինչպես որ էն գիշեր Խորեն Աբրահամյանի համբերությունն էի չարաշահում, եւ սկսելով՝ պիտի ասեմ, որ էդ պատմությունը հետեւյալն է. ութսունականների սկզբներին Գրողների տան մեծ դահլիճում տեղի ունեցավ Ֆրունզիկ Մկրտչյանի եղբայր Ալբերտ Մկրտչյանի «Ծաղկած քարեր» վերանագրով գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել էր Մուշեղ Գալշոյանի «Բովտուն» վեպի հիման վրա, եւ էդ պրեմիերային ես ու Ռոլանդն էլ էինք Գալշոյանի հրավերով ներկա, եւ Ֆրունզիկ Մկրտչյանն էլ էր ներկա՝ ոչ միայն էն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորն իր հարազատ եղբայրն էր, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ ինքը՝ Ֆրունզիկ Մկրտչյանն էր ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորել, եւ էդ կերպարը, որ վեպում չկար, Ալբերտի առաջարկով Գալշոյանն էր սցենարում ավելացրել, եւ դա սփյուռքահայ  սասունցու կերպար էր՝ շլյապայով ու  ինտելիգենտ, դպրոցի ուսուցիչ, եւ Ֆրունզիկ Մկրտչյանի կերտած էդ հերոսը ֆիլմում միակն էր, որ ոչ թե սասունցու բարբառով էր խոսում, այլ՝ մաքուր գրական հայերենով, եւ, ուսուցչությանը զուգահեռ, իր օգտակար խորհուրդներով լիարժեք մասնակցում էր Թալինի շրջանում ծավալված սոցիալիստական շինարարությանը. մի խոսքով՝ Մանարյանի Ալամեզոնի պես մի կերպար, եւ Ֆրունզիկ Մկրտչյանի կերտած էդ մտավորական ու սփյուռքահայ սասունցին միանգամայն սրտանց ու անմնացորդ էր մասնակցում Թալինի շրջանում ծավալվող  սոցիալիստական շինարարությանը, որովհետեւ Թալինի շրջանն օրրանն էր ծագումով Սասունցիների:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել