Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը, նավթի գների անկումը և Իրանին սպառնացող անվտանգության նոր մարտահրավերները

Մարտ 31,2020 23:54

Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը վերածվել է կորոնավիրուս (Covid -19) հիվանդության բռնկման կենտրոնից մեկը և հիվանդությամբ վարակված մարդկանց աճող թիվը մտահոգություն է առաջացրել Իսլամական համակարգի իշխանության վերնախավում՝ անվտանգության և երկրի անմխիթար տնտեսության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու քաղաքական ուղղությունների և իշխանությունների անհամաչափ մոտեցումների վերաբերյալ:

Չնայած Իրանի իսլամական հանրապետության իշխանության բնորոշ վարչաքաղաքական համակարգի կողմից ցանկացած սոցիալական և անվտանգության սպառնալիքի նկատմամբ կտրուկ մոտեցում ցուցաբերելու կամ կանխարգելմանն ուղղված քայլերի դիմելու անորոշություններին և ապատեղեկատվության և որոշումներ կայացնելու ձգձգումներին, Իրանում կորոնավիրուսի բռնկումից հետո, իրանական 1399 թվականի Նովրուզի սկզբին իսլամական կառավարության կողմից սահմանված ժողովրդի ճանապարհորդության արգելումը, արդյունաբերության և գործարանների և բազմաթիվ ավիաընկերությունների և տուրիստական ընկերությունների փակվելը պատճառ են դարձել, որ Իրանի շատ պաշտոնյաներ և չճանաչված հասարակական կազմակերպություններ ու խմբեր նախազգուշացնելով կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքի մասին, սկսեն քննարկել դրա հաղթահարման ուղիները: Բայց Իրանի կառավարությունը հաշվի առնելով երկրի տնտեսական ահավոր վիճակը պատրաստ չէ բոլոր քաղաքներում ժողովրդին կարանտինայի մեջ պահելու մասին որոշում ընդունել։

Ավելին` Իրանի իշխանությունները սկզբում կորոնավիրուսի տարածման մասին լռություն պահպանելով և այնուհետև հերքելով վիրուսի բռնկումը, ակամայից նպաստեցին վարակի տարածմանը ամբողջ երկրում և հարևան ու եվրոպական մի քանի այլ երկրներում։ Վիրուսի տարածումը բացահայտվելուց հետո էլ կառավարության կրավորական դիրքի պատճառով և իշխանության անտարբերության ուղղված ներքին ու արտասահմանյան քննադատություններից հետո Իրանի գերագույն առաջնորդն նախ Ռոհանիի կառավարությանը հանձնարարեց վերահսկել ու կառավարել իրավիճակը, սակայն կառավարության անկարողության և անտարբերության հետևանքով այաթոլլահ Խամենեին ուղղակիորեն Պահապանների կորպուսին հրահանգեց միջամտել կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքին և դաշտային հիվանդանոցներ ստեղծել օրավուր աճող վարակված հիվանդներին ընդունելու և բուժելու համար։ Սակայն, հաշվի առնելով Իրանի հոգևոր իշխանության վերնախավում տիրող քաղաքական թաքուն մրցակցության ու տարբեր թևերի պայքարին և պետական համակարգում որոշում կայացնող հիմնական բևեռի և բազմազան ուժային և կլանային կառույցների միջև առկա մրցակցության և զգալի անտարբերությանը, մահաբեր Covid -19 հիվանդության դեմ պայքարի խիստ թերի ջանքերին զուգահեռ, Իրանում, հիվանդության երկարաժամկետ տնտեսական և քաղաքական հետևանքների վերաբերյալ մտահոգությունները նույնպես ավելացել են: Նման պայմաններում, Covid -19 հիվանդությունը քաղաքական պայքարի հարթակ է դարձել ԻԻՀ նախագահ Ռոհանիի այսպես ասած չափավոր կառավարության կողմնակիցների և իսլամական համակարգի հոգևոր իշխանության ծայրահեղական կուսակիցների միջև, որի պարտվող թույլ կողմը, անկասկած, նախագահ Ռոհանին է։ Իրանի ծայրահեղական իշխանության համար սա բացառիկ առիթ է, որ բոլոր դժվարությունները բարդելով իրականում անկարող կառավարության գլխին ընդմիշտ ազատվել չափավոր կամ ռեֆորմիստ ներպետական խմբակցության ներկայությունից երկրի քաղաքական դաշտում և ստեղծել միատարր հետևորդներով՝ միակուսակցական երազած համակարգ, որտեղ բոլորը կհետևեն ու կենթարկվեն ուժային միակ առանցքի հրամաններին։

Այս օրերին, երբ կորոնավիրուսի տարածումը գլոբալ մարտահրավեր է դարձել բոլոր երկրների համար, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խստացրել են սոցիալական և տնտեսական առանց այն էլ անտանելի պայմանները Իրանի ժողովրդի համար։ Չնայած Իրանի իսլամական համակարգի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ի տնտեսական և առողջապահական պատժամիջոցները համարվում են միջազգային պարտավորությունների և մարդու նախնական իրավունքների խախտում, սակայն իրականում դա միայն պատրվակ է, կորոնավիրուսի տարածման չարաբաստիկ առիթը օգտագործելով՝ միջազգային հանրության մոտ ԱՄՆ-ի վրա քարոզչական ճնշում գործադրել, որպեսզի վերջինս համոզվի Իրանի միջուկային ծրագրի հարցով հակաիրանական սահմանված պատժամիջոցները լիովին կամ գոնէ մի մասը չեղարկելու համար։
Իրանի իշխանությունների այս պնդումները կատարվում են այն պայմաններում երբ, մարտի 22-ին Նովրուզի և տոնի առիթով հեռուստատեսային ուղիղ եթերում ունեցած ելույթում Իրանի իսլամական համակարգի հոգևոր գերագույն առաջնորդ Այաթլլահ Ալի Խամենեին, ամերիկացի պաշտոնյաների այն հայտարարություններին, թե այդ երկիրը պատրաստ է բժշկական օգնություն տրամադրել Իրանին, ասել է.«Քանի որ այդ երկիրն ինքն ունի համապատասխան բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս, ո՞ր խելացին կընդունի ԱՄՆ-ի օգնությունը, որը մեղադրվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ամերիկացի պաշտոնյաներին ստախոս և ահաբեկիչներ անվանելով, ասել է.«Հնարավոր է, որ ամերիկացիները որպես օգնություն ուղարկեն դեղորայք, որն ավելի խթանի կորոնավիրուսի տարածումն Իրանում»:

Պետք է նշել նաև, որ ներկայիս նավթի գնի անկման ֆոնին, և չնայած կորոնավիրուսի պայմաններում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու Իրանի բարեկամ որոշ երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերին, եվրոպական մեծ թվով բանկերում գտնվող Իրանի ակտիվները սառեցվել են՝ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցների պատճառով: Սա լուրջ մարտահրավեր է ուղղված Իրանի իսլամական հանրապետության հոգևոր-ռազմական ծայրահեղ իշխանության դեմ։ Չնայած Իրանի Նավթի նախարարության ներկայացուցիչ Քասրա Նուռիի արձագանքին նավթի գների իջեցման OPEC+երկրների միջև պայմանավորվածության կապակցությամբ , որ նավթի գների անկումը չի ազդի Իրանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով «հատուկ իրավիճակն ու ԱՄՆ կողմից սանկցիաների առկայությունը», սակայն Իրանի պետական համակարգում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շրջանում ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությունը և նավթի գների անկումը չի մնացել անարձագանք, իսկ դա ևս դրսևորվել է հատուկ քաղաքական հռետորաբանությամբ ու սպառնալիքի լեզվով:

Իրանում կորոնավիրուսի տարածման լուրջ սպառնալիքի ֆոնին և տնտեսական անմխիթար ու աճող սոցիալական դժգոհությունների պայմաններում, Իրանի իշխանությունները ներքին պետական վարչակառավարման թերությունները կոծկելու և կորոնավիրուսի բռնկումը կանխելու ուղղությամբ կառավարության կրավորական քայլերի հանդեպ անտարբեր ժողովրդին վստահություն ներշնչելու նպատակով դիմել են երկակի քաղաքականության, մի կողմից ներպետական ծայրահեղական թևի սուր քննադատության և Այաթոլլահ Խամենեիի ճնշման տակ գտնվող կառավարությունը և նախագահ Ռոհանին բարձր են գնահատել բոլոր բժիշկների և բուժանձնակազմի ջանքերը ու նվիրվածությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Չնայած Իրանի առողջապահական համակարգը գտնվում է ամենավատ պայմաններում և հիվանդության բռնկման առաջին օրվանից դիմակայում է տեխնիկական և բժշկական պարագաների ու դեղորայքի խիստ պակասը, սակայն Հասան Ռոհանին պնդել է, որ այս պահին հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ տարվող ջանքերն արդյունավետ են և առողջապահական համակարգի և բժշկական կենտրոնների բուժանձնակազմերի միջև առկա է արդյունավետ համագործակցություն: Ռոհանին կառավարության կաբինետի նիստում նաև անուղղակիորեն անդրադարձել է, Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման նորընտիր երկու ակնառու պատգամավորների կողմից իր կառավարության բացթողումների դեմ հնչեցրած սուր քննադատություններին և իսլամական համակարգի բոլոր գործիչներին կոչ է արել կորոնավիրուսի բռնկման պայմաններում պահպանել միասնությունն ու խուսափել քաղաքական պայքարից։ Սա վկայում է, որ երկրում կորոնավիրուսի աղետի պայմաններում և տնտեսական անկման եզրին հասած Իրանի հոգևոր և ռազմական իշխանության վերնախավում, նախագահական ընտրություններից առաջ, նախագահության ինստիտուտին տիրանալու ուղղությամբ ընթանում է ներիշխնական անողոք պայքար։

Մյուս կողմից հետաքրքիր է Ռոհանիի թիմակից Արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆիի կողմից կիասմեռ (կասեի լիովին դիակ դարձած) ՀԳՀԾ-ն փրկելու և ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ տարած դիվանագիտական ջանքերը միջազգային հարթակում։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Եթե կորոնավիրուսի պանդեմիան կարողանա վեջ տալ աշխարհում անպատասխանատու և միակողմանի քաղաքականություններին, ապա պետք է աշխարհը դեմ գնա ԱՄՆ-ի միակողմնակի քաղաքականություններին և չի կարելի թույլ տալ, որպեսզի ԱՄՆ-ը շարունակի հակաիրանական պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականությունը, միաժամանակ հայտարարելով նոր պատժամիջոցների սահմանման մասին»: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ներկա պայմաններում, պատժամիջոցների չեղարկումը բարոյական պարտավորություն է։

Ակնհայտ է, որ Զարիֆի հայտարարությունները ուղղված են կորոնավիրուսի պայմաններում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների թուլացման և միջազգային հանրությունից նյութական և ֆինանսական օգնություն ստանալու ուղղությամբ։ Չնայած Իրանի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չի կարողացել ազդել Իրանի տնտեսության վրա, որը մասամբ ճիշտ է այն առումով՝ որ Իրանի հոգևոր և ռազմական ծայրահեղական իշխանությունները պատրաստ չեն փոխել իրենց քաղաքականությունը միջուկային ծրագրի վերաբերյալ և Միջին Արևելքի տարածաշրջանում պրոքսի պատերազմների տարածման ոլորտում, սակայն տնտեսական ճնշման ամբողջ ծանրությունը բարդված է Ռոհանիի կառավարության և Իրանի ժողովրդի վրա, սակայն նախագահության ինստիտուտն միանգամայն անտարբեր և կրավորական քաղաքականություն որդեգրելով փորձում է իրեն արդարացնել և բոլոր դժվարությունները հասցեագրել ԱՄՆ-ի պատժամիջոցներին և ապարդյուն ջանք տանել ՀԳՀԾ-ն փրկելու ուղղությամբ։

Կորոնավիրուսի, նավթի գների անկման և տնտեսական ճգնաժամի քաոսային և կոլապսային դրության պայմաններում հետաքրքիր է Իրանում ազդեցիկ ռազմական իշխանության արձագանքը տեղի ունեցող ոչ նպաստավոր զարգացումների վերաբերյալ։ Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղարի այն հայտարարությանը, թե Իրանի դեմ գործադրվող առավելագույն ճնշման քաղաքականությունը պետք է խստացվի և նույնիսկ դիմել սահմանափակ ռազմական հարձակման Իրանի միջուկային օբյեկտների դեմ, ԻՀՊԿ հրամանատար Գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական ռազմական ներկայությունը այլ արդյունք չի ունենա, քան իրավիճակի սրումը և տարածաշրջանի ժողովուրդներին պատճառված վնասները:

Շաբաթ օրը, Իրանի հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցում, Հուսեյն Սալամին նշել է, որ ԱՄՆ-ը չունի այլ ճանապարհ, քան տարածաշրջանից դուրս գալը: Անդրադառնալով ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների սպանությունից հետո Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին, գեներալ Սալամին ասել է. «Իրաքի Այն ալ-Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հրթիռային հարձակումն ամերիկացիների դեմ պատասխան գործողությունների սկիզբն էր և այդ ընթացքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի լքել տարածաշրջանը»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետից տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազաբազաների դեմ ուղղված հրթիռային հարձակումները և պրոքսի պատերազմները կարող են ավելի ազդեցիկ լինել ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու և պատժամիջոցները ռազմական ուժով վերացնելու համար։ Պահապանների կորպուսի ռազմավարությունը հիմնված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ուժի և ներկայության թուլացման վրա և հերթական հրթիռային հարձակումներով ու ուժի ցուցադրությամբ եվրոպական երկրներին վախեցնելը, որպեսզի նրանց միջնորդությամբ հնարավոր լինի, ներկա պայմաններում ԱՄՆ-ին համոզել՝ ազատել եվրոպական բանկերում Իրանի սառեցված ակտիվները։ Սա ևս, ցույց է տալիս, որ Իրանում արտաքին քաղաքականությունը որոշվում է ուժային կառույցների տարբեր շրջաններում առանց հաշվի առնելու Արտաքին գերատեսչության ղեկավարի վարած դիվանագիտական ջանքերը կամ նախագահության ինստիտուտի, առանց այն էլ թույլ ու կրավորական մոտեցումները՝ ցանկացած ներքին կամ արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Մյուս կողմից, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ռազմավարական խորհրդատվության կենտրոնը, Իրանի ներքին և արտաքին անվտանգության և տնտեսական ու ռազմական սպառնալիքների դիմակայման լուծումը գտնում է՝ 2020 թ․-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում և շարունակելով դիմադրողական քաղաքականությունը սպասում են, ԱՄՆ-ում դեմոկրատականների հավանական հաղթանակին, որպեսզի այնուհետև Իրանում նույնպես նախագահական ընտրություններից հետո առաջացած փոփոխություններով և Իսլամական խորհրդարանում և կառավարության կազմում ծայրահեղականների իշխանության գալով, նոր պայմաններում շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի նոր նախագահի կամ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի վերընտրված նախագահի վարչակազմի հետ։

Թվում է, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի քան 40 տարի ձգվող թշնամությունը չունի վերջնական լուծում, մինչև այն ժամանակ, որ առնվազն Իրանում տեղի կունենան պետական համակարգում արմատական փոփոխություններ։ Անցյալի փորձը ցույց է, տալիս որ, անկասկած, Իրանի կողմից հրթիռային հարձակումներն ու տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա արաբական դաշնակիցների դեմ հրահարած պրոքսի պատերազմները և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարողացել հակամարտող կողմերից որևէ մեկին ստիպել զիջել իր դիրքերը, բացի այն որ նման քաղաքականությունները հանգել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առավել ապակայունացմանը, և նկատի առնելով Իրանի տնտեսական և քաղաքական առավել խոցելի վիճակը աշխարհում, ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշումները հանգել են Իրանի տարածաշրջանային քաղաքականության ագրեսիայի սրմանը և ներքին ճակատում ծայրահեղական թևի ուժեղացմանը, որի անդրադարձը կարող է լինել անկանխատեսելի և ծայրահեղական քայլերի ակտիվացումը տարածաշրջանում և աշխարհում։

Այս բոլորի համատեքստում ուշագրավ է Հայաստանի մոտեցումը մեր հարավային հարևան և բարեկամ երկիր՝ Իրանի նկատմամբ։ Հատկանշական է, որ Իրանում կորոնավիրուսի բռնկման հենց սկզբից, չնայած մեր երկրի խիստ սահմանափակ հնարավորություններին, ՀՀ-ը անմիջապես իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել հարևան երկրին ճգնաժամից դուրս գալու համար։ Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ:

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրանցի գործընկերոջը Նոուռուզի տոնի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:

Մյուս կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը։ Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Սա տեղի ունեցավ նախքան այն որ, վերջերս, Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, Իրաքի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղած նամակում պահանջել են չեղարկել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, նշելով. «Որոշ երկրներ այսօր բախվում են պատժամիջոցների և նրանց իրավունքները խախտվում են: Պատժամիջոցները խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարին»: Հայաստանի բարի դրացիական և մարդասիրական մոտեցումը Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ ապացուցում է, հայ-իրանական բարիդրացիական և վաղեմի բարեկամության և հարաբերութունների ընդլայնման և պահպանման անհրաժեշտության մասին, անկախ երկու երկրների ներքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող զգալի փոփոխություններին, կողմերը պետք է խթանեն տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին։

Այնուամենայնիվ կորոնավիրուսը, անկասկած, առանցքային փոփոխություններ է ստեղծելու աշխարհի և մեր տարածաշրջանի ռազմավարական և քաղաքական հավասարումներում։ Կորոնավիրուսից հետո աշխարհում և տարածաշրջանում զարգացումները հանգելու են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Պարսից ծոցում ուժերի հավասարության փոփոխությանը։ Կորոնավիրուսի համաշխարհային մեծ վնասը մի նոր պատմություն է, մի վնաս, որից հավասարապես տուժելու են, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Պարսից ծոցի ԱՄՆ-ի դաշնակից երկրները և Իրանի իսլամական հանրապետության պրոքսի պատերազմի մեջ ներգրավված ուժերը, իսկ Վաշինգտոնը և Թեհրանը այսուհետև փորձելու են համակերպվել այս հիվանդության հաղթահարման հետևանքով տարածաշրջանում առաջացող նոր իրականության հետ։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031