Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի թիմը շտապում է, որովհետեւ ապրիլ-մայիսին վարկանիշի անկում է ունենալու». փորձագետ

Սեպտեմբեր 26,2018 17:45

«Որքան գիտեմ՝ ընտրությունները բավականին մաքուր են անցել, բայց տեսնում եմ նաեւ խնդիրներ: Ինձ համար տարօրինակ է, որ քարոզարշավի ընթացքում հնչեցին ներքին քաղաքական կարգախոսներ, չէ՞ որ դրանք ԱԺ կամ նախագահական ընտրություններ չէին»,-«Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի կենտրոնի տեսակապի միջոցով լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասաց միջազգային և անվտանգության հարցերի փորձագետ, 1991-1993թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդատու Աշոտ Մանուչարյանի օգնական, ռուսաստանաբնակ Վլադիմիր Պողոսյանը:

Նրա խոսքով. «Իրականում մարդիկ ավելի շատ քվեարկել են ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին, այլ պարզապես վարչապետի վարկանիշն է օգտագործվել: Իսկ առհասարակ, այս ընտրությունները վարչապետի համար կարեւոր էին՝ ՀՀԿ-ին ցույց տալու համար, որ վստահության քվե ունի: Իհարկե, ՀՀԿ-ն ստացավ հնարավորություն ասելու, որ՝ կներեք, տղաներ, բայց 43 տոկոս մասնակցությունը մեծամասնություն չէ»:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների շուրջ բանակցությունների միջով համաձայնության գալու վարչապետի հայտարարությանը, Վլադիմիր Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ շտապել պետք չէ. «Խոսվում է, որ գուցե նոյեմբերին կայանան ԱԺ ընտրությունները, բայց ինչո՞ւ այդպես հապճեպ…ընտրությունները պետք է կայանան ոչ շուտ, քան կես տարի հետո, որպեսզի մյուս քաղաքական ուժերն էլ նախապատրաստվեն: Իշխանությունը հասկանում է, որ մյուս տարվա ապրիլ-մայիսին վարկանիշի անկում կունենա: Փաշինյանի թիմը շտապում է, որովհետեւ պատրաստ է, բայց մյուս կուսակցությունները չեն հասցնի պատրաստվել»:

Պողոսյանի բնորոշմամբ՝ եթե Փաշինյանին հաջողվի բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության գալ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, դա Հայաստանը հեռու կպահի քաղաքական ճգնաժամից, իսկ եթե ՀՀԿ-ն այլ վարչապետի ընտրեց (ըստ օրենքի՝ ԱԺն պետք է երկու անգամ վարչապետ չընտրի, որպեսզի լուծարվի), մարդիկ նորից դուրս կգան փողոց, ինչը տնտեսությանը նշանակալի հարված կհասցնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930