Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսն Իրանում ավեր է գործում

Փետրվար 27,2020 23:03

*** Իրանի Առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ այսօր` հինգշաբթի օրվա դրությամբ մոտ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացել են 26 հոգի, հաստատվել է 245 վիրուսակիրի գոյություն, որոնք բժշկական խնամքի տակ են գտնվում: Վարակը նկատել են Իրանի 31 նահանգներից 23-ում: Վիրուսի տարածման կենտրոն Ղոմ քաղաքում երեկ մահացել են նաև Իրանի կանանց ֆութզալի ազգային հավաքականի անդամ Էլհամ Շեյխին և Վատիկանում Իրանի երբեմնի դեսպան Հադի Խոսրոշահին:

*** Վարակվել են նաև իսլամական խորհրդարանի երեք պատգամավոր` մեկը Ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, Առողջապահության նախարարության մեկ փոխնախարար, Ղոմ քաղաքի բժշկական համալասարանի ռեկտորը, Թեհրանի մեկ թաղապետ և հանրապետության նախագահի կանանց հարցերով խորհրդական տիկին Մասումե Էբթեքարը:

*** Կառավարության որոշումով ախտահանվում են հանրային և մարդաշատ վայրերը, փողոցները և հանրային ամեն տեսակի տրանսպորտային միջոցները: Որոշ սրբավայրերի կրոնապետերը դեռևս ընդդիմանում են ախտահանման կապակցությամբ կառավարության որոշումը գործադրելու: Շիաների յոթերորդ իմամի աղջիկ Ֆաթիմե Մասումեի Ղոմ քաղաքում գտնվող շիրիմ-սրբավայրի կրոնապետը հայտնել է, որ հնարավոր չէ հիվանդներին բուժող սրբավայրը հիվանդության տարածման օջախ լինի:

*** Կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող պետական շտաբի նախագահ Զալին Դատական Ուժին խնդրել է կալանավայրերում համաճարակի տարածման դեմն առնելու համար, կալանավորներին արձակուրդ տալ: Նախապես նման կոչով դիմել էին բանտարկյալների հարազատները, իսլամական խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Սադեղին, անվանի իրավապաշտպան Շիրին Էբդին և գահընկեց արքայի որդի Ռեզա Փահլավին:

*** Վտանգավոր այս վիրուսով վարակվել է նաև բրիտանացի լրագրող Ջոն Ըսնոն (Jon Snow). նա բրիտանական լրատվական 4-րդ ալիքի (Channel 4 News) լրագրող է և Իրանում մասնակցել է խորհրդարանական ընտրությունների լուսաբանման աշխատանքին: Այդ ընտրությունները կայացան 20 փետրվարին և հենց այդ օրվանից հայտարարվեց մահաբեր վիրուսի տարածման մասին:

*** Ուրբաթօրյա աղոթքների շտաբը բեկանել է վաղվա հասարակաց աղոթքների արարողությունը. փակ են դպրոցները, բարձագույն ուսման հաստատությունները, կինոթատրոնները, մարզական միջոցառումներն ու այլ հանրային հանդիսությունները:

 

Տիգրան Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829