Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառատոնն ավանդական կդառնա՝ ընդգրկելով նաև այլ համայնքներ». Հաղպատը շնչում էր Սայաթ Նովայով

Հունիս 19,2023 16:41

«ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հաղպատավանքի տարածքում կազմակերպվել էր աշխարհահռչակ աշուղ-բանաստեղծին՝ Սայաթ Նովային, նվիրված երկօրյա փառատոն: Հաղպատն այսօր աննախադեպ մարդաշատ էր: Հայաստանի տարբեր համայնքներից շտապել էին Լոռու մարզի այս գողտրիկ անկյունը՝ վայելելու մեծն աշուղի ստեղծագործությունները՝ տարբեր համույթների կատարմամբ, ունկնդրելու նրա անզուգական տաղերի ասմունքը:

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:


Կատարումներով հանդես եկան «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն», Ալավերդու պարային, Շնողի մանկական արվեստի դպրոցի ժողնվագարանների, Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական, Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթները, «Կաթիլ» բենդը, «Կարին» ավանդական երգի֊պարի խումբը:

Զուգահեռաբար կազմակերպվել էր նաև ցուցահանդես֊տոնավաճառ, ներկայացվում էին դասախոսություններ՝ «Հայ աշուղական դպրոցը և Սայաթ Նովան» թեմայով:

Արա Խզմալյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը մարզերում և վստահեցրեց, որ փառատոնն ավանդական կդառնա՝ տարեցտարի ընդգրկելով նաև այլ համայնքներ, ինչու չէ՝ նաև մասնակիցներ՝ հարևան Վրաստանից:

Հովհաննես Ավետիսյանն իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց նման գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ այսօրինակ նախաձեռնությունները շատերի համար նորովի են բացահայտում Լոռին՝ իր անկրկնելի պատմամշակութային կոթողներով ու չքնաղ բնությամբ, հնարավորություն տալիս մեկ անգամ ևս հաղորդակից դառնալու հայոց մեծերի ստեղծագործություններին:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930