Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գալստյան. «Շանտաժով խոսել ՀՀ քաղաքացիների կամ կառավարության հետ չի կարող դեմոկրատական երկրի դեսպանի գործելաոճը լինել»

Հոկտեմբեր 11,2018 19:15

«Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, չի հետաքրքրում այլ երկրի դեսպանի կարծիքը կամ հորդորները: Ազնվորեն եմ ասում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ Լեւոն Գալստյանն՝ ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Ամուլսարի հանքի վերաբերյալ արված հայտարարությանը:

Միլսը Հայաստանի հանրապետությունում ավարտում է իր առաքելությունը: Նա հանդես է եկել զեկույցով, անդրադարձել է նաեւ Ամուլսարի ծրագրին, նշելով՝ «Մտահոգություններ ունեմ Ամուլսարի ծրագրի հետ կապված: Սա եզակի արեւմտյան ներդրում է Հայաստանում՝ շուրջ կես միլիարդ դոլարի ներդրում, որը էական տնտեսական օգուտներ է բերում համայնքներին: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն»:

Դեսպանը նաեւ ասել է՝ «Ներդրողները չեն հասկանա, եթե կառավարությունն առանց իրավական հիմքերի, միայն մի փոքր խումբ մարդկանց բողոքների, թեկուզ եւ անկեղծ բողոքների հիման վրա որոշի փակել ծրագիրը…Անկեղծ կլինեմ՝ եթե այս հարցը արագ չկարգավորվի, կարող է ազդել Հայաստանի տնտեսական գրավչության վրա: Հորդորում եմ կառավարությանը արագ գործել եւ ապահովել, որ Հայաստանի ապագան տնօրինվի օրենքի եւ իրավունքի գերակայության եւ պատշաճ ընթացակարգերի համաձայն»:

Լեւոն Գալստյանն այն կարծիքն ունի, որ Ամուլսարի խնդիրը, ավելի ճիշտ՝ հանքի չշահագործելը չպետք է ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության գրավչության վրա:

«Եվ ինքն ո՞վ է ընդհանրապես, ԱՄՆ դեսպանն ի՞նչ կապ ունի, որ հորդորներ անի ՀՀ կառավարությանը»,-ասաց Գալստյանը:

Մեր դիտարկմանը՝ խոշոր ներդրում է մեր երկրում, տնտեսական շահ կա, եւ եթե այս ներդրումը խոչընդոտվի, սա կարող է հետեւանք ունենալ օտարերկրյա ներդրումների վրա, Լեւոն Գալստյանն այսպես արձագանքեց. «Չնայած չեմ ուզում մեկնաբանել մի խոսակցություն, որն, ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, արժեք չունի, ու մնացած այլ երկրների դեսպաների հորդորներն էլ, որպես բնապահպան մարդու՝ ինձ չեն հետաքրքրում՝ ո՛չ տնտեսական հիմնավորումները , ո՛չ մնացածը: Ինքը հազար բան կարող է ասել: Շանտաժով խոսել ՀՀ քաղաքացիների կամ կառավարության հետ դա չի կարող, այսպես կոչված, դեմոկրատական երկրի դեսպանի գործելաոճը լինել: Դեմոկրատիայից խոսող երկրների դեսպաններն այդպիսի տոնով չեն խոսում»:

Պարոն Գալստյանը կասկածի տակ է դնում, թե Միլսը ամբողջությամբ տիրապետում է Ամուլսարի խնդիրներին. «Ինքն ի՞նչ գիտի՝ այդ իրավական գործողությունները ճի՞շտ են եղել, թե՝ ոչ, կամ թույլատրվություն է տրվել ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմի կողմից: Իր կարծիքով ամեն ինչ օրինականությա՞ն սահմաններում է եղել: Եթե իրավունքից, օրինականությունից է խոսում, ուրեմն՝ իրավական պետք է լինի բոլոր դաշտերում ՝ ի՞նչ է եղել մինչեւ հիմա, ոչ թե՝ հետո ինչ կլինի: Մինչեւ հիմա 15 տարվա ընթացքում օրինակա՞ն է եղել»:

Գալստյանի խոսքերով եւ իր բնութագրմամբ՝ ՀՀ ընդերքի ոչնչացման ու ընդերքի շահագործման ու թալանի ծրագիրն իր համար, որպես բնապահպանի, չի կարող ներդրում համարվել:

«Այդ տարածքում ոչ մի հանք չպետք է շահագործվի, ու կապ չունի դա որ երկրի ներդրում է, ինչ ներդրում է, ինչ մեթոդով է շահագործվում, ինչ չափանիշներով ու տեխնոլոգիաներով: Այդ տարածքն այնպիսին է, որ այդտեղ հանքավայրի շահագործումն անթույլատրելի է: ԱՄՆ դեսպանը, եթե մի քիչ պատկերացում ունենար ժողովրդավարությունից, կհասկանար՝ առանց տեղի ժողովրդի համաձայնության եւ կարծիքը հաշվի առնելու, խոսքը Ջերմուկի մասին է (բնակիչների կարծիքը 2006-2016 թվականներին չեն հարցրել), հանքի շահագործումը չէր կարելի թույլ տալ: Միայն սա բավական է, որ հանքը չշահագործվի, եթե անգամ մնացած հարցերը դնենք մի կողմ: Կարեւորագույն քաղաքի բնակիչների կարծիքը չեն հարցրել, հանրային քննարկում չի եղել: Ժողովրդավարական երկրի դեսպան այս մասին տեղյակ չէ՞»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031