Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, որ պատմականորեն Հայաստանը երբեք այդքան տարա դրամային պաշար չի ունեցել, որքան ունի հիմա, որ դրա արդյունքում երկրի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում է։ Բայց ինչ տեղի ունեցավ դրանից հետո։
Այդ հայտարարությունից հաշված օրեր անց Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն։ Դրանք նույնիսկ ավելի քիչ են, քան 2013թ.։
«Մեկ տարում Հայաստանի արտաքին պահուստներն աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Միջազգային պահուստները ֆինանսական և մակրոտնտեսական կարևոր գործոններ են։ Նաև այսպիսի իրավիճակի շնորհիվ է ՀՀ-ի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,- նոյեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Այս գրառումից մի քանի օր հետո Կենտրոնական բանկը հրապարակեց արտաքին պահուստների նոյեմբեր ամսվա վիճակագրությունը, ու պարզվեց, որ Հայաստանի արտաքին պահուստները նոյեմբերի 30-ի դրությամբ այլևս չեն գտնվում պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Հիմա դրանք ավելի քիչ են, քան ընդամենը մեկ ամիս առաջ, նաև ավելի քիչ, քան 2013թ. սեպտեմբերին էին։
Կարդացեք նաև
Եթե հոկտեմբերին արտաքին պահուստները հասնում էին 2 միլիարդ 468 մլն դոլարի, ապա արդեն նոյեմբերին կազմել են շուրջ 2 մլրդ 375 մլն դոլար։ Այսինքն՝ 1 ամսում նվազել են 93 մլն դոլարով։ Ու դրա հետևանքով՝ հիմա արտաքին պահուստները չեն գտնվում պատմականորեն ամենաբարձր դիրքում, ինչպես նոյեմբերի 26-ին շտապում էր որպես ֆինանսական ու տնտեսական լուրջ ձեռքբերում՝ հանրությանը ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։
Որ արտաքին պահուստները վերստին նվազել են և այլևս աննախադեպ չեն, այդ մասին վարչապետը, բնականաբար, գրառում չի անելու։ Ու շատերն այդպես էլ չեն իմանալու, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը 4 օր հետո Հայաստանի արտաքին պահուստներն արդեն պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա չեն գտնվում, որ մեկ ամսում դրանք կրկին նվազել են, այն էլ՝ 93 մլն դոլարով։
Թե դա ինչո՞վ է պայմանավորվել, էական չէ։ Բայց դա տեղի է ունեցել ներքին շուկայում պահպանվող տարադրամային միջոցների առատության պայմաններում, ինչը թույլ է տվել Կենտրոնական բանկին այս տարի իսկապես աննախադեպ քանակությամբ արտարժույթ ձեռք բերել։
Վերջին տվյալներով, որը հայտնեց վարչապետը, գնվել է շուրջ 522 մլն դոլար։
Թեև դա էլ հավանաբար վերջը չէ։ Պետք է ենթադրել, որ վարչապետի հայտարարությունից հետո էլ Կենտրոնական բանկը շարունակել է մեծացնել գնված տարադրամի քանակը։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում


















































