Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդույթի ուժն ու դարակում փակված երազանքները

Հուլիս 31,2019 22:07

Երկփեղկ հայելին որսում է 46-ամյա Աննայի (անունը փոխված է) ստվերը, որը սեւ մատիտով շրջագծում է զույգ կոպերն ու մատների վրա շուռումուռ տալիս հուլունքե զարդը։

Լույսը բացվել է, բալենու սոսափը՝ լցվել պատշգամբ։ Պատուհանից դուրս բազմահարկ կյանքն է՝ արևկող տված սպիտակեղենը, պանելի ու քարի շաղախված անհամաչափությունը, մարդիկ։ Աննայի իրականությունը կյանքին կապողն ամառն է, երբ կուչ եկած մատներն անսովոր խաղ են ստանում, հեշտանում է շնչելը։

«Հիվանդությունը շատ բան է փոխում՝ տեսքդ, կարողություններդ։ Մի ժամանակ չցանկացա բեռ դառնալ որևէ մեկի համար և հեռացա։ Հիմա եմ հասկացել՝ անբուժելի հիվանդություն չկա, պետք է միայն լավ բժիշկ ու ճիշտ դեղեր գտնել»,- անկեղծանում է սիստեմային սկլերոդերմիա ունեցող Աննան։

Ազգությամբ եզդի կնոջ անցյալում բաժանման կետերը շատ են։ Հայի հետ կյանքը կապելով՝ առժամանակ կորցրել է ծնողներին․ չափազանց ազդեցիկ էին ավանդույթները։ Տղան հայկական ձևով է փախցրել, ամուսնացել են «փակ-փակ», «սիրելով»։ Առաջին փորձությունը համատեղ կենցաղն էր, որի ծանրությունը դժվարությամբ քաշեցին։ Ասում է՝  ամուսնությունը երկկողմ գիրք է, չստացված հարաբերություններում երկուսն են մեղավոր։  Ամեն ինչ կարելի է ներել, բացի՝ բռնությունից։

Դժվարությունների մեջ ինքնաճանաչման հարցում Աննային օգնել են կրթությունն ու հավատը։ Վստահ է՝ մարդն աստծուն չի  ճանաչում, քանի որ տեղեկացված չէ նրա մասին։ Այդպես ժամանակին կաթոլիկ եկեղեցին թաքցնում էր սուրբ գիրքը և գումար կորզելով՝  դրախտի դուռը ցույց տալիս։ Նույն կերպ հայ մեծահասակ կանայք, գրագետ չլինելով, կտակարանը մասունքի պես էին պաշտում, վախենում դրա անեծքից։ «Չի զարգանում այն ազգը, որը չի ուզում կրթվել։ Բացի՛ր, կարդա՛․ի՞նչի համար է գրված։  Աստված ասում է՝ դու ես աշխարհի տերը, դու պիտի ստեղծես և տնօրինես։ Հենց այստեղ է կինը բախվում փակուղու․ որքան կիրթ ես, այնքան իրավունքներ ես պահանջում, իսկ դա ձեռք չի տալիս ո՛չ հայ, ո՛չ եզդի ընտանիքին»,- նշում է Աննան։

Գրքերի հանդեպ սերը մորից է ժառանգել, որն իր ընտանիքի 10 զավակներից մեկն էր։ Պատմում էր՝ հետպատերազմյան տարիներին կտոր չէր ճարվում, բազմանդամ ընտանիքում  մի զույգ մանկական կոշիկ կար․ ով առաջինն էր հագնում, նա էր դպրոց գնում։ Թեեւ մայրը մինչև չորրորդ դասարան է սովորել, բայց դա չի խանգարել հայոց լեզվի անթերի իմացությանը։ Այսօրվա պես հիշում է մոր դիմախաղը կինոյի մասին ամսագրերի բովանդակությունը պատմելիս։ Հայ և ռուս դասականների հատորներն անգիր գիտեր, միայն թե «դիպլոմ չուներ»։ Հետագայում երկար տարիներ մանկապարտեզի խոհանոցում էր աշխատում։

Կեսօրին պատշգամբում մնալն անհնար է․ վարագույրը ճեղքելով՝ հրազդանյան արևը լցվում է ներս ու տարածվում թախտին։ Աննայի համար ամառային օրվա բոլոր ժամերը երանելի են, չկրկնվող։ Ձմռանը ձեռքերը սառչում են։ «Աշխատելու համար ինձ հատուկ ստեղծված պայմաններ են պետք։ Ո՞վ նման պայման կստեղծի։ Տունն է իմ միջավայրը՝ առանց աղմուկի, էմոցիաների, սուրճի (ժպտում է, հեղ)։ Լվացքի պարանն է պոկվել՝ հարևանի երեխան կհասնի, փոշեկուլն ու վարդակները ինքս կսարքեմ։ Ցանկացած դեպքում պետք է լավատես լինել։ Ի վերջո՝ դու ես գրում ճակատագիրդ՝ քեզ բաժին հասած իմաստությամբ»։

Տարիների հետ Աննայի երազանքները չեն մարել․ դաշնամուրի ձայն լսելիս ականջները սրվում են, մատները՝ անվարժ հպվում երևակայական ստեղներին։ Կրկին անհետանում է հայելու խորքում, դարակից հանում խնամքով ծալված սպիտակ բժշկական խալաթն ու շշնջում․ «Աղջկաս շատ կսազի»։

Անի Անտոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031