Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «Միայն այն հանգամանքը, որ բերված ժողովուրդը գոռում էր «Նիկոլ, վարչապետ», դա նշանակում է, որ ինքն էլ կասկածում է դրա վրա»

Դեկտեմբեր 19,2020 21:47

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ համեմատեց երեկվա՝ իրենց եւ այսօրվա՝ վարչապետի կազմակերպած Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի սգո երթերը: Նա Aravot.am-ին ասաց. «Երեկ մեր կազմակերպած երթը իսկապես սգո, Եռաբլուրում մեր զոհված հերոսների հիշատակը հարգելու երթ էր: Դրանով էր պայմանավորված, որ ամբողջ երթի ընթացքում որեւէ խոսք, որեւէ ելույթ, որեւէ կոչ ու վանկարկում չեղավ: Հնչում էին միայն մեր նահատակված տղաների անունները: Եվ տասնյակ հազարավոր մարդկանցից որեւէ մեկը իրեն թույլ չտվեց ոչինչ խոսել, ոչինչ հայտարարել:

Այսօր իրականացվեց PR ակցիա: Վարչապետի աթոռը զավթած դավաճանը օգտագործում է բոլոր լծակները, մարդկանց հավաքում է հրապարակում մի նպատակով՝ որպեսզի ցույց տա, թե ինքը ունի աջակցություն: Բայց ինքն իր գլխում շատ լավ գիտի, որ այդ մարդկանց բերել է ստիպողաբար, եւ որ այդ մարդիկ մտքում հայհոյում են հենց իրեն: Հենց նրա համար, որ ստիպողաբար սուտը դարձրել է իր PR-ի, իր իշխանությունը պահպանելու գործիք՝ ուրիշ ոչինչ:

Իսկ այն, որ նրա երևալով սկսեցին գոռալ «Նիկոլ, Նիկոլ», ակնհայտ երեւաց, որ դա կազմակերպված էր: Այդ մասին բազմաթիվ պետական ծառայողներ են ահազանգել:

Բայց միայն այն հանգամանքը, որ բերված ժողովուրդը գոռում էր «Նիկոլ, վարչապետ», դա նշանակում է, որ ինքն էլ կասկածում է դրա վրա: Այսինքն, իշխանությունը, իրո՞ք, կարիք ունի, որ ինչ-որ մեկը գոռա «Նիկոլ, վարչապետ»: Նիկոլը ընդամենը ուզում է ցույց տալ, թե ինքը վարչապետ է։ Ու իրեն լավ է զգում, երբ ինչ-որ մեկը կողքից գոռում է: Դուք երբեւէ տեսե՞լ էիք, որ գործող իշխանության ղեկավարին որեւէ խումբ հաստատի, որ ինքը իշխանության ղեկավար է:

Իրականում Նիկոլը վախենում է մարդկանցից, այդ թվում՝ իր իսկ հավաքած ժողովրդից: Դուք նրա թիկնազորը նայեք: Անձրեւանոցների տակ զենք են պահում: Նկարները կան: Այդ մարդը չի կարողանում ազատ քայլել այն երկրում, որի ղեկավարն իբր ինքն է: Շատ լավ գիտակցելով, որ Եռաբլուրում, մանավանդ, որ նախկինում էլ հայտարարվել է, լինելու են մարդիկ, որոնք դեմ են նրա այնտեղ լինելուն, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին, գնաց բախումների: Հազարավոր ոստիկանները նրա համար այնտեղ ճանապարհ կբացեն ու նա կմտնի, բայց ինքը Եռաբլուր կմտնի ամոթի միջանցքով եւ հայհոյանքների ներքո»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031