Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսաավտորիտար ռեժիմի ցուցիչները

Հուլիս 09,2020 10:00

Ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի քաղաքական ռեժիմը: Այսօրվա իշխանությունների ջատագովները կասեն, որ «Սերժի վախտ» բռնապետություն էր, իսկ ահա հեղափոխությունից հետո մեր երկրում ժողովրդավարություն է հաստատվել: Իսկ «նախկինները» պնդում են, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանում ժողովրդավարություն էր, բայց եկավ Նիկոլը, եւ վրա հասան բռնապետության «սեւ տարիները»: Անձամբ ինձ մոտ երկրորդ պնդումն ավելի լայն ժպիտ է առաջացնում, քան առաջինը, բայց վերջին հաշվով, կարծում եմ, երկուսն էլ սխալ են:

Ես համաձայն եմ այն քաղաքագետների հետ, որոնք հետխորհրդային 12 երկրները (Մերձբալթյան երկրները, բնականաբար, լրիվ այլ՝ եվրոպական թեմա են) բաժանում են երկու մասի՝ ավտորիտար եւ կիսաավտորիտար: Վերջիններիս թվին, բացի Հայաստանից, պատկանում են նաեւ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Ղրղըզստանը: Ընդ որում, այդ տարբերակումն առաջացել է ոչ թե վերջին երկու տարիների ընթացքում, այլ գործում էր միշտ՝ շուրջ երեք տասնամյակ: Մնացած 7 երկրներում ժողովրդավարության վիճակն ավելի վատն է. ըստ էության, չկա խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմություն, գրեթե չկան քիչ թե շատ ազդեցիկ ընդդիմադիր լրատվամիջոցներ, իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար կամ ընդհանրապես չի փոխանցվում:

Կիսաավտորիտար երկրներում կան բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, նաեւ՝ խորհրդարանում, կան ազատ լրատվամիջոցներ, կա իշխանության սուր քննադատություն, իշխանափոխություն այսպես թե այնպես տեղի է ունենում, չնայած (օրինակ, Հայաստանում) հաճախ ուղեկցվում է փոքր կամ մեծ ցնցումներով: Այդքանով հանդերձ՝ վերոհիշյալ երկրներում ընդդիմությունը որեւէ ազդեցություն չունի որոշումների ընդունման վրա, խորհրդարանում կա մեծամասնություն, որն անվերապահորեն կատարում է երկրի ղեկավարի հրահանգները: Մեր պարագայում 89 պատգամավորներ միահամուռ քվեարկում են «ինչպես որ պետք է», եւ հիմա արդեն կարող են նեղություն չքաշել՝ Ազգային ժողով գալու համար եւ իրենց հավատարմությունը հայտնեն նամակների միջոցով:

Եթե ընդդիմադիրները գալիս են նիստի, լինում են քննարկումներ (երբեմն՝ սուր եւ էմոցիոնալ), եթե չեն գալիս՝ 20 օրենք կարող են ընդունել կես ժամում, բայց երկու դեպքերում էլ արդյունքը նույնն է: Մի խոսքով, ամեն ինչ կախված է մեկ մարդուց, որի իշխանությունը որեւէ ձեւով չի հակակշռվում: Որպես կիսաավտորիտարիզմի «հոգեւոր» դրսեւորում կարող եմ նշել համատարած քծնանքը: Մասնավորապես, ներկայիս Հայաստանում «ներկաներին» քծնելու լավագույն ձեւը «նախկիններին» հայհոյելն է եւ վերջիններիս դեմ «վճռական գործողությունների» կոչերը («ինչո՞ւ ես այդքան բարի, թագավոր ջան, ու չես ոչնչացնում ազգի թշնամիներին»): Կրկնեմ, այս համակարգը հիշյալ երկրներում գոյություն ունի, ստեղծվել է ոչ թե երկու, այլ 30 տարի առաջ:

Ինչո՞ւ է հեղափոխությունից հետո համակարգը մնացել նույնը: Այդ հարցի պատասխանն ինձ համար չափազանց պարզ է. որովհետեւ հայաստանցիների մեծամասնությանը բացարձակապես չի հետաքրքրում, թե որ քաղաքական ռեժիմի օրոք են նրանք ապրում: Մարդիկ 2018 թվականին փողոց էին դուրս եկել ամենեւին ոչ ժողովրդավարության համար, այլ այն իշխանության դեմ, որից նրանք, մեղմ ասած, հոգնել էին: Պետք է ենթադրել, որ որոշ ժամանակ անց նրանք կհոգնեն նաեւ այս իշխանությունից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. henri says:

    Չգիտեմ ինչպէս կոչել այս իրավիճակը ։
    Վեր դարձուր վար դարձուր տարբերութիւն չունի Միապետութենէ , եթէ նոյնիսկ ՛՛ժողովրդական ՛՛ շարժումով ծնած ըլլայ … քուէրկութիւններու բացարձակ մեծամասնութիւնը «սկզբնական մեղքի մը արդիւնք է »
    և չի ներկայացներ երկրի մեծամասնութեան ձայնը ,ճաքերը կամաց կամաց կը յայտնուին և նոյն ժողովուրդը կրկին փողոց կ՛իջնէ իր սխալը սրբագրելու ուրիշ սխալով մը.Խօսարանի որոշումները մինչեւ որ մի քանի ձայնի առաւելութեամբ
    չընդունուին ՛՛քառակուսի-շրջանակի՛՛ նման մի բան կը դառնայ երկրին քաղաքական վիճակը,այլապէս ամէնէն ժողովրդավար վարչապետն ալ գալու ըլլայ ի վերջոյ « Բռնաւոր» պիտի կոչեն։

    • Հ.Շ. says:

      Ան որ իր քուէն տուեց այս վարչակարգին, եւ նաեւ ան որ բնաւ չքուէարկեց, իրաւասու չէ գանգատելու, մինչեւ 2023 – այդ տարուան, վերջը -, խորհրդարանային յաջորդ հերթական ընտրութիւնները : Որեւէ արդարացում չկայ, անոնց կողմէ որեւէ բողոքի: Խաբուիլ-մաբուիլ, պարապ բաներ: Ամէն ինչ ալ սկիզբէն յայտնի ու բացայայտ էր, եւ ամիսներ շարունակ այդպէս էր, մինչեւ ընրտութիւնները: Ասում էին, մե՛նք ենք տէրը մեր երկրին, հըլա ուրեմն տէր թող կանգնին իրենց որոշումին, իրենց ազատ կամքով կատարած ընտրութեան: Basta!

  2. Սարգիս Զեյթունյան says:

    2015թ. Էդուարդ Շարմազանով. «…մենք դեռ երկար ենք լինելու իշխանության …. Նենց որ մահախոսականները պահեք ձեզ»
    2020թ. Ալեն Սիմոնյան. «Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա: …Հիմա առավել եւս անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների հետ կապված լուրջ մեկնաբանություններով հանդես գալ:»

    …Այնպես որ, ոչ միայն համակարգն է նույնը, այլև մարդիկ դրա մեջ: Բայց վախենամ, որ տարբերությունը կզգանք շատ շուտով՝ առաջիկա ընտրություններին ու դրանից անմիջապես հետո: Չեմ կարծում, թե միջակությունների ՙՙկիսաավտորիտար ռեժիմը՚՚ կարող է երկար կյանք ունենալ:

  3. Հ.Շ. says:

    Յոգնութիւնը, որպէս միակ հիմնական պատճառ՝ յեղափոխութեան: Վախնալիքը այն է որ, ճիշդ է այս վերլուծումը: Սակայն մէկ քայլ աւելի գնանք (pun intended), յոգնութիւնը միայն վարչակարգը բաղադրող անձերի նկատմամբ չէ: Այլ՝ արտակարգ դժուարութիւնների դէմ պայքարելու յոգնութիւնն է, որ կ’արտադրէ այն պատրանքը, թէ մի այլ վարչակարգ կարող է, հրաշքով – կախարդական ցուպով (փայտիկը բաւարար չէ) -, արագօրէն բոլոր խնդիրները լուծել:

    Մի անգամ այս էջին վրայ գրած էիք որ այժմու Հայաստանում երեք հատ յեղափոխութիւն տեղի ունեցած է: Խնդրեմ լաւ հաշուէք՝ 6 հատ է այդ յեղափոխութիւնների թիւը: 27 տարիների ընթացքում: Իսկ եթէ նկատի առնենք նաեւ Առաջին Հանրապետութիւնը՝ 7 յեղափոխութիւններ:

    Իսկ այժմու յեղափոխութիւնը տեւում է արդէն երկու տարիներէ ի վեր, եւ դեռ շարունակուելու է հաւանաբար մինչեւ 2023: Վեց տարի, յեղափոխութիւն… Երեւի այդ ալ յոգնեցուցիչ է:

  4. Ruben says:

    2015 թվականին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախապատրաստում էր բացառապես իր փախուտսը ապահովելու համար: Ի տարբերություն Քոչարյանի, որը կողոպտածը տեղափոխեց Ռուսաստան, Սերժը փախչելու է արեւմուտք: Մասոններն ու դաշնակները տեր կկանգնեն: Ո՞ր հիմարը կցանկանա պատասխանատվություն ստանձնել նախորդների գողացածի եւ պարտքերի մեջ կորած պետության համար (խաչագողի տեսակետ):

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/27/953282/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Ruben says:

    «Ո՞վ է տեսել փայտից մաշա Կամ բոշայից դառած փաշա»: «Սուտ չէ Քյորօղլու ասածը, Նրա երգածն ու խոսածը. Փալասներում մեծացածը Զարդի պատիվն ի՞նչ կիմանա»։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/25/952624/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031