Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ բռնի տեղահանված արցախցիներին նույնականացման քարտ չի տրամադրվում, եւ ի՞նչ բողոքներ ունեն նրանք

Ապրիլ 17,2024 22:22

Այն արցախցիները, որոնք որոշել են ՀՀ քաղաքացիություն ստանալ, չեն կարողանում նույնականացման քարտ ստանալ։ Այս մասին Ստեփանակերտի մամուլի ակումբի հրավիրած քննարկման ժամանակ ասաց ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը։

«Չկա նման որոշում, նման պայմանավորվածություն, եւ հիմա, որքան հասկանում եմ, պետական կառավարման համակարգի ներսում այդ հարցը կարգավորվում է։ Բացի դրանից, իրազեկման լուրջ խնդիր կա՝ արցախահայության զգալի մասը տեղյակ չէ, թե ինչ ծրագրեր են առաջարկվում իրենց։ Կառավարությունը փորձում է իրազեկման խնդիրները լուծել, բայց լուրջ բացթողումներ կան այս հարցում»,- ասաց նա։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը ներկայացրեց պարզաբանումներ բռնի տեղահանված անձանց բարձրաձայնած հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բռնի տեղահանված անձանց բողոքները հիմնականում վերաբերել են անձնագրային ծառայություններում հերթերին։ «2023 թվականի հոկտեմբերի 26-ի համապատասխան որոշումից հետո, որը բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության մասին է, սկսվեց փաստաթղթավորման փուլը, որն ուղեկցվեց մեծ հերթերով։ Այո, իրականում դժվարություններ առաջացան կենդանի ձեւաչափով հերթերը կառավարելու հետ կապված, բայց արդյունքում՝ 4 ամսվա ընթացքում 85 հազարանոց պահանջարկ սպասարկեցինք»,- ասաց նա։

Ըստ նրա՝ բռնի տեղահանված անձանցից 85 հազարն արդեն փոխել է հաշվառումը, իսկ ժամանակավոր պաշտպանության վկայականի համար դիմում է ներկայացրել 88 հազար անձ։

Նելլի Դավթյանը նաեւ ասաց, որ կան կան անձինք, որոնք փախստական են, բայց համաձայն չեն այդ կարգավիճակի հետ։ Նրանց հետ աշխատանք է տարվում, որպեսզի ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնեն։ Եվ կան մի խումբ անձինք, ում անձնական տվյալները, այդ թվում՝ առաջին անձնագրավորումը, ծնվելու պահին ծնողների ունեցած քաղաքացիությունը եւ հաշվառումը վկայում են այն մասին, որ տեղահանված անձը ՀՀ քաղաքացի է։ Այս խմբում էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ունենալ փախստականի կարգավիճակ։

«Բայց այս պարագայում դա անել հնարավոր չէ, այսինքն՝ ապաստանի հայց ներկայացնել եւ անհատական հայցի քննությամբ փախստականի կարգավիճակ ստանալ, այդ սցենարով դիմումներ չենք ընդունում, որովհետեւ ՀՀ քաղաքացին չի կարող նույն պետությունից փախստականի կարգավիճակ հայցել»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում ստանալ նույնականացման քարտ, Նելլի Դավթյանն ասաց․ «Հարցը նոր է ի հայտ եկել այն իմաստով, որ քաղաքացիության դիմումներն ընդունելուց ի վեր նույնականացման քարտ չի տրամադրվել արդեն ՀՀ քաղաքացիություն ստացած տեղահանված անձանց։ Դա բացառապես տեխնիկական խնդիր է, հավաստիացնում եմ, որ առաջիկայում հարցը կկարգավորվի: ԻԿԱՕ ստանդարտով ենք կաղապարված ու կաշկանդված։ Թույլ տվեք հարցը կարգավորել, հետո կքննարկենք՝ համաձա՞յն եք կարգավորման այն մեխանիզմի հետ, որը որդեգրում է կառավարությունը։ Ապրիլի վերջին հարցն արդեն կարգավորված կլինի»։

Արցախցիները բարձրաձայնում են նաեւ այն հարցը, որ տարբեր ոլորտի մասնագետներ Արցախում ծավալել են գործունեություն, եւ երբ այսօր փորձում են Հայաստանում շարունակել իրենց գործունեությունը, կազմակերպություն բացել, նրանց պատասխանում են, որ չեն կարող պետական գնումներին մասնակցել, քանի որ Հայաստանում նրանց ասում են, որ այդպիսի պետություն գոյություն չի ունեցել։ Այսինքն՝ ստացվում է, որ Արցախում ծավալած գործունեությունը Հայաստանում չի ճանաչվում։

Նելլի Դավթյանն ի պատասխան ասաց, որ տեղահանված անձանց վերաբերյալ տարբեր ուղղություններով շտեմարանների միավորման գործընթաց է նախաձեռնվել, կստեղծվի վարչական ռեգիստր, որի շրջանակներում տվյալների բազաները կմիավորվեն՝ որպես տեղահանված բնակչության համապարփակ բազա։

Բռնի տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող արցախցի լրագրող Լիանա Պետրոսյանն ասաց, որ տեղեկատվության պակասը, ապատեղեկատվությունն ու քաոսը հանգեցրել էին նրան, որ բռնի տեղահանված անձինք խառնաշփոթի մեջ էին հայտնվել։ Արցախցիների հիմնական հարցերը վերաբերում են սոցիալական աջակցության ծրագրերին։ Կան մարդիկ, որոնք դեռեւս 100 հազար դրամ աջակցությունը չեն ստացել, հետեւաբար, 40+10 հազար աջակցությունը եւս չեն ստացել։ «Այդ անձանց թիվը մեծ չէ, մեկ ամիս առաջ մոտ 350 հոգի էր մնացել, որ պետք է նույնականացվեր։ Երեկվանից գործարկված 40+10 հազար նոր ծրագրով արդեն շահառու են հանդիսանում նաեւ այդ ընտանիքներում ծնված երեխաները եւ 2020 թվականի տեղահանվածները։ Սակայն այստեղ կա մեկ բացառություն, որ ՀՀ կառավարության՝ 2022 թվականի բնակապահովման ծրագրի մեջ ընդգրկված անձինք այս ծրագրի շահառու չեն։ Եվ այսօր ամենամեծ թվով բողոքներն այդ անձանցից են ստացվում։ Նրանք հիմնականում Քաշաթաղից ու Քարվաճառից բռնի տեղահանված վերաբնակիչներն են, քիչ թվով անձինք կան նաեւ Հադրութի շրջանից։ Այսօր մարդիկ զանգել ասում են՝ համակարգը մեզ ճանաչում է որպես բնակապահովման շահառու, բայց մենք սերտիֆիկատ չենք ստացել։ Սա ինձ համար նորություն է, որովհետեւ եթե մարդը 2022 թվականի կառավարության որոշմամբ շահառու է, ինքը պետք է առնվազն կառավարությունից ստացած լիներ այդ ծանուցումը, որ այդ սերտիֆիկատները պետք է իրացվեն, որովհետեւ դրանցից հրաժարվելու տարբերակ չկա։ Սերտիֆիկատները տրամադրվելու են մինչեւ ամառ, եւ ժամկետները չեն երկարացվելու»,- նշեց Լիանա Պետրոսյանը։

Նա ասաց, որ աջակցության նոր ծրագրից օգտվելու համար մեկ օրվա ընթացքում գրանցվել է արդեն ավելի քան 5200 անձ։ Ծրագրի նոր շահառուների թիվը ավելանալու է մոտ 6000-ով։ Նրանք 2020 թվականին Հադրութի եւ Շուշիի շրջանից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված անձինք են։ Իսկ նախքան Արցախի շրջափակումը եւ շրջափակման փուլում Արցախից Հայաստան տեղափոխված անձինք, ովքեր այն ժամանակ են դիմել Արցախ վերադառնալու համար, նրանք չեն համարվում բռնի տեղահանված եւ զրկված են սոցիալական աջակցության ծրագրերից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930