Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պաշտոնյայի բացահայտումը. ՀՀ ԱԱԽ-ում խոստովանել են, որ Ռուսաստանը չի վստահում ՀՀ-ին

Սեպտեմբեր 26,2018 13:15

Միջազգային և անվտանգության հարցերի փորձագետ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական, ռուսաստանաբնակ Վլադիմիր Պողոսյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի կենտրոնի տեսակապի միջոցով լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակին՝ ասելով, որ խնդիրներ է տեսնում: «Ամեն ինչ կախված է ոչ այնքան ռուսական, որքան՝ հայկական կողմից»,-ընդգծեց նա, ապա որպես օրինակ բացահայտեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամներից մեկի հետ զրույցը: Պաշտոնյայի անունը Պողոսյանը չհնչեցրեց:

«Զրույցի ընթացքում ասացի՝ «հիմա բավականին կոշտ եք խոսում Ռուսաստանի հետ, հասկանում եմ՝ դա ձեր հպարտության հետ է կապված, մինչդեռ չի կարելի ՌԴ-ի հետ կոշտ խոսել: Ցույց եք տալիս, որ ձեր սուվերենության մի մասն եք ուզում վերադարձնել, բայց դա պետք չէ հանրային կերպով անել, այլ՝ դեմ առ դեմ զրույցների ժամանակ: Ռուսաստանի կողմից ձեր հանդեպ վստահություն չկա, ես դա գիտեմ»: Ինձ ի պատասխան ասացին՝ «մենք էլ գիտենք դա»: Ասացի, որ ձեր թիմում բրիտանական եւ ամերիկյան դիպլոմներ ունեցողներ կան, դուք այլ անձանց ներս չեք թողնում: Բարդ կլինի ՌԴ-ի հետ երկխոսություն գտնել, եթե ԱԱԽ-ում նշյալ մտածելակերպով մարդիկ են աշխատում: Քանի դեռ նրանք ունեն այն մոտեցումը, որ իրենց թիմում պետք է լինեն միայն իրենց հետ փողոցում քայլածները, ՌԴ-ի հետ հարաբերություններում վստահություն չի լինի»:

Վլադիմիր Պողոսյանի բնորոշմամբ՝ Փաշինյանն իր թիմում պետք է ունենա այնպիսի գիտակ մարդկանց, որոնք կհուշեն՝ ինչպե՞ս քաղաքական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ. «ՀՀ-ում կան մարդիկ, որոնք կարող են օգնել Փաշինյանին: Նման կոշտ ձեւով անգամ ԱՄՆ-ն չի խոսում Ռուսաստանի հետ»:

Պողոսյանը նաեւ ասաց՝ եթե ինքը քննադատում է, դա չի նշանակում, թե դեմ է Նիկոլ Փաշինյանին:

Նախկին պաշտոնյան նաեւ նշեց, որ ՀՀ իշխանությունը չպետք է լռի, երբ «Սասնա ծռերն» ազատ են արձակվում եւ հակառուսական հայտարարություններ անում. «Իշխանությունը պետք է կտրուկ արձագանքի: Այստեղ էլ (նկատի ունի՝ ՌԴ-ում) չեն հասկանում՝ ինչո՞ւ են նրանց ազատ թողնում: Ո՞ւմ եւ ինչո՞ւ են պետք նրանց հայտարարությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930