«Այս ընտրություններով մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ հնարավոր է կազմակերպել և անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքները կասկած չեն հարուցի։ Կարևոր չէ՝ հանրությունը գիտակցաբար, թե անգիտակցաբար է ընտրություն կատարել, կարևորն այն է, որ նրա կամքն ազատորեն արտահայտվել է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։
Նա չշտապեց գնահատական տալ նորընտիր պատգամավորներին, ասաց՝ ճիշտ կլինի, որ նոր խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ դատողություններ անել առնվազն մեկ տարի անց. «Գուցե սկզբում չունենանք խորհրդարանական աշխատանքի նրբությունների տիրապետող թիմ։ Սակայն կարևոր է լինելու տեսնել՝ արդյոք նոր ԱԺ-ն սովորելու ցանկություն ունենալո՞ւ է, թե՝ ոչ»:
Թե նոր խորհրդարանում որ ուժը կլինի ընդդիմադիր, Թեւան Պողոսյանն ասաց՝ միայն իրավիճակային հարցերը կբացահայտեն՝ որ ուժն է տվյալ պահին ընդդիմադիր։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Թևան Պողոսյանն ասաց՝ Արցախը որևէ մեկի գրպանում չէ, որ կարողանա այն ինչ-որ մեկին տալ. «Եթե միասնական չլինենք, լուծումները մեր երազածը չեն լինի։ Համոզված եմ, որ չարժե շտապել և թևաթափ լինել, քանի որ Ադրբեջանն իր հերթին փորձում է առաջ տանել իր շահերը»:
Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ հայտարարությանը բանախոսն այսպես արձագանքեց. «Հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ Թուրքիայում կլինեն իշխանություններ, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կհասկանան, որ չի կարելի խուսափել պատասխանատվությունից։ Կգա մի ժամանակ, երբ Թուրքիան առանց նախապայմանների կբացի սահմանները, և հարաբերությունների որոշակի գործընթաց տեղի կունենա։ Որ վայրկյանին Թուրքիան հասկանա, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար հսկայական գումարներ պետք է ծախսի, վստահ եմ՝ կգնա ճանաչման»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Չե՞ք կարծում,որ 1 տարի փորձաշրջանը՛դա առաջին դասարանցիների համար է: Երբ կանգնած էս անդունդի եզրին և երկիր է դատարկվում ու մտածում էս քո վորովայնի մասին ապա 1 տարին շատ քիչ է՝ դե պահը եկել է… Օգտագործելով օրենք և աշխատասիրություն՛կտեսնենք որ նույնիսկ վարկյաններն են ափսոս: