Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ են մանրամասներ

Օգոստոս 07,2020 10:00

Եթե ես գրեմ, որ լրագրությունն իջել է բամբասանքի մակարդակի, ապա դա գուցե շատերին դուր գա, բայց ես գերադասում եմ նման ընդհանրական գնահատականներ չտալ: Դա մոտավորապես նույնն է, որ ասեմ, թե մարդիկ վերջին 20 տարում ավելի չար (ավելի բարի), ավելի երջանիկ (ավելի դժբախտ) են դարձել կամ՝ որ առաջ իշխանավորներն ավազակներ էին, իսկ հիմա՝ հրեշտակներ. առանց մանրամասների՝ դրանք պարզապես հուզական բացականչություններ են: Լրագրության մասին իմ նման պնդումն ավելի շուտ նման կլիներ տարիքն առած մարդու փնթփնթոցի՝ «ամեն ինչ փչացել է, բա առաջ էդպե՞ս էր»:

Վերջապես, ես չեմ կարող նման բան պնդել, որովհետեւ այն 2-3 դարերի ընթացքում, ինչ գոյություն ունի լրագրությունը՝ որպես առանձին մասնագիտություն, բոլոր երկրներում միշտ եղել են լրագրողներ եւ լրատվամիջոցներ, որոնք գերադասել են բամբասանքը, ինչպես նաեւ՝ այնպիսիք, որոնք նախընտրում էին տեղեկություններ հաղորդել: Թե ինչն է, ընդհանուր առմամբ, շատացել կամ քչացել, հնարավոր չէ որոշել, ինչպես անհնարին է չափել, թե որքանով են մարդիկ 20 տարում երջանիկ կամ դժբախտ դարձել:

Երբ գիտության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման հեղինակավոր մարդն ասում է, որ մեր պատմագիտությունը դեգրադացիա է ապրում եւ իջնում է գավառական, հայդատական եւ կեղծարարական մակարդակի, ինձ մոտ հարցեր են առաջանում: Գուցե մասնագետների համար պարզ է, թե ում եւ ինչը նկատի ունի Առաջին նախագահը, բայց քանի որ այդ տեքստը դրված է հրապարակային, ոչ մասնագիտական հարթակում եւ գրված է «կրթության նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով», այդ մի քանի նախադասություններն ակնհայտորեն բավարար չեն: Անհրաժեշտ են մանրամասներ՝ ահա ա՛յս պնդումների, ա՛յս տեսակետների կողմնակիցները գավառամիտ են, հայդատական եւ կեղծարար: Եվ հետաքրքիր է, կա՞ն արդյոք, ըստ Տեր-Պետրոսյանի,  Հայաստանում աշխատող պատմաբաններ, որոնք ունեն հակառակ տեսակետները: Ինձ թվում է, օգտակար կլինի մեր ընթերցողներին ծանոթացնել նաեւ այդ «ոչ-հայդատական» տեսակետների հետ:

Առանձին հարց են, իհարկե, հանրակրթության չափորոշիչները, որոնց դեմ  բողոքում են Հայաստանի պատմաբանների եւ բանասերների մեծ մասը (ենթադրաբար՝ «գավառամիտ»). ինձ թվում է, այս խնդիրը միայն որոշ չափով է առնչվում գիտության հետ՝ այն առումով, թե ի՛նչը պետք է մատուցվի դպրոցականներին: Բայց, որքան հասկանում եմ, տվյալ դեպքում ավելի կարեւոր  է, թե ինչպե՛ս է դա մատուցվելու, եւ այդտեղ իրենց խոսքը պետք է ասեն դպրոցի հետ անմիջական առնչություն ունեցող մանկավարժները, որոնք հիմնականում լռում են: Այն ուսուցիչները, որոնց կարծիքին ես վստահում եմ, ասում են մոտավորապես հետեւյալը. հայեցակարգային առումով նախարարությունը գնում է ճիշտ ուղղությամբ, բայց նյութը հում է եւ կարիք ունի բազմաթիվ լուրջ շտկումների եւ մանրամասների: Դարձյալ՝ մանրամասնումներ:

Իսկ ընդհանրապես նման բանավեճերի առկայությունը ես դրական երեւույթ եմ համարում. ուրեմն, մեր հասարակությունն անտարբեր չէ գիտության եւ կրթության խնդիրների նկատմամբ: Դա առողջ դրսեւորում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    30 տարի ետք, այդ մարդուն համար/ նոյն նիւթն է, նոյն խնդիրն է… Հայաստանի անկախացման եւ Արցախի ազատագրումի օրերի Նախագահն է, սակայն մինչեւ ծուծին ծուծը, մնաց՝ Սովետի էակ, Homo Sovieticus, եւ իր կեանքի մայրամուտին, տակաւին բան չէ հասկացած… սակայն նաեւ հիմնականօրէն իր պատճառով է որ, երեսուն տարիներէ ի վեր, Հայաստանu տեղքայլ է անում, եւ Հայութիւնը բզիկ-բզիկ է…

    «Առաջին Նախագահին վերջին սխալները» ՝
    https://haytougchamlian.blog/առաջին-նախագահին-վերջին-սխալները/

  2. Ruben says:

    Առաջին անգամ եմ լսում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտության մեջ հեղինակավոր մարդ է եղել կամ կարող է դառնալ: Եթե նա պաշտպաներ իր դոկտորական թեզը «Սիրիական փայտփորիկների» վերաբերյալ՝ հնարավոր է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԽՍՀՄ ՊԱԿ) նախագահ Վլադիմիր Ա. Կրիուչկովը 1990-ականներին զրահապատ ինքնաթիռ էլ նվիրեր:

    Ինձ մոտ այլևս հարցեր չեն առաջանում ծերունական հյուծանքով / մարազմով / զառամախտով / ծերախտով տառապող Բարխուդարներն ու Միհրանները:

    «1730 թվ. Մեղրիից վերադառնալով, որտեղ հերթական հաղթանակ էր տարել թուրքերի դեմ, Մխիթարը կանգ է առնում Խնձորեսկում, մելիք Բարխուդարի ապարանքում, որտեղ էլ դավադրաբար սպանվում է նույն մելիք Բարխուդարի որդու, Միհրանի և մի քանի դավաճանների կողմից: Գլխատելով Մխիթարի դիակը, դավաճանները սլանում են Թավրիզ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Աբդուլլահ փաշան (գրավել էր գրեթե ամբողջ Պարսկաստանը): Դավաճանների հետևից Թավրիզ է գնում նաև Գոհարը, փրկելու սիրած տղամարդու գլուխը խայտառակությունից (Աբդուլլահը շատ մեծ գլխագին էր նշանակել Մխիթարի գլխի համար):
    Աբդուլլահը, հարգելով Գոհարի զգացմունքը և քաջությունը, նրան է հանձնում Մխիթարի գլուխը և դավաճաններին: Գոհարը վերադարձի ճանապարհին, Արաքսի Խուդափերին կամրջին, (գտնվում է Արցախում) մի մի ծանր քար է կապել տալիս դավաճան եղբոր և մյուս դավաճանների վզներից և գցում գետը:»

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31