Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Տղերքիս լավ կնայեք․.․»․ անմահացած խաղաղապահի վերջին խնդրանքը. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2020 21:40

Դեկտեմբերի 11-ին Խաչատուր Բալասանյանի եւ Մելանյա Բեգլարյանի ամուսնության 13-րդ ամյակն է։ Խաչատուրը Դիլիջանից էր, Մելանյան՝ Կապանից, ծանոթացան Երեւանում եւ 2007 թվականին ամուսնացան։ Առաջին անգամ է, որ Մելանյան չի ստանալու սիրելի ամուսնու ծաղկեփունջը ՝ հերթական սիրո խոստովանությամբ։ «Աշխարհի որ մասում էլ լիներ ծննդյանս ու մեր ամուսնության տարեդարձներին ծաղիկներ էր ուղարկում»,–Aravot.am–ի հետ ասաց անմահացած սերժանտ Խաչատուր Բալասանյանի կինը։

Մելանյայի խոսքով՝ առաջին անգամ, այս օրը՝ տղաների հետ ինքն է ծաղիկներով գնացել Եռաբլուր․․․

35 տարեկան էր Խաչատուրը, ժամկետային զինվորական ծառայությունից հետո սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժական վարժարանում։ Ավարտելուց հետո ծառայությանն է անցնում խաղաղապահ զորքերում։

Սերժանտ Բալասանյանը շատ երկրներում է խաղաղապահ առաքելություն իրականացրել։ Սիրիա, Լիբանան, Կոսովո, Գերմանիա, Աֆղանստան եւ համարյա բոլոր թեժ կետերից վերադարձել էր մեդալներով ու պատվոգրերով։ Վերջին ծառայության վայրը Սիրիան էր։

Հունիսին էր վերադարձել ու սկսեց տան նորոգումը։ «Վերանորոգեց տունը, ընդամենը 10 օր վայելեց, սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնեց առաջնագիծ»,–ասում է Մելանյան։ Կնոջ բնութագրմամբ՝ ամուսինը հավասարակշիռ, միշտ ժպտադեմ, զուսպ ու համեստ, հայրենասեր, ընկերասեր էր։

« Բառեր չեմ գտնում բնութագրելու, բառերը, կարծես, չեն հերիքում, այնքան ընկերասեր էր, որ մեր առաջնեկի անունը ընկերոջ անունն է դրել՝ Արման։ Մի ուրիշ ընկերոջ՝ Գեւորգի երեխաների քավորն էր։ Ընդհանրապես շատ էր սիրում երեխաներին։ Ուր որ գնում էր խաղաղապահ առաքելության, անպայման տեղում ապրող երեխաների հետ պիտի լուսանկարվեր»,–հիշում է կինը՝ ավելացնելով, որ մի ուրիշ տեսակ պաշտում էր իր տղաներին՝ 11-ամյա Արմանին ու 9-ամյա Արամին։

Զբաղվածության պատճառով քիչ ժամանակ էր անցկացնում որդիների հետ, բայց Խաչատուրն առիթը բաց չէր թողնում հայրենասիրություն սերմանելու, հայոց պատմության ուշագրավ դիպվածները ներկայացնելու նրանց։ Հպարտանում էր իսկական հայրենասեր մեծացող, Երեւանի Ալ․ Մյասնիկյանի անվան 66-րդ դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորող իր տղաներով։ «Ասում էր ինձ են քաշել Արմանս ու Արամս, խելոք են, լավ են սովորում։ Ես էլ կես կատակ, կես լուրջ վիճում էի, ասում՝ ես պակասը չեմ, իմ գեներն է կան»,–պատմում է Մելանյան։

Առաջնագծից համարյա ամեն օր զանգում էր, շատ կարճ էր խոսում։ Հադրութում էր ։ Վերջին անգամ հոկտեմբերի 19-ին զանգեց։ «Ասաց՝ կյանքս, կարոտել եմ բոլորիդ, սիրում եմ ձեզ։ Ի՞նչ իմանայի, որ էլ չեմ լսելու Խչոյիս ձայնը, որ վերջին հեռախոսազանգն էր․․․»,–հուզված պատմում է Մելանյան։ Այդ օրը եղբորը՝ Վազգենին էլ էր զանգել, հավանաբար կյանքի վերջին րոպեներին ։ « Ասել էր՝ շրջափակման մեջ ենք։ Ընկերներիս, բոլորին սպանել են, ես եմ մնացել, բայց հույս չկա, որ կփրկվեմ։ Խնդրում եմ՝ տղերքիս լավ կնայեք, ուրիշ բան չեմ ուզում, շատ եմ խնդրում․․»,–ասել էր Խաչատուրը՝ փոքր եղբորը։

Փոքր որդին՝ Արամը զինվորական է ուզում դառնալ։ «Ասաց՝ մամ ջան, մեծանամ, զինվորական եմ դառնալու, Հադրութի առաջնագծում, պապայիս պոստում, թուրքի վիզը կտրելու եմ, վրեժս լուծեմ»,–ասում է Մելանյան։ Հետո Արամը հարցրեց մեծ եղբորը՝ Արմանին, թե հետը կգա՞։ «Կգայի, ախպերս, բայց իրավունք չունենք մամային մենակ թողնելու»,–ասում է Արմանը։

Մելանյան չի թաքցնում՝դեմ է, որ տղաներից որեւէ մեկը զինվորական դառնա։ «Կփորձեմ բացատրել, խոսել նրանց հետ, բայց եթե գենը կա, դժվար կլինի հակառակը համոզել»,–ասում է անմահացած խաղաղապահի կինը։

Մելանյայի խոսքով՝ իր Խչոն աստվածավախ քրիստոնյա էր։ «Միշտ եկեղեցի էր գնում, մոմ վառում, աղոթում առ Աստված։ Իզուր չէ որ անունը Խաչատուր է, Խաչ բառից»,–ասում է կինը եւ ափսոսում, որ ժամանակը հետ տալ չի կարող․․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031