Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները, հանդիպելով աշխարհի ամենահզոր պետության ղեկավարին, փաստացի որեւէ կարեւոր հարց չեն բարձրաձայնել: Ո՛չ հայ ռազմագերիների մասին են խոսել, որոնց խոշտանգում են Բաքվի բանտերում, ո՛չ արցախցիների հիմնարար իրավունքների մասին, ո՛չ Արցախի մշակութային ժառանգության, որը ոչնչացվում է բարբարոսաբար, եւ ո՛չ էլ անգամ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ փաշինյանական հակաեկեղեցական արշավի մասին: Հասկանալի է` Թրամփին հայ համայնքի աջակցությունն է հարկավոր՝ ԱՄՆ առաջիկա ընտրություններում, դեսպան Նարեկ Մկրտչյանին իր փիառն է հետաքրքրում, իսկ ի՞նչ հետաքրքրություն ունեին հայ հոգեւորականները:
Վրթանես քահանա Բաղալյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի հայ հոգեւորականների եւ Թրամփի հանդիպման մասին: Ինչո՞ւ նրանք կարեւոր հարցերի մասին չեն խոսել, փոխարենը խոսել են «խաղաղության» կեղծ օրակարգի մասին՝ գովազդելով Փաշինյանի օրակարգը: Քահանա Բաղալյանը նկատեց. «Անկեղծ ասած, ես չեմ կարող հստակ ասել, թե նրանք ինչ հարցեր են բարձրացրել, հստակ չեմ տիրապետում, սակայն ցանկացած միջազգային կարեւոր հարթակ պետք է օգտագործել` Ադրբեջանի արարքների մասին բարձրաձայնելու համար: Եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորում են, ապա առաջին պայմանը պետք է հայ ռազմագերիների վերադարձը լինի: Եթե բանակցում են երկու իշխանությունները, ապա պետք է անպայման այդ հարցը քննարկեն եւ լուծեն: Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին:
Մի կոպիտ օրինակ բերեմ․ պատկերացրեք` ինչ-որ մարդասպան սպանում է քո մի զավակին, իսկ մյուսին՝ առեւանգում եւ իր նկուղում պահում, եւ դու այդ ամենից հետո ասես` եկեք լավ հարաբերություններ ստեղծենք, մոռանանք՝ ինչ եղել է, եւ այլն: Դա որեւէ կերպ չի կարող ճիշտ լինել: Հատկապես եթե հանդիպում եք ԱՄՆ-ի նման կարեւոր պետության ղեկավարի հետ, ապա անպայման պետք է այդ հարցերի մասին խոսեիք: Ինչու չէ՝ Ռուսաստանն էլ է կարեւոր երկիր, Ֆրանսիան էլ, եւ այսպես շարունակ: Բոլոր հնարավոր երկրներում պետք է բարձրաձայնել այս հարցերի մասին: Իշխանությունները եւս պարտավոր են այդ հարթակներում խոսել մեր խնդիրների մասին: Գերիների հարց, արցախցիների վերադարձի հարց, մշակութային ժառանգության պահպանման հարց․ սրանք տարրական հարցեր են, որոնց մասին պարտավոր են խոսել»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































