«Ոչ վաղ անցյալում՝ հեղափոխության օրերին, քաղաքացիներից լսում էի՝ «ոստիկանը մերն է», «ոստիկանը մերն է», սակայն այսօր՝ այս դժվար ժամանակահատվածում, ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, որն աշխատում է գրեթե ամբողջ օրը՝ գրեթե բոլոր փողոցներում, բակային տարածքներում, ճանապարհներին: Բայց լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները տարբեր պատճառաբանությամբ փորձում են ոստիկանի օրինական պահանջներն ու պարետատան ցուցումները չկատարել»,-պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այսօր հայտարարեց ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:
«Ակնհայտ է, որ նման վերաբերմունքը ոստիկանի հանդեպ արհեստական լարվածություն է ստեղծում: Հատկապես երիտասարդներին կոչ եմ անում պահպանել իրավական ռեժիմը, կրել դիմակներ՝ առանց այն իջեցնելու դնչի վրա: Այն ամբողջությամբ պետք է ծածկի բերանը: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները, տեսնելով ոստիկանի, արագ ստեղծում են իրավիճակ, կարծես թե պահպանել են ցուցումները: Խիստ արձագանքի դեպքում էլ արհեստական լարվածություն են ստեղծում ու ասում, թե ոստիկաններն անօրինական գործողություններ են կատարում»:
Մինասյանը շեշտեց. «Այո, ոստիկանները կարող են կիրառել հարկադրանքի միջոցներ, եւ այս ճգնաժամային իրավիճակում դրանք կիրառվում են: Սակայն մեր նպատակը տուգանելը չէ, մենք չենք ուզում դա: Հակված ենք այն հորդորին, որ ամեն քաղաքացի այնքան իրավագիտակից պետք է լինի, որ հասկանա իր գործողությունների լրջությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































