Լրահոս
Օրվա լրահոսը

Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսորները Հայաստանում են

Սեպտեմբեր 27,2019 13:30

Վերջին շրջանում հայաստանյան բուհերը անմասն չեն մնում միջազգային կրթամշակութային ծրագրերից: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» տեղեկացրին, որ հաստատվել է 2019-20 ուսումնական տարվա համար Erasmus+ ծրագրի շրջանակներում ուսանողների ու դասախոսների փոխանակումը Իտալիայի Սիենա Ջազ Ակադեմիայի, Ֆինլանդիայի Տուրկույի համալսարանի, Պորտուգալիայի Ավեյրուի համալսարանի եւ Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջեւ:

Երեւանի կոնսերվատորիան հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Լեւ Ատլասին, օպերայի դիրիժոր Ֆիլիպ Ուայթին եւ Erasmus+ ծրագրի ղեկավար Յուլյա Չերներ- Ատլասին:

Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի դասախոսները Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի հետ քննարկում են ծրագիրը:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Չերներ-Ատլասը ներկայացնելով իր սերը հայ ժողովրդի նկատմամբ, սկսեց շատ հեռվից. «Եկատերինա Մեծ կայսրուհին հայերի, թաթարների, հրեաների, հույների մի մասին Ղրիմից բերեց ու բնակեցրեց Դոնի Ռոստովում, մյուս մասին՝ Նոր Նախիջեւանում: Մայրական կողմից տատիկներս բնակվել են Նոր Նախիջեւանում եւ շփվել, բարեկամացել հայերի հետ: Հայոց պատմության, գրականության ու արվեստի մասին գիտելիքներն ինձ հաղորդել է գիմնազիա ավարտած տատս: 1970-ականների սկզբներին Ռոստովում հանդիպեցի կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանին: Տպավորված էի ոչ միայն նրա երաժշտությամբ, այլեւ մարդկային տեսակով: Հետո տարիների դադար եղավ: Այդ ընթացքում մշտապես ցանկություն է եղել կրկին հանդիպելու Արզասի հետ, բայց այն կայացավ միայն 2009թ.: Ընդ որում, ես վաղուց արդեն բնակվում ու գործունեություն էի ծավալում Շոտլանդիայում: Եվ հենց 2009թ. կարելի է համարել մեր եւ Երեւանի կոնսերվատորիայի համագործակցության սկիզբը: Իսկ առաջին նախագիծը Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն» օպերան էր, որն առաջին անգամ, եթե չեմ սխալվում, բեմադրվեց Երեւանում՝ մեր եւ ձեր կոնսերվատորիաների ուսանողների մասնակցությամբ: Ի դեպ, սա իմ վեցերորդ այցն է ձեր երկիր:

Նախկինում էլ ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր են իրականացվել: Միայն մեկ օրինակ բերեմ. այսօր Արեւմուտքում փայլում է սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, որն ուսանել է Շոտլանդիայի կոնսերվատորիայում: Ինչ վերաբերում է այս այցիս, 2018թ. մեզ մոտ հայտարարված մրցույթում ընտրեցինք Հայաստանի հետ համագործակցությունը՝ հանձին ձեր կոնսերվատորիայի: Կարող եմ վստահորեն ասել, որ Erasmus+ ծրագրով 3 տարի Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի գործընկերն է Երեւանի կոնսերվատորիան: Այժմ եկել ենք թիմով ու կանցկացնենք լսումներ, որի արդյունքում 6 ուսանող հնարավորություն կունենա անվճար սովորելու Շոտլանդիայի կոնսերվատորիայի մագիստրատուրայում»:

Շարունակելով իրենց այցելության նպատակների մասին տեղեկացնելը, տիկինը հավաստիացրեց, որ ծրագիրն ունի նաեւ երկրորդ մաս, որի տեւողությունը 6 ամիս է. «Ցանկություն ունենք Դիլիջանի երաժշտական դպրոցի բազայի վրա ստեղծել երաժշտական միջազգային ճամբար, որտեղ կամավորական սկզբունքով կդասավանդեն մեր դասախոսները, իսկ երեխաների համար ուսումն անվճար կլինի: Անկասկած, ճամբարում կաշխատեն նաեւ ձեր դասախոսները: Շատ կուզեինք, որ տարբեր մարզերի, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիներից երեխաներ ընդգրկվեին ճամբարում: Նշեմ, որ բացի երաժշտական գիտելիքներից, նրանց կուսուցանվեն նաեւ լեզուներ՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն… Ի դեպ, պետք է մտածել երեխաներին նախապատրաստելու մասին, ինչպես Եվրոպայում է ընդունված՝ դեռ նախադպրոցական տարիքից»:

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30