Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանական կողմից առաջարկվող «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը Բաքվի կողմից ստեղծված արհեստական օրակարգ է` Ժնևյան կոնվենցիաների և դրա լրացուցիչ արձանագրությունների խախտմամբ

Մայիս 03,2019 18:11

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը tert.am գործակալությանը

Հարց՝ ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը: Նա իր այս հայտարարության մեջ հիշատակել էր նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։

Հնարավո՞ր եք համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը՝ հաշվի առնելով, որ Արցախում են գտնվում 2 ադրբեջանցի դիվերսանտներ, որոնք մեղադրված են ծանր հանցագործությունների մեջ, և Ադրբեջանում են գտնվում Հայաստանի և Արցախի գերեվարված քաղաքացիներ։

Պատասխան՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջպետական հակամարտության ընթացքում պաշտոնական Ստեփանակերտի համաձայնությամբ եղել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և պատանդների փոխադարձ ազատ արձակելու դեպքեր։ Որպես օրինակ կարող ենք նշել, որ 1996 թ. մայիսին ռուսական կողմի նախաձեռնությամբ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն իրականացրեցին ռազմագերիների և պատանդների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Արցախը և Հայաստանը Ադրբեջանին հանձնեցին 71 անձանց, իսկ ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 39: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հանձնված հայ պատանդների մեծամասնությունը որևէ առնչություն չունեին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ: Նրանց շարքում կային անձինք, որոնք տարանցիկ կերպով էին հայտնվել Ադրբեջանի տարածքում և պատանդ վերցվել: Որպես օրինակ՝ Բաքվի օդանավակայանում Վրաստանի երկու քաղաքացիներ՝ հայկական ծագումով Վիլիկ Օգանեսովին և Արտավազ Միրզոյանին պատանդ վերցնելու դեպքն էր, որը քննվել է կամայական ձերբակալման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կողմից: 1993 թ. սեպտեմբերի 28-ին ընդունված 31/1993 որոշման մեջ ՄԱԿ-ի աշխատանքային խումբը նշեց, որ նրանց ձերբակալումը զուրկ է որևէ իրավական հիմքից և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի խախտում է:

Նշենք նաև, որ 1996 թ. մայիսին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումից հետո՝ հաջորդած տարիներին, գերի ընկած ադրբեջանցի զինծառայողներին կամ պատահաբար սահմանն անցած քաղաքացիական անձանց Արցախի իշխանությունները միակողմանի կարգով նրանց համաձայնությամբ ԿԽՄԿ միջոցով փոխանցել են ադրբեջանական կողմին։

Քանի որ ներկայումս Արցախի տարածքում չկան ո՛չ ռազմագերիներ և ո՛չ էլ պատանդներ, ապա Ստեփանակերտը չի հանդիսանում տվյալ առաջարկության հասցեատերը։ Խորապես համոզված ենք, որ ռազմագերիների և պատանդների խնդիրը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ համապատասխան: Ադրբեջանական կողմից առաջարկվող «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքը Բաքվի կողմից ստեղծված արհեստական օրակարգ է` Ժնևյան կոնվենցիաների և դրա լրացուցիչ արձանագրությունների խախտմամբ:

Արցախի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031