Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը եւ զինդատախազությունը». Ռոբերտ Քոչարյան

Մայիս 15,2019 16:13

Մարտի 1-ի գործով  նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, շարունակվում է: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, հրապարակելով Արշակ Կարապետյանի ցուցմունքից մի հատված, ասաց, որ նրա ցուցմունքը հերքում է Սերժ Սարգսյանը՝ իր ցուցմունքով:

Նա սկսեց հրապարակել Արշակ Կարապետյանի ասածները հերքող ցուցմունքները, ասելով. «Չի եղել նման բան, ԶՈՒ զորանոցային վիճակի բերելը որեւէ կապ չունի ռազմական դրության հետ, անկեղծ ասած, եթե ես լինեի ՊՆ նախարար, կարող է ես էլ հրաման ստորագրեի, դա ամենաարդյունավետ միջոցն է զորքը հեռու պահել քաղաքական ազդեցություններից, միջամտություններից: Էստեղ քննիչը կիրառում է մի հատ հնարք… »: Դատավորը միջամտեց՝ ասելով, որ քննիչի հնարքների հարցը այստեղ չի քննարկվում: Շատ հնարքներ կարող են լինել:

Դատավորը Ալումյանին հորդորեց ամբողջական չկարդալ քննիչի հարցն ու պատասխանը, այլ վերարտադրել, զուտ բովանդակությունը ներկայացնել: Ալումյանն էլ ասաց, որ եթե ինքն իր բառերով նույնն ասի, ավելի երկար կտեւի: Նրանք միմյանց մեղադրեցին դատական նիստը ձգձգելու մեջ: Դատավորն ասաց, որ նման միտում է տեսնում, Ալումյանն էլ ասաց, որ եթե դատավորը անընդհատ չմիջամտեր, ինքը հիմա խոսքն ավարտած կլիներ:

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասաց. «Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը եւ դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը եւ զինդատախազությունը: Սա է պատճառը: Եթե մտածում եք, թե մեջբերում է, ամեն մի ցունցմունքը 10-15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Եթե մեջբերումի տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ չես կարող արտահայտել այն, ինչն ուզում է միտքն ասել: Կրկնում եմ, պատճառը մեկն է, եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը մենք չէինք ունենա: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»,-հայտարարեց նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031