Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտի՞ արդյոք Ալեն Սիմոնյանը, որ «Մեր Հայրենիք» երգելով իր պապերը հաղթել են Սարդարապատում և կերտել Անկախ Հայաստան». Ավետիք Իշխանյան

Փետրվար 21,2019 15:18

Նախկին «Ղարաբաղ 2» կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայն չէ «Իմ քայլը» դաշինքի անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հիմնավորումների հետ, որոնք վերջինս բերում է`բացատրելով Հայաստանի օրհներգը փոխելու իր նախաձեռնությունը: Դրանցից մեկն այն է, որ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը վերնագրված է «Իտալացի աղջկա երգ» եւ դա կապ չունի մեզ հետ: Սա Ավետիք Իշխանյանը համարում է «շատ պարզունակ մտածողություն», քանի որ Նալբանդյանի հենց այդ բանաստեղծությունն ազգային ոգու բարձրացման գործում մեծ դեր է կատարել:

Օրհներգի երաժշտության վերապահումների հետ կապված էլ, մեր զրուցակիցն ասում է, օրինակ, իր կարծիքով, ամենախրոխտ հիմնը կարելի է համարել Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերայի «Լեբլեբիջիների երգը». «Բայց ի՞նչ, ես դա դնեմ մտքիս, որ գամ իշխանության ու փոխե՞մ»:

«Հիմնի եւ տեքստը, եւ երաժշտությունը հավանել կամ չհավանելը, այն համեմատելը այլ, մասնավորապես, Արամ Խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ հիմնի մեղեդու հետ, ընդունենք, որ ոչ թե քաղաքական, այլ զուտ ճաշակի հարց է։ Եթե այդպես է, ապա արդյոք պարոն Սիմոնյանը ցանկանում է իր ճաշակը պարտադրել ոչ միայն Հայաստանին, այլեւ ողջ հայ ժողովրդին։ Իհարկե, նա կպնդի, թե սա ոչ թե պարտադրելու է, այլ քննարկելու, համոզելու և եթե, և այլն և այլն․․․»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Բայց որքան էլ խոսենք ճաշակի, Խաչատրյանի մեծության, ՀԽՍՀ հիմնի խրոխտության եւ այլնի մասին, ամեն դեպքում, հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհրդանշական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին։ Իսկ «Մեր Հայրենիքի» տեքստը Միքայել Նալբանդյանինն է՝ հայ ժողովրդի ազատության խորհրդանիշ բանաստեղծի»։

Ավետիք Իշխանյանը չի ցանկանում մանրամասն անդրադառնալ հայտնի ճշմարտություններին, որ պետության խորհրդանիշներն այն ավանդույթներն են, որոնց փոփոխությունների համար շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ, այնպիսիք, ինչպես եղավ 1990 թվականին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունելով։ Բայց հարկ է համարում մեկ հարց ուղղել Ալեն Սիմոնյանին. «Գիտի՞, արդյոք Ալեն Սիմոնյանը, որ «Մեր Հայրենիք» երգելով իր պապերը հաղթել են Սարդարապատում և կերտել Անկախ Հայաստան։ Ալեն Սիմոնյանը իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է, ոչ թե խորհրդային, այլ արդեն Անկախ Հայաստանում։ Հավանաբար, նա չի պատկերացնում, թե ի՞նչ էր անկախության երազանքը, երբ արգելված էր եռագույնը, գերբը, «Մեր Հայրենիքը»։ Չի պատկերացնում գաղտնի և կիսագաղտնի հավաքները, երբ ընկերներով հուզմունքով երգում էինք «Մեր Հայրենիքը», իսկ անկախությունը թվում էր այնքան անհասանելի․․․»

Ավետիք Իշխանյանը չի բացառում, որ օրհներգի փոփոխությունն Ալեն Սիմոնյանի համար ընդամենը ինքնահաստատման հարց է. «Հավանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը հավերժ մնա հայոց պատմության մեջ»։ Բայց  օրհներգի փոփոխության հետ կապված, մեր զրուցակիցն ավելի լուրջ կասկածներ ունի: Այս համատեքստում, պատասխանելով հարցին`ՔՊ-ում եւ «Իմ քայլում» միանձնյա առաջնորդության խնդիրն ի նկատի ունենալով, արդյոք, Ալեն Սիմոնյանն այդքան կհամառեր այս գործընթացում, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Այո, նախ սա բավական կասկածելի է: Երկրորդ`ես հիշեցի նախընտրական շրջանում Սասուն Միքայելյանի հայտնի ասույթը, որ հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան արցախյան հաղթանակները: Արդյոք նոր իշխանության, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի մտքին կա՞ Ալեն Սիմոնյանի ձեռքով փոխել հիմնը`նոր հիմնի տողերում էլ ավելացնել 2018-ի հեղափոխությունը, որն, իրենց կարծիքով, ավելի կարեւոր էր, քան ՀՀ անկախությունն ու Սարդարապատի հաղթանակը`«Մեր հայրենիքով»: Նրանք ցանկանում են այդպիսով ներկայացնել, որ հայոց պատմության ամենակարեւոր դիպվածը եղել է 2018-ի հեղափոխությունը: Ես չեմ զարմանա, որ հիմնում լինի նաեւ Նիկոլ Փաշինյան անունը, «քայլ արա», «դուխով» սիմվոլները, որոնք կխորհրդանշեն հեղափոխությունը: Իրենց անունը փորձում են դարձնել պատմական`Հայաստանի հիմնում ամրագրելով»:

Ավելին, Ավետիք Իշխանյանի կարծիքով, նոր օրհներգի տեքստն արդեն պատրաստ է, մնացածը`մրցույթ եւ այլն, ձեւական բնույթ են կրելու: Այս իմաստով նա, ցավով է արձանագրում նախորդ իշխանության մեղքը, որ օրենքով կարելի է նման փոփոխություններ անել: Իսկ բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլի» համար դա որեւէ խնդիր չի ներկայացնում:

«Գլխապտույտ հաջողություններն ու փառասիրությունն իրենց հանգիստ չի տալիս»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Նա մեկ այլ վտանգավոր միտում էլ է արձանագրել` Նիկոլ Փաշինյանին համատարած հաճոյանալը եւ երկրպագությունը, ինչը երեւաց կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հեղափոխականը նա է,ով անցյալը ջնջում է….ապագան էլ չի ստեղծում….

  2. Նարեկ says:

    Արամ Խաչատրյանի գրած օրհներգի հնչյունների տակ են նվաճումներ ենք ունեցել: Իհարկե ոչ պետություն կառուցելու մեծության:

    Ասա կեղծ թեմա է, հեղափոխականները փորձում են մարդկաց ուշադրությունը շեղել իրենց ապաշնորհությունից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728