Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, թեկուզ ուշացած, պաշտպանել Արցախի Հանրապետության` որպես պետականության, գոյության իրավունքը․ հայտարարություն

Դեկտեմբեր 26,2020 22:36

Արցախի Հանրապետությունը իր սահմանադրական տարածքների վրա դե ֆակտո կայացած պետություն է: Արցախի սահմանադրական տարածքների մեջ ներգրավված են նախկին ԼՂԻՄ-ի տարածքները և 1988 թվականին Բաքվի կողմից Ադրբեջանական ԽՍՀ հայության դեմ ու 1991-1994 թվականներին արդեն ԼՂԻՄ-ի ազգաբնակչության դեմ վարած ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք մի հատվածն էին Արցախի տարածքների, երբ 1921 թվականին հունիսի 6-ին ապօրինաբար պոկվեցին Խորհրդային Հայաստանից:

Արցախը իր անկախության իրավունքը իրացրել է 1991 թվականի սեպտեմբերին՝ կիրառելով նաև Խորհրդային 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունած հատուկ օրենքը, համաձայն որի ԽՍՀՄ-ից դուրս եկավ նաև Խորհրդային Ադրբեջանը` հայտարարելով մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որտեղ ներգրավված չէր ԼՂԻՄ-ը:

Առաջին Արցախյան պատերազմը ցեղասպանությունից ինքնապաշտպանության եզակի քայլ էր, որի ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ից հայության մասնակցությամբ նաև ցեղասպանից ազատագրվել են 7 շրջանները, ու դրանց իրավատերը միջազգային իրավունքի դաշտում Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 800 հազար հայ փախստականներն են:

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի պետականաստեղծ և տիտղոսակիր ժողովուրդն էր, որի դեմ խորհրդային տարիներին տարվել է քողարկված ցեղասպանություն:

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայության հանդեպ 1987-1990 թվականներին իրականացված բացահայտ ու հակահայ ոճրագործությունը Հայկ ԽՍՀ Գերագույն Խորհուրդը 1990 թվականի փետրվարի 13-ին որակել է ցեղասպանության շարունակություն:

Ադրբեջանական ԽՍՀ-ի հայությունը զսպելով Ադրբեջանի կողմից տարվող ցեղասպանությունը, ձևավորեց և կերտեց իր պետականությունը Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքների վրա:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդդեմ արցախահայության իրականացվեց ադրբեջանա-թրքական ցեղասպանական ագրեսիա ահաբեկիչների աջակցությամբ, խախտվեց Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքը: Այսօր Արցախի սահմանադրական տարածքների հիմնական մասը` շուրջ 9000 քառ.կմ, բռնազավթել են ագրեսոր Ադրբեջանը և Թուրքիան:

Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների վրա կրկին իրականացրին հայության էթնոցիդը, այն էլ հիմնականում ռուսական խաղաղապահ ուժերի զգոն հայացքի ներքո այնպես, ինչպես Մոսկվայի կողմից կառավարվող խորհրդային զորքերի զգոն հայացքի ներքո 1988 թվականին` Սումգայիթում, 1988-1989 թվականներին` Գարդմանում և Գանձակ/Կիրովաբադում, 1988-1990 թվականներին` Բաքվում, իսկ 1991 թվականին “Կոլցոյի” ժամանակ հայության էթնոցիդը իրականացրին խորհրդային զորքերի ուղիղ մասնակցությամբ, այնուհետև 1992 թվականին Շահումյանում` հիմա արդեն Ռուսաստանի ազգային հերոս Շամանովի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ:

Այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ի հայությունը` առավել քան երբեք, կարիք ունի պաշտպանելու պետականություն ունենալու իր իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, թեկուզ ուշացած, պաշտպանել Արցախի Հանրապետության` որպես պետականության, գոյության իրավունքը: Սա է, որ կվերահաստատի հայության իր բնական կենսատարածքի վրա գոյության իրավունքն ու կամրացնի գոյության ապահովմանն ուղղված ներուժը:

Հակառակ դեպքում, հայկական գործող իշխանությունները և քաղաքական վերնախավը վտանգում են հայության ապագան նրա կենսատարածքում:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից և քաղաքական վերնախավից`

  • Ճանաչել Արցախի Հանրապետությունը ԼՂԻՄ ազգաբնակչության և Ադրբեջանական ԽՍՀ-ի հայության պետականություն ունենալու իրավունքի իրացման փաստ:
  • Ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և անկախությունը նրա սահմանադրական տարածքների վրա:
  • Ճանաչել Արցախի Հանրապետության միացումը Հայաստանի Հանրապետության հետ, որպես արցախահայության ինքնության պահպանման և ցեղասպանությունից պաշտպանվելու եզակի միջոց:
  • Ճանաչել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացրած ցեղասպանական ագրեսիան և միջազգային ահաբեկչությունը:
  • Վերահաստատել Հայկ. ԽՍՀ Գերագույն Խորհրդի 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը և ճանաչել Ադրբեջանական ԽՍՀ հայության դեմ 1988-1990 թվականների կատարվածը ցեղասպանության շարունակություն:

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031