Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահի մերժումից մինչեւ Թովմաս Պողոսյանի մտահղացումը

Մայիս 29,2019 12:30

Աշուղ Սայաթ-Նովան միջնադարյան հայ աշխարհիկ տաղերգության այն բացառիկ դեմքերից է, որի ստեղծագործությունները կարծես ձուլվեցին մեր ժողովրդի էությանը, հավերժացան ու դուրս եկան ժամանակին ազգայինի սահմաններից: Մենք պարտական ենք զինվորական բժիշկ, հայագետ ու աշուղագետ Գեւորգ Ախվերդյանին, որն առաջինը Մոսկվայում 1852թ. կազմեց ու հրատարակեց աշուղի խաղերի առաջին «Գուսանք» ժողովածուն՝ Լազարյան ճեմարանի նախաձեռնությամբ:

Ժողովածուի առաջաբանում էլ նա կենսագրական տեղեկություններ է տալիս Սայաթ-Նովայի մասին` կարծիք հայտնելով, թե վերջինս, հավանաբար, ծնվել է 1712թ.: Հետագայում այլ ուսումնասիրողներին այդպես էլ չհաջողվեց ճշգրտել մեծ քնարերգուի ստույգ ծննդյան տարեթիվը:

Սակայն Պարույր Սեւակն իր աշխատության մեջ հանգամանորեն հիմնավորում է, թե Սայաթ-Նովայի ծննդյան տարեթիվը պետք է համարել 1722թ.: Այս համոզմանն է նաեւ մեկ այլ ուսումնասիրող` Հենրիկ Բախչինյանը: Բայց վերջապես ո՞րն է սայաթնովյան երգի հարատեւության գաղտնիքը: Թերեւս, պատճառն անկեղծությունն է եւ այն, որ այդ երգերը ոգեղենի ու մարմնավորի ճշմարիտ ներդաշնակումն են: Մեջբերենք Ամենայն Հայոց բանաստեղծի հետեւյալ միտքը. «Սայաթ-Նովան մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի… Գեղեցիկ ձեւի մեջ մի մշտական հուր-հոգի է նա, մի ազնիվ եւ լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա…»:

Օրերս Թբիլիսիում, Սբ Գեւորգ եկեղեցու բակում՝ Սայաթ-Նովայի շիրիմի մոտ, օրեր անց, Երեւանում՝ աշուղի հուշարձանի մոտ բազմամարդ էր: Միջոցառումների խորագիրն էլ մեկն էր՝ «Սայաթ-Նովային նվիրված Վարդատոն-2019»: Կազմակերպիչներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, «Սայաթ-Նովա» մշակութային միությունը եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Ի դեպ, Վարդատոնը առաջին անգամ տոնել են Թբիլիսիում 1914թ.: Հեղինակներն էին Հովհաննես Թումանյանն ու գեղանկարգիչ Գեւորգ Բաշինջաղյանը: Իսկ այն առաջին անգամ Երեւան է «փոխադրվել» 2005թ. Թովմաս Պողոսյանի նախաձեռնությամբ:

Սայաթնովյան թեմայով «Առավոտի» հետ մեր մեկ-երկու անվանի զրուցակիցները (անունները չենք հրապարակում իրենց խնդրանքով) հավաստիացնում են, որ տարածաշրջանում աշուղի հավաքածուն՝ բանաստեղծությունների գրքերն առանց բացառության, անթոլոգիաները, թարգմանությունները, 1922-30թթ. Սերգեյ Շերբինսկիի թարգմանությունները, որը Բրյուսովից հետո համարվում է Սայաթ-Նովայի լավագույն թարգմանիչներից, աշուղի ծոռների՝ Հարություն եւ Աննա Սայաթ-Նովաների նվիրատվությունը՝ աշուղի բազկաթոռը, մոսկվաբնակ կոմպոզիտոր Իսահակ Քեսաբաբյանի նվիրած 1872թ. պատրաստած քամանչան, որը նա ժառանգել է իր ուսուցչից՝ Սաշա Օգանեզաշվիլիից, որով նվագել է Սայաթ-Նովան եւ այլ արժեքավոր իրեր, այդ թվում՝ կենցաղային, գտնվում են մի երեւանցու հավաքածուում: Ավելին՝ մեր զրուցակիցները նշում են, որ այդ հավաքածուի տերը ժամանակին կլորիկ գումարի դիմաց մերժել է Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի եւ սփյուռքահայ կոլեկցիոներներին հավաքածուն ձեռք բերելու ցանկությանը: Ասում են, որ Կարեն Դեմիրճյանն էլ ցանկացել է որեւէ եկեղեցուն կից հիմնել Սայաթ-Նովայի թանգարան: Ընդ որում՝ 1988 թվականին էլ մշակույթի մեր մեծերը, թվով 28 ակադեմիկոսներ, նամակ են հղել Մինիստրների խորհրդի նախագահին աշուղի թանգարան հիմնելու առաջարկով: Այդ նամակն էլ պահպանվել է «անհայտ երեւանցու» հավաքածուում: Այս առիթով մեզ հետ զրույցում «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը առանց մանրամասնելու հայտնեց, որ իր առաջարկից՝ Երեւանում հիմնել Սայաթ-Նովայի թանգարան, հմայվել է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Անդրադառնալով Վարդատոնին, պարոն Պողոսյանն ասաց. «Այս տարի տոնի 105-ամյակն էր, որը սկիզբ է առել վիրահայերի, Հայ առաքելական եկեղեցու, «Հայարտուն» մշակութային կազմակերպության եւ Թբիլիսիի Աբելյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ: Տոնը հրավերով չէ, բայց բազմաթիվ սփյուռքահայեր ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, Ռուսաստանից եւ այլն, հատուկ այդ նպատակով այցելում են Երեւան»:

Ժամանակին Թովմաս Պողոսյանը տեղեկացրել էր, թե՝ «պեղել» է Ջիվանու, Նաղարշ Հովնաթանի, Սազայի եւ այլ երեւելիների երգեր, հետաքրքրվեցինք, իսկ գուցե նոր Սայաթ-Նովա է՞լ է հայտնաբերել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, ես դա գրի եմ առել գյումրեցի Կարապետ Դուրգարյանից: Դա «Դիբա ու ենգիդունիա» երգն է…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031