Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրակտիկան արտասահմանում մեզ դարձնում է փորձառու, հանդուրժող եւ բաց»

Մարտ 11,2020 13:00

Նիցցայում եւ Մարսելում պրակտիկա անցնող ուսանողները՝ կուտակած փորձի, գիտելիքների եւ այն Հայաստանում ներդնելու մասին

«Առավոտը» տեղեկացրել է վերջերս Նիցցայի քաղաքապետարանում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների եւ համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի մասնակացությամբ կազմակերպված ընդունելությանը՝ ի պատիվ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների, որոնք իրենց 7-շաբաթյա պրակտիկան են անցկացնում Նիցցայում: «Առավոտը» զրուցեց Նիցցայում եւ Մարսելում պրակտիկա անցնող ուսանողների հետ: Մարիամ Վարդազարյանը մասնավորապես նշեց, որ դրսում պրակտիկան առաջին հերթին նպաստում է աշխարհայացքի ընդլայնմանը, նաեւ յուրատեսակ մարտահրավեր է: «Մասնագիտական տեսանկյունից ֆրանսիական օրենսդրության ու իրավունքին առնչվելը տալիս է մեծ փորձ, նոր գիտելիքներ, հմտություններ, որոնք հայկական իրավունքում դեռ չկան կամ թերի են: Միեւնույն ժամանակ Մարսելում պրակտիկան հնարավորություն է ընձեռում կիսվելու Հայաստանում ձեռքբերած հմտություններով: 7 շաբաթվա ընթացքում ձեռքբերած գիտելիքները միանշանակ փորձելու եմ տեղայնացնել Հայաստանում, ասեմ ավելին՝ արդեն կան որոշ հետաքրքիր նախագծերի գաղափարներ: Ֆրանսիական օրենսդրության եւ իրավական համակարգում շատ հետաքրքիր իրավական ինստիտուտներ կան, որոնց առկայությունը, ըստ իս, ավելի արդյունավետ կդարձնի դատաիրավական համակարգի գործունեությունը։ Եվ, իհարկե, վերջում պետք է նշեմ, որ 7 շաբաթ 5 տարբեր անձանց հետ մի հարկի տակ ապրելը ամենաառաջինը տվել է մեծ կյանքի փորձ՝ դարձնելով մեզնից յուրաքանչյուրիս ավելի ինքնուրույն, հանդուրժող, հոգատար»,-ասաց նա:

Էդմոնդ Մնացականյանն ասում է, որ Հայաստանից դուրս պրակտիկա անցնելը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալու օտարերկրյա աշխատաոճին եւ ընթացակարգերին, այլեւ դրանց մասին ձեռք բերել այնպիսի պրակտիկ գիտելիքներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն կիրառել Հայաստանում: Նրա խոսքերով, «Մարսելյան պրակտիկան մի բացառիկ հնարավորություն է ինձ համար` սեփական փորձի արդյունքում զուգահեռներ տանելու թե ունեցածս տեսական գիտելիքների, թե դրանց գործնական կիրառության ոլորտներում»: Մարսելում պրակտիկա անցնող Մերի Կիրակոսյանի ձեւակերպմամբ, նման պրակտիկան յուրաքանչյուրի համար հնարավորություն է ծանոթանալու տվյալ երկրի աշխատանքային միջավայրին, ինտեգրվելու տարբերվող մտածելակերպով հասարակությանը, ինչպես նաեւ զարգացնելու օտար լեզվով շփումը։ «Իմ պրակտիկան անցել եմ Credit agricole -ում, որտեղ դժվարությամբ կգտնեիր մեկին, որը արմատներով լիարժեք ֆրանսիացի կլիներ, սակայն այդ բազմազանության մեջ բոլորիս հաղորդակցման լեզուն ֆրանսերենն էր։ Պրակտիկան արտասահմանում մեզ դարձնում է ավելի հանդուրժող եւ բաց: Ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու բանկի այն բաժնում, որը մասնագիտացված է բնակելի տարածքների գնման, կառուցման եւ վերանորոգման ֆինանսավորմամբ, ինչը կատարվում է ամբողջությամբ թվայնացված եղանակով հաճախորդի հետ հեռախոսային կամ նամակագրական հաղորդակցման միջոցով, ինչը բացակայում է հայաստանյան բանկերում, սակայն այն կարող է ամբողջապես կիրառելի լինել նաեւ Հայաստանում»,-ընդգծում է նա:

Սոնա Այվազյանի խոսքերով՝ Մարսելում մեկուկես ամիս պրակտիկա անցնելու հնարավորություն ունենալն արժեքավոր փորձ է մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ դրանք տեսականում կիրառելու համար. «Այն հնարավորություն է տալիս երկու կողմին էլ շահած դուրս գալ, քանի որ փորձի փոխանակումն է, որ խթան է հանդիսանում առաջ շարժվելու, դրական փոփոխությունների համար։ Հաշվի առնելով, որ պրակտիկաս անցել է բանկային ոլորտում, եւ որ վերջինս Հայաստանում բավականին զարգացած է, կարող եմ վստահեցնել, որ մենք էլ մեր փորձով կարող ենք զարմացնել եւ օգտակար լինել։ Ավելացնեմ նաեւ, որ դիպլոմային աշխատանքս բանկային ոլորտում սպասարկման եւ հաճախորդ-բանկ հարաբերությունների բարելավման թեմայով է, եւ Ֆրանսիայում ստացած գիտելիքներն անշուշտ օգտակար կլինեն ինձ այդ հարցում»:

Սաթենիկ Առաքելյանն ու Գայանե Տեր-Մինասյանը եւս Մարսելում են պրակտիկա անցնում: «Սովորելով Ֆրանսիական համալսարանում եւ ունենալով տեսական գիտելիքներ ֆրանսիական աշխատաշուկայի մասին՝ Ֆրանսիայում պրակտիկա անցնելը շատ կարեւոր է. այն տալիս է հնարավորություն բացահայտել ամբողջովին նոր իրականություն։ Իմ պրակտիկան անցնում է ֆրանսիական լավագույն բանկերից մեկում՝ Crռdit Mutuel-ում, որտեղ ես ոչ միայն ձեռք եմ բերել խորը մասնագիտական գիտելիքներ, այլ նաեւ ծանոթացել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, որոնց աշխատելաոճը, չնայած նույն երկրում գտնվելուն, շատ տարբեր է»,-նշում է Սաթենիկը, որը վստահ է, որ ստացած պրակտիկ գիտելիքները հաջողությամբ կկիրառի Հայաստանում: Գայանե Տեր-Մինասյանն էլ հավելում է. «Արտասահմանում սովորելու եւ աշխատելու հնարավորություն բոլորին չի տրվում։ Հիանալի հնարավորություն է համալսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները վերածել փորձի` ընկղմվելով եվրոպական մշակույթի եւ աշխատելաոճի մեջ։ Մեր առաքելությունն է այստեղ ձեռք բերած փորձն ու հմտությունները ներդնել Հայաստանում եւ շարժիչ ուժ հանդիսանալ տնտեսության մեջ։ Զգում ենք` մեզ հետ շատ հույսեր են կապում, աշխատում ենք հնարավորինս շատ բան սովորել ու վերցնել»:

Նիցցայում հաշվապահության ոլորտում պրակտիկա անցնող Արսեն Խորոզյանը նշում է, որ արտասահմանյան պրակտիկան թույլ է տալիս համեմատել Հայաստանի եւ այլ երկրների՝ տարբեր ոլորտներում կիրառվող մոտեցումները ու փորձը: «Հայկական ու ֆրանսիական հաշվապահական հաշվառման միջեւ եղած տարբերությունները բավականին նկատելի են: Սակայն իմ պրակտիկան հնարավորություն տվեց եւս մեկ անգամ համոզվելու, որ յուրաքանչյուր ոլորտում բազային եւ հիմնավոր գիտելիքներ ունենալու դեպքում բոլոր տարբերությունները եւ նոր մոտեցումները շատ ավելի հեշտ են ընկալվում ու բացատրվում: Ճիշտ է, Ֆրանսիայում կիրառվող հաշվապահական հաշվառման մեթոդները Հայաստանում օգտագործելը դժվար թե ամբողջությամբ հաջողվի, քանի որ Հայաստանում կիրառվող մոտեցումները այլ են, բայց հաշվապահին բնորոշ մտածելակերպի ձեւավորումը միանշանակ շատ օգտակար ու կարեւոր ներդրում է հետագա մասնագիտական զարգացման մեջ»,-վստահ է երիտասարդը:

Նիցցայում գտնվող Մարիամ Վասիլյանի խոսքերով, շատ կարեւոր է այն, որ ֆրանսիական աշխատանքային միջավայրը ստիպում է մարդուն մտածել եւ չի սահմանափակում որոշակի կանոններով, այլ հնարավորություն է տալիս գործի դնել ստեղծարար միտքը։ «Արտասահմանում պրակտիկա անցնելը հնարավորություն է տալիս ուսումնասիրել օտարերկրյա շուկան ու այդպիսով մեթոդներ որդեգրել ու կիրառել Հայաստանում»,-վստահ է նա:

«Աշխատելով այնպիսի կազմակերպությունում, որը յուրաքանչյուր պահի առնչվում է տարաբնույթ ու այլազգի ահռելի քանակությամբ հաճախորդների հետ՝ ինձ համար անչափ հետաքրքրական ու տպավորիչ էր մեր ֆրանսիացի կոմերսանտների կողմից տածած հավասար ու անշահախնդիր վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ: Մյուս կողմից, ներքին կազմակերպական ընթացակարգերը եւս տպավորիչ են։ Այն, ինչն ինձ ոգեշնչում է, կորպորատիվ մշակույթն է, հատկապես՝ ընկերության մթնոլորտը, վերաբերմունքը իրենց աշխատանքի նկատմամբ: Վստահորեն կարող եմ ասել, որ Ֆրանսիական համալսարանում ստացած գիտելիքներս հաջողությամբ վերածվել են փորձի եւ հմտությունների, որոնք էլ իրենց հերթին օրեցօր ծաղկում են՝ շնորհիվ ֆրանսիական յուրօրինակ աշխատաոճի ու գիտելիքների փոխանցման իրենց մեթոդաբանության»,-նշեց Նիսում պրակտիկա անցնող Եվա Խալափյանը:

Նույն քաղաքում է պրակտիկա անցնում նաեւ Անի Անտոնյանը: «Պրակտիկան ինձ հնարավորություն տվեց աշխատել մի անձնակազմում, որն ինձ ընդունեց ընտանիքի անդամի պես՝ պահեց, մեծացրեց եւ հիմա պետք է բաց թողնի։ Հրաժեշտ տալը միշտ էլ դժվար է, ու ինչքան էլ տխուր լինի, ես վստահ եմ, որ մի օր նրանց բոլորին էլի կբարեւեմ»։ Լիանա Դավթյանը եւս տպավորված է: «Յուրաքանչյուր մասնագիտության մեջ շատ կարեւոր է միջազգային փորձը, իսկ երբ դրա ստանալու հնարավորությունը կա դեռ համալսարանական տարիներին, նշանակում է, որ ուսանողը հետագայում աշխատանքային շուկայում շատ ավելի պահանջված ու մրցակցային կլինի։ Հայաստանն ինձ համար հիանալի հնարավորություն էր տեսնելու, թե ինչպիսի կառուցվածքային եւ ֆունկցիոնալ տարբերություններ կան եւ ինչը կարելի է բերել, ինչում ենք մենք թերանում կամ ինչն է մեզ մոտ ավելի լավ վիճակում։ Այլ կերպ ասած՝ շուկայի հետազոտություն երկու երկրների նույն ոլորտների համար, կարծում եմ, Մարքեթինգի ֆակուլտետի ուսանողի համար սա առանցքային է եւ շատ մեծ կարեւորություն ունի»,-ընդգծում է Նիցցայում պրակտիկա անցած աղջիկը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031