Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան առաջ է տանում ղարաբաղյան իր փուլային պլանը

Սեպտեմբեր 09,2020 12:00

Լավրովը վստահեցնում է, թե՝ կան հանգուցալուծումներ, որոնք «արդարություն կապահովեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի համար»

 

«Մադրիդյան սկզբունքներին» գումարվել են՝ «թարմացված տարբերակներ»

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը կարգավորվի, անցյալ շաբաթ ելույթ ունենալով МГИМО-ի ուսանողների եւ դասախոսների առջեւ, հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնելով, որ օրերս շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: «Մենք զգում ենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը խաղաղվի եւ վերսկսվեն այն հանդիպումները, որոնք կազմակերպում են համանախագահների ներկայացուցիչները տարածաշրջանում», – ասել է նա:

Լավրովը պատասխանելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին՝ մասնավորեցրել է. «Մեր գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձեւավորված համալիր փաստաթղթերի վրա, կան այսպես կոչված` «Մադրիդյան սկզբունքներ, եւ կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված` լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից եւ սկսել մաքուր էջից, կամ էլ ինչ-որ «Պլան Բ»-ի գործողության մեջ դնելու մասին են խոսում: Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ է, վստահ ենք, որ վերջին տարիներին արվածը պետք է մնա որպես մեր հետագա աշխատանքների հիմք: Ես չեմ բարձրաձայնի, թե նախնական ինչ համաձայնություններ կան, դա կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այնտեղ կան հանգուցալուծումներ, որոնք արդարություն կապահովեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի համար»:

Ինչպես երեւում է, Ռուսաստանը, որն այս փուլում հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում գլխավոր եւ ամենաշահագրգիռ միջնորդ, իր հովանու ներքո մշակած պլանն ամեն գնով առաջ է տանելու եւ մոտ ապագայում:

Որ Լավրովն այս հարցում ակտիվություն է ցուցաբերում՝ դեռ գարնանը նրա մի ելույթից պարզ դարձավ: Այս տարվա ապրիլի 21-ին, Լավրովը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ կողմերին ներկայացվել է փուլային տարբերակ: Նա այդ օրն ասաց, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն՝ «այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ»: Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարը պնդեց, որ քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են. «Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ»:

Լավրովը նաեւ արձագանքել էր հարցին, թե արդյոք միջազգային հանրությունն այսօր ունի արդյունավետ մեխանիզմներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը կյանքի կոչելու հարցում: Ի պատասխան, Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել էր, որ այդ բանաձեւերն ընդունվել են ռազմական թեժ գործողությունների ժամանակ` առաջին հերթին կոչ անելով դրանք դադարեցնել ու անցնել խաղաղ բանակցությունների: «Վստահ եմ, որ եթե մենք որոշման հանգենք այժմ քննարկվող փաստաթղթերը ստորագրելու հարցում, դա կարեւորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրագործման ուղղությամբ, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմն ու գալ համաձայնության: Հիմա պետք է պայմանավորվել, եւ հենց դրան ենք մենք ձգտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»:

Այսպես, այս տարի ապրիլին Լավրովն ուղղակի բացահայտեց, որ 2019թ. ապրիլին Մոսկվայում առաջարկներ են ներկայացվել եւ հենց դրանք էլ քննարկվում են: Հիշեցնենք, խոսքը ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների մասին է, որի ավարտին հետեւեց Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են, որ մտադիր են շարունակել դիվանագիտական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։ Արձանագրվել էր, որ հակամարտող կողմերը շահագրգռված են շփման գծում իրավիճակի կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Կողմերը նաեւ պայմանավորվել էին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։ Նախարարները մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն են հայտնել։ Նախարարները պայմանավորվել էին շարունակել շփումները մոտ ապագայում։

Այդ օրվա հանդիպումն անցկացվեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ Վիեննայում մարտի 23-ին կայացած առաջին պաշտոնական բանակցությունների լույսի ներքո: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Փաշինյան-Ալիեւ նշյալ հանդիպմանն էլ հանձնարարականներ էին իջեցվել՝ ԱԳ նախարարների մակարդակով շարունակել բանակցություններն առավել առարկայական:
Հիշեցնենք, որ Վիեննայի նշյալ հանդիպմանը հետեւել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում նշվել էր, որ բանակցություններին Ալիեւն ու Փաշինյանը ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը եւ հետագայում կոնկրետ ու շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։
Ռուսաստանն ակնհայտորեն ստանձնել է ղարաբաղյան բանակցություններում գլխավոր միջնորդի դերը, ինչպես՝ 2009-11 թվականներին էր, երբ ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախաձեռնեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տասնյակ հանդիպումներ, եւ նրա նախաձեռնությունը տապալվեց Կազանում 2011-ին, երբ վերջին պահին Ալիեւը հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո ռուսական կողմի մշակումներն, ըստ ամենայնի, այս փուլում նոր դրսեւորում են ստացել. ռուսական ջանքերով փորձ է արվում կողմերի մոտեցումներն իմի բերել՝ փաստաթղթերում նոր լրացումներ իրականացնելով:

«Մենք եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել ենք մի շարք առաջարկներ», ասում է Մնացականյանը

Անցյալ շաբաթ հրապարակվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը, որում նա արձանագրեց, որ անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, ռազմատենչ հռետորաբանության առկայության եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում: «Անիմաստ է առաջընթաց ակնկալել բանակցային գործընթացում, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, իսկ մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության: Հայատյացության, ռազմատենչ հռետորաբանության պայմաններում անհնար է ենթադրել, որ մենք կարող ենք լուրջ առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում»:

Մնացականյանը հստակ շեշտել է. «Մենք բանակցում ենք այդ թվում նաեւ տարբեր հստակ քայլերի շուրջ, որոնք նպաստում են այդ հռետորաբանության եւ էսկալացիայի նվազեցմանը», ավելին՝ նա ընդգծել է. «Մենք եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել ենք մի շարք առաջարկներ»։

Հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտական գործողություններին անդրադառնալով՝ Մնացականյանն ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, ըստ էության, 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման եւ ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին եւ Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու երկրորդ փորձն էր»: Ապա` նա հավելել է. «Ե՛վ Հայաստանը, եւ՛ Արցախը ունեն բավարար ուժեր, բավարար ռեսուրսներ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, եւ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը եւս մեկ անգամ դա հաստատեց»։

Լրագրողի հարցին, թե՝ կարծիք կա, որ Հայաստանին այնքան էլ հարկավոր չէ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, իբրեւ թե, հողերը վերցված են, իսկ ստատուս քվոն էլ՝ ձեռնտու, ՀՀ ԱԳ նախարարը հակադարձել է, որ համաձայն չէ այդ տեսակետի հետ. «Եվ Հայաստանը, եւ Արցախը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ինչը հնարավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով: Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ: Եվ մենք հետաքրքրված չենք մի իրավիճակով, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր: Այդ առումով խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել եւ մնում է այս հակամարտության կարգավորման կարեւոր առաջնահերթություն»:

Մնացականյանը հաստատում է Լավրովի պնդումը, որ կողմերը հանդիպելու ազդակներ են տվել միջնորդներին, ասելով՝ «մենք պատրաստ ենք հանդիպել եւ իհարկե մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը»։ Սակայն ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հանդիպելու համար, այսպես ասած՝ անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորումը, նշելով. «Անցած ժամանակահատվածում, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, բավական մեծ աշխատանք է տարվել համանախագահների կողմից տարբեր ուղղություններով: Այն ներառել է անմիջապես կարգավորման խնդիրներ, փոխզիջմանը հասնելու համար հիմնական ձեւաչափերին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հարցեր, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, մասնավորապես, ծրագրեր, որոնք կարող են նպաստել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը շարունակում է մնալ աշխատանքի շատ կարեւոր ուղղություն»:

Այսպես, ՀՀ ԱԳ նախարարը խոսում է խաղաղությանը նպաստող միջավայրի, ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին, միաժամանակ ընդգծելով հրադադարի ռեժիմի ամրապնդման ճանապարհին միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրման մասին: Կարելի է ենթադրել, որ հայկական կողմը բանակցություններում պնդում է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո առավել հրատապ դարձած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններով՝ Ադրբեջանից ակնկալվող այդ պահանջի կատարումը:

Մնացականյանը կրկին շեշտել է, որ հայկական կողմի համար բացարձակ առաջնահերթություն է Արցախի կարգավիճակը. «Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացումը առանց որեւէ սահմանափակումների, իրական, շոշափելի անվտանգության ապահովումը Արցախի համար կարեւոր առաջնահերթություն է»: Բացի այդ, նա նաեւ հավելել է. «Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման հարցը շատ կարեւոր է եւ ունի գործնական բնույթ, քանզի այն կամրապնդի բանակցային գործընթացի նկատմամբ սեփականության զգացումը Արցախի ղեկավարության մոտ, որը, ընտրված լինելով Արցախի ժողովրդի կողմից, ունի վերջինիս շահերը ներկայացնելու համապատասխան մանդատ»։

Իսկ հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արցախում հանրաքվե անցկացնելու գաղափարին, Մնացականյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` առանց որեւէ սահմանափակումների համարվում է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի գլխավոր մոտեցումներից մեկը»։

Շարունակությունը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930