Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում ներկայացրեց պետբյուջեի կատարման հաշվետվությունը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչ Էդվարդ Նալբանդյանն էր գալիս բյուջեի կատարողականը ներկայացնելու հարցերի մի լայն շրջանակ վերաբերում էր գործուղումների համար ցոփ եւ շվայտ ծախսերին, թանկ բիզնես ավիատոմսերին, դուք այս առումով տնտեսումնե՞ր եք անում, ձեր գործելաոճը փոխել եք եւ էկոնո՞մ դասով եք մեկնում: Նախարարը պատասխանելիս ասաց, որ իր գործընկերոջը չի անդրադառնա, ինչ վերաբերում է իր կատարած ծախսերին, ասաց. «Մենք ճանապարհորդում ենք այնպես, ինչպես հնարավորություն ունեն բյուջեում: Բացակայել ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է բացակայել, մեկ-մեկ դժվար է, որովհետեւ գիշերային ռեյսեր են, բայց խնդիր չի: Անում ենք ամենը, որպեսզի լինենք ողջամիտ, լինենք մեր ռեսուրսների շրջանակներում եւ նաեւ լինենք պարկեշտ: Ինձ հարցրեցիք նաեւ՝ էկոնո՞մ կլասով եմ գնում, ես անկեղծ ասեմ, շատ հաճախ լինում է, որ ուղղակի պահանջ է կամ անհրաժեշտություն է, որ միայն ես նստում եմ բիզնես կարգում, բայց սա՝ աշխատանքային պահանջից ելնելով է, ոչ միայն անվտանգության: Բայց դրանից ելնելով՝ ես ոչ շատ ուրախանում եմ, ոչ էլ շատ տխրում, աշխատանքային անհրաժեշտություն է: Որպես անձ ես նախընտրում եմ իմ անձնական կյանքով ապրել իմ կյանքը, բայց որպես պաշտոնյա ունեմ պարտավորություններ, որոնք պետք է կատարեմ՝ որպես պաշտոնյա»:
Հարցրեցինք՝ խնայողություն կա՞՝ նախարարը պատասխանեց. «Այո, խնայողություն արվում է, բայց խնայողությունը նաեւ պետք է ողջամիտ լինի՝ այն առումով, որ կան անվտանգության հարցեր, պարկեշտության հարցեր, ներկայացուցչական բնույթի հարցեր: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ կարողանում են այս ամենին դիմանալ, տեմպին դիմանալ ու այնպես անել, որ մենք կարողանանք մաքսիմալ հնարավորինս այնպես անել, որ ողջամիտի մեջ մենք կարողանանք իրականացնել մեր գործառույթները,որոնց մեջ ճանապարհորդության մասը գործի մաս է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































