Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր մնաց Իլհամ Ալիեւի խոստումը Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 19,2018 15:30

Ըստ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի՝ այս պահին էլ Ադրբեջանն առաջնագծում ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, եւ դրանք ընթացիկ աշխատանքներ չեն:

– Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաեւ երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարեւոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, օպերատիվ կապի հաստատումն է եղել։ Այդ պայմանավորվածությունից հետո սահմաններում լարվածության թուլացում գրանցվե՞լ է: Համենայնդեպս, նման արձանագրումներ արվեցին նաեւ Մոսկվայում եւ Բաքվում:

– Եթե խոսենք հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ապա միգուցե մի քանի օր այդ խախտումների թիվը նվազել է, բայց ես դա ոչ մի դեպքում առաջնագծում լարվածության կամ Ադրբեջանի ակտիվության հետ չէի կապի: Այս պահին էլ Ադրբեջանն առաջնագծում ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, նոր ենթակառուցվածքներ են կառուցում, կահավորման աշխատանքներ տանում: Կրկնում եմ՝ այն, ինչի մասին խոսում եմ, դրանք ընթացիկ աշխատանքներ չեն:

Տպավորություն ունեմ, որ լարվածության նվազման իմիտացիայի ներքո, եթե ոչ՝ վաղը, ապա մի որոշ ժամանակ հետո այս «դադարը» եւս մեր դեմ է օգտագործվելու: Համոզված եմ, որ ինչպես ԱՊՀ գագաթնաժողովի, այնպես էլ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները Ադրբեջանը չի պահելու, ուղղակի ժամանակ շահելով՝ հետեւողականորեն գնում է դեպի իր գլխավոր նպատակի իրագործում:

– Այս պարագայում ո՞րն էր իմաստը Ալիեւի հետ հանդիպելու, զրուցելու, առավել եւս՝ պայմանավորվածություն ձեռք բերելու:

– Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները խնդիրները երկխոսելու, բանակցելու ճանապարհով կարգավորելու համար. չեմ կարծում, որ բոլոր հնարավորությունները սպառված են եւ իմաստ չուներ Ալիեւի հետ առհասարակ խոսել:

– Անցյալ շաբաթ Իլհամ Ալիեւը Հայաստանի նոր իշխանություններին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու մեջ, ասաց, որ Հայաստանը փորձում է բանակցությունների ձեւաչափ փոխել: Առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան: Կհաջողվի՞ ի վերջո վերսկսել բանակցությունները:

– Ադրբեջանն ինչ-որ փուլում փորձելու է ցույց տալ, իսկ դրա նախանշաններն արդեն տեսանելի են, որ հայկական կողմերն են մեղավոր ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման մեջ: Դա շատ ակնհայտ է, ավելին՝ չի բացառվում, որ առաջնագծում Ադրբեջանը սադրանքի կգնա՝ փորձելով վերագրել հայկական կողմերին. դրա հիմքերը եւս որոշակի պարբերականությամբ նկատելի են սահմանագծին:
Մեր գլխավոր խնդիրը, բնականաբար, բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումն է, իսկ ակնկալիքները համանախագահների այցից՝ Ադրբեջանին ինչ-որ ձեւով կառուցողական դաշտ վերադարձնելը:

– Ռուսական մամուլը գրեց ԼՂ կարգավորման «Շոյգուի պլանի» մասին: Ի՞նչ է դա: Հարցի կարգավորման նոր առաջարկնե՞ր են շրջանառվում:

– Ծանոթ իրավիճակ է, մամուլը դեռ շատ փաստաթղթեր կտանի ու կբերի, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Եվ վերջապես՝ ո՞ւմ առաջարկեն, ինչի՞ համար. ինչի՞, առաջարկողները չգիտե՞ն, որ կողմերից մեկը, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը, ցանկություն էլ չունի լսելու, այդ ուղղությամբ շարժվելու համար:

– Արցախի հարցի կարգավորման մասով վերջերս ակնհայտ ակտիվություն է ցուցաբերում նաեւ ամերիկյան կողմը. նախ ԱՄՆ նախագահը խոսեց հարցի մոտալուտ կարգավորման հնարավորությունների մասին, հետո ԱՄՆ պետդեպն արձանագրեց, որ բանակցություններում առաջընթաց կա:

– Ես չգիտեմ, թե ինչ հեռանկարների կամ առաջընթացի մասին է խոսվում, միայն մի բան կարող եմ արձանագրել՝ լավատես կարելի էր լինել այն դեպքում, եթե նվազագույնն Ադրբեջանը խոսուն քայլեր աներ երկխոսություն սկսելու, եւ հիմքեր ստեղծվեին Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու համար:

– Թավշյա հեղափոխությունից հետո ակտիվացան խոսակցությունները հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման մասին: Որքանո՞վ են արդիական այդ հնարավորությունները, դրանց դիմագրավելու մեր ռեսուրսն ինչպիսի՞ն է:

– Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը տարբեր փուլերում տարբեր աստիճանի ռիսկեր է պարունակում: Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանն առաջնագծի տարբեր ուղղություններով զորքերի հսկայական տեղաշարժեր էր սկսել, թիկունքային զորամասերից ռազմական տեխնիկա եւ մարդկային ուժ էր տեղափոխում սահմանագիծ, ինչի վերաբերյալ Արցախի պաշտպանության բանակը մի քանի անգամ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ:

Մեծ առումով, այնպես չէ, որ Ադրբեջանի նպատակը՝ իրավիճակը էսկալացիայի տանել, միայն այդ փուլում է դրսեւորվել: Էլ չեմ ասում, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները եւս հուշում են, որ խնդրի ռազմական լուծումը եղել ու մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության օրակարգում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

18.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031