Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների թափուր տեղերը պետք է լրացվեն բաց մրցույթի կարգով. Արշակ Սադոյան

Հունիս 11,2019 10:13

Վերջին դեպքերը հստակ ցույց տվեցին, որ դատական իշխանությունը մեզանում ոչ միայն չի պատկանում ժողովրդին, ոչ միայն հաշվի չի նստում գործադիր իշխանության հետ և գործնականում՝ չի էլ հակակշռվում որևէ իշխանական այլ մարմնի կողմից:

Ժամանակին մենք երկար և լուրջ քննարկում էինք, թե դատավորները պետք է արդյոք անմիջականորեն ընտրվեն ժողովրդի կողմից, թե ոչ: Եթե այո, ինչպես պետք է կարողանան ընտրողները գնահատել նրանց մասնագիտական կարողությունները: Իսկ եթե նրանք ընտրվեն այլ մարմնի կողմից, պետք է արդյոք որպես հակակշիռ ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող երդվյալ ատենակալների ինստիտուտը: Բայց քանի որ այդ հարցերը մենք էլ լավ չէինք տիրապետում, լինելով ընդիմադիրների ճամբարում՝ գործնականում ոչ մի լուրջ խնդիր չէինք էլ կարողանում լուծել՝ եղավ այն, ինչ եղավ:

Եվ արդյունքում իրավաբան մասնագետներից, գործող դատավորներից կազմված մի փոքր խումբ, օգտվելով նախկին իշխանավորների շահագռգիռ թողտվությունից, հետևողականորեն այնպիսի ձևակերպումներ, հոդվածներ խցկեցին ՀՀ Սահմանադրության, ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեջ, որ արդյունքում՝ այսպես ասված օրինական հիմքերով, կարողացան քայլ առ քայլ ամբողջությամբ իրենցով անել ողջ համակարգը:

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնվեն, որ այդ համակարգը իր բնույթով է  այլասերվել: Նրա ներսում ձևավորվել է կլանային սկզբունքներով գործող ինքնավերարտադրվող, ինքնակառավարվող, ինքնավերահսկվող մի փակ կազմավորում՝ դատավորներ կոչվող անձանցից կազմված մի կաստա, որը իրականում արդեն տիրացել է այդ համակարգին և այն, որպես եկամուտի աղբյուր  հաջողությամբ ծառայեցնում է իր կաստայական շահերին:

Արդեն շատ ենք ուշացել, ուղղակի անհրաժեշտ է, ժամանակն է, որ կլանային այդ կառույցը հնարավորինս շուտ կազմաքանդվի, ձևավորվի իսկապես ժողովրդին ծառայող, հանրությանը հաշվետու, պատասխանատու համակարգ;

Եվ այդ ուղղությամբ կարծում ենք առաջին հերթին  ուշադրություն պետք է դարձվի հետևյալ հարցերի վրա՝

  1. Քանի որ ներկայումս դատավորները նշանակվում են անժամկետ (մինչև թոշակի գնալը), իսկ թափուր տեղերը լրացնելու ժամանակ ՀՀ Նախագահը ի վերջո ստիպված է լինում նշանակել Կլանի վերին օղակի` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից առաջարկվող թեկնածուին, որը կլանի ինքնապահպանման, արդյունավետ ինքնավերարտադրության ապահովման նպատակով համալրումը փորձում է կատարել միայն հետևյալ օղակներից`

ա)Այսպես կոչված ռեզերվային (չաշխատող բայց անհասկանալի պատճառով լրիվ աշխատավարձ և հավելավճարներ ստացող) դատավորներից.

 բ)Դատավորի թեկնածուի հավակնորդի աստիճանն անցած, ստուգված, իրենց համար վստահելի, հարմար թեկնածուներից.

Կարծում ենք՝ վաղուց էր արդեն անհրաժեշտ փոխել օրենքը, թափուր տեղերը պետք է լրացվեն բաց մրցույթի կարգով, մրցույթային հանձնաժողովները պետք է կազմվեն հանրության վստահությունը վայելող մասնագետներից:

       2.Վերակազմավորվող համակարգի գործունեությունը պետք է լինի բաց, թափանցիկ, հրապարակային: Պետք է առաջին հերթին փոխվեն դատավորներին պարտադրվող վարքի այն կանոնները որոնցով նրանց պարտադրվում է հնարավորինս հեռու մնալ լրագրողներից, չքննադատել չխոսել, համակարգի թերությունների, դատավորների թույլ տված սխալների մասին: Դատավորների անձնական գործերին ծանոթանալու իրավունք, բացի ՀՀ Նախագահից, պետք տրվի նաև Արդարադատության նախարարությանը, ԱԺ համապատասխան հանձնաժողովին, անհրաժեշտության դեպքում նաև հանրության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

       3.Հաճախ ձևական բնույթ կրող կարգապահական պատասխանատվությունից բացի պետք է օրենքով ամրագրվի դատավորների պատասխանատվությունը միտումնավոր, կամ անզգուշությամբ թույլ տված սխալների համար, դատավորների առաջխաղացման, նշանակումների խնդիրներին պետք է տեղյակ լինի հանրությունը և նրանց կարծիքն էլ հաշվի պետք է առնվի:

Դատավորների նկատմամաբ վեթինգի կազմակերպման հետ կապված խնդիրները հնարավորինս շուտ պետք ՝ լուծվեն:

      4.Եվ ամենակարևորը՝ անցումային արդարադատությունը անցումային է: Կլանային այդ համակարգը նորից կարող է վերականգնվել, այն ամբողջությամբ է պետք բարեփոխել: Կարծում եմ ժամանակն է, որ ՀՀ-ում էլ ձևավորվի որոշակի պահանջներին բավարարող, վստահություն վայելող երդվյալ ատենակալների ինստիտուտը:

 

Արշակ ՍԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930