Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Վասիլյան. «Նետաձիգներին ստիպված ենք լինելու մարզավիճակում պահել առավելապես ուսումնամարզական հավաքներով»

Փետրվար 03,2019 18:30

Կայացավ նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը: Մասնակցեց 44 մարզիկ,  12-ը՝ կին: Նրանք մրցեցին 18×18 մետր վարժությունում: Հաղթողների եռյակները կազմեցին:

Տղամարդիկ` 1. Վասիլ Շահնազարյան, 2. Վիգեն Սմբատյան, 3. Գեւորգ Հազարումյան:

Կանայք` 1. Մերի Մխաջրջյան, 2. Իրինա Գրիգորյան, 3. Մանե Սահակյան:

Մերի Մխաջրջյանը լրացրեց նաեւ սպորտի վարպետի նորմա: Նետաձգության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սա մրցաշրջանի մեր առաջին պաշտոնական մեկնարկն է: Առաջնության արդյունքներով կընտրվեն հավաքականի թեկնածուները, որոնք կնախապատրաստվեն տարվա կարեւոր մրցումներին, որոնք նախաօլիմպիական այս տարում քիչ չեն: Առաջինը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է փետրվարի 25-ից մարտի 2-ը: Դրանից առաջ մենք Բաթումում 15-օրյա հավաք կանցկացնենք եւ կմեկնենք մրցավայր: Ապրիլին Ռումինիայում Եվրոպայի գավաթն է, որտեղ կորոշվի, թե ովքեր հանդես կգան Մինսկի Եվրոպական ամառային խաղերում: Մայիսին կրկին Թուրքիայում աշխարհի գավաթի խաղարկություն կա: Դրանից հետո Լեհաստանում համատեղ հավաք կանցկացնենք տեղի հավաքականի հետ, որին կհաջորդի աշխարհի առաջնությունը Հոլանդիայում: Այնտեղ խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր»:

Հետաքրքրվեցինք, թե Տոկիո 2020-ի մասնակցության ի՞նչ հույսեր կան: «Հաջողություններ մենք պարբերաբար ունենում ենք: Բայց ամեն բան կախված է միջազգային մրցումների մասնակցելու քանակից, իսկ դա պայմանավորված է ֆինանսներով, ինչի պակաս ունենք: Օրինակ, այս տարի մեր բյուջեն 14-ից իջեցվել է 12 միլիոն, մինչդեռ, մենք պլանավորել էինք շուրջ 30 մրցման մասնակցել: Ստիպված ենք լինելու մարզիկներին մարզավիճակի բերել գերազանցապես  հավաքներով»,-ասաց գլխավոր մարզիչը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728