Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էին հակահայկական ձևակերպումները հայտնվել ԵԱՀԿ զեկույցում. թերացո՞ւմ, թե՞ զեկուցողի կաշառվածություն

Հուլիս 07,2019 16:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման էր դրվել Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:

Փաստաթղթում կային հակահայկական ձևակերպումներ: Հուլիսի 6-ին, երբ քննարկման էին դրված առաջարկությունները, հայկական պատվիրակության ջանքերով հնարավոր եղավ կանխել Ալան Ֆարելի զեկույցում ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակահայկական ձևակերպումների ընդունումը։

Aravot.am-ը ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանին հիշեցրեց՝ օրեր առաջ հայտարարել էր, որ ԱԺ պատվիրակությունը նամակ է ստացել անձամբ զեկուցող Ալան Ֆարելից այն մասին, որ նա մտադիր է հակահայկական վիճելի դրույթը հանել նախագծից:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ է նա փոխել մտադրությունը, Հայկ Կոնջորյանը պարզաբանեց, թե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նախատեսված է. պարզապես ընթացակարգն է բարդ ու մանրամասնեց. «Ոչ թե Ազգային ժողովը զեկուցողից էր նամակ ստացել, այլ զեկուցողը մինչև կոմիտեի նիստը կարող է հանդես գալ փոփոխություններ կատարելու առաջարկով: Զեկուցողն ինքը հենց այն օրը, որ օրը ես հարցազրույց եմ տվել, միջազգային քարտուղարություն է ուղարկել նամակ, որում ասել է, որ ինքը պատրաստվում է հանդես գալ փոփոխությունների առաջարկով և դուրս բերել այդ վիճելի կետն իր զեկույցից: Սա հատուկ ընթացակարգ է, որին հետևում են բոլորը: Ես էլ, եթե որևէ առաջարկությամբ եմ հանդես գալիս, միջազգային քարտուղարությանը պետք է ուղարկեմ, նա էլ ուղարկելու է այդ նամակը  57 երկրների քարտուղարություններին: Միջազգային  քարտուղարությունը պարոն Ֆարելի նամակն ուղարկել է տեղական քարտուղարություններ, այդ թվում մեզ: Մենք ստացել ենք այդ նամակը, որ պարոն Ֆարելն առաջարկելու է փոփոխություններ, որ դուրս հանեն իր զեկույցից վիճելի կետը: Այդ փոփոխությունն ինքը պետք է առաջարկեր Լյուքսեմբուրգում՝ քաղաքական հանձնաժողովի նիստում»:

Մեր հարցին՝ իսկ առաջարկե՞ց, Հայկ Կոնջորյանը պատասխանեց. «Այո, առաջարկեց, զեկույցի վիճելի 10-րդ կետի հետ կապված մի քանի այլ առաջարկներ էլ կային: Այն խայտառակ վիճարկելի կետ էր. արդյունքում այդ կետի հետ կապված բազմաթիվ առաջարկներ կային, ռուսներն էլ էին առաջարկել, Ֆարելն ինքն էլ էր առաջարկել մեր ասածը, մի քանի այլ պատվիրակներ էլ էին այդ կետի հետ կապված առաջարկով հանդես եկել: Բոլոր քվեարկությունների արդյունքում այդ 10-րդ կետն ամբողջությամբ դուրս եկավ»:

Հայկ Կոնջորյանն ասաց, որ ադրբեջանցիները դրանից հետո հանդես են եկել կոնտր առաջարկով. «Քանի որ ադրբեջանցիներն արդեն հասկացել էին, որ երբ Ֆարելն առաջարկի, որ հանեն այդ կետը, իրենք գիտեին, որ դա հանվելու է, դրա համար արել էին կոնտր առաջարկ, որ էլի նույն կետը մտնի: Դա ընթացակարգով հնարավոր է: Ուստի մենք աշխատել ենք այն ուղղությամբ, որ այդ կետը նախ դուրս գա, և երբ ադրբեջանցիների առաջարկը քվեարկության դրվի, նորից այդ կետը մուտք գործի: Առաջարկել ենք, որ այդ կետը ոչ մի դեպքում նորից չվերադառնա բանաձև: Կարողացանք անել այնպես, որ այդ կետն ամբողջությամբ դուրս գա»:

Մեր դիտարկմանը, թեև հայկական պատվիրակության անդամները ոգևորված են, թե հաղթանակ են գրանցել, բայց հարց է, թե ի՞նչ զարգացումների արդյունքում էր ի սկզբանե նման հակահայկական ձևակերպում մտել զեկույց: Հիշեցնենք զեկույցի 10-րդ կետում կար «Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում» ձևակերպումը: Հայկ Կոնջորյանին խնդրեցինք գնահատել՝ այս ձևակերպման առկայությունը հայկական պատվիրակության թերացմա՞ն, թե զեկուցողի կաշառվածության արդյունք էր, նա պատասխանեց. «Մենք զեկույցը տեսնում ենք այն ժամանակ, երբ զեկուցողը պաշտոնապես դնում է շրջանառության մեջ: Ես հիմա չեմ ուզում դեռևս նման մեկնաբանություններ անել, ամեն դեպքում, մեր կարծիքով, նման բաները տեղի չեն ունենում առանց որևէ այլ հետաքրքրված կողմի միջամտության»:

ԵԱՀԿ ԽՎ-ի քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովը նաև ընդունեց Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին բանաձև:

Հայկ Կոնջորյանից փորձեցինք ճշտել հայկական պատվիրակության՝ հանձնաժողովի անդամները ինչպե՞ս են այս բանաձևին քվեարկել, նա նշեց, որ տարբեր զեկույցներ են քվեարկության դրվել այդ թեմայով, չգիտի, թե կոնկրետ որի մասին է խոսքը: Այնուհետև նշեց, որ շտապում է ելույթ ունենալ և ավելի մանրամասն բոլոր հարցերին կպատասխանի Երևանում՝ ճեպազրույցում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից

Հայկ Կոնջորյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար՝ Սերին Մոբորնի հետ, ում հեղինակությամբ և հայկական պատվիրակության աջակցությամբ, ըստ Հայկ Կոնջորյանի, ԵԱՀԿ ԽՎ բանաձևում ամրագրվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031