Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ալավերդու պղնձաձուլական գործարանը կդադարեցնի իր գործունեությունը, որի արդյունքում մոտ 700 աշխատակից կդառնա գործազուրկ: Այս հանգամանքն առաջացրել է գործարանի աշխատակիցների դժգոհությունը:
Այսօր կեսօրից գործարանի աշխատակիցները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթգիծը: Նրանք պահանջում են, որպեսզի գործարանը շարունակի աշխատել:
Ալավերդու «Համայնքային աջակցման ու համախմբման» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ ոք հստակ չգիտի, թե որն է գործարանի փակման պատճառը: Նա նշեց, որ շրջանառվում է մի քանի վարկած. «Դրանցից մեկն այն է, որ շրջակա միջավայրի պահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է իրականացրել եւ ավելի քան 380 մլն դրամով տուգանել է գործարանին շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար: Երկրորդ տարբերակն այն է, որ քանի որ գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում, հնարավոր է, բանկն այն գրավի դիմաց վերցնում է, ինչպես դա եղավ «Թեղուտի» հետ: Կա նաեւ այն տեսակետը, որ գործարանն ունի որոշակի խնդիրներ, կապված արտադրանքի եւ արտանետումների ծավալի հետ: Գործարանի ներկայացուցիչները հանրային լսումների ժամանակ նշել էին, որ չեն կարող հստակ նորմաները պահպանել՝ կապված տեխնոլոգիաների հնության եւ իրենց արտադրական ծավալի հետ: Եվ իրենք ուզում էին, որպեսզի կառավարությունը բարձրացնի թույլատրելի արտանետումների սանդղակը: Հնարավոր է, որ նաեւ այս քայլով գործարանն ուզում է, որ կառավարությունն ուշադրություն դարձնի իր խնդիրներին, եւ որոշակիորեն իր պայմաններն առաջ քաշի»:
Ցուցարարները նախատեսել էին ճանապարհը փակ պահել մինչեւ 17:00-ն, սակայն նրանց է հանդիպել Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, որից հետո աշխատակիցները բացել են ճանապարհը: Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ ցույցի մասնակիցները վճռական են տրամադրված, եւ իրենց բողոքն այսքանով չի ավարտելու: Նրա խոսքով՝ շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ հստակ չիմանան գործարանի փակման պատճառը. «Այն որ բնապահպանական խնդիրներ կան, եւ այն, որ Ալավերդիում բնապահպանական աղետ է , դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայց նաեւ հստակ էր այն, որ Ալավերդիում չկար հանրության որեւէ մաս, որը պահանջում էր գործարանը փակել: Նրանք պահանջում էին, որպեսզի գործարանը միջոցառումներ իրականացնի, որոնք կնվազեցնեն արտանետումները: Այս պահին ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ պայքարում են, բայց չգիտեն, թե ում դեմ՝ կառավարության, գործարանի, մարդկանց՝ որոնք բնապահպան են, թե ո՞ւմ դեմ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: