Լրահոս
Օրվա լրահոսը

«Թորքը եկել՝ հասել էր էդտեղ, որ Մարտունին էլ վերցնեին, հաշվի լոխ Ղարաբաղը տվալ ենք». Մարտունին պատերազմից հետո

Դեկտեմբեր 29,2020 17:31

Մարտունու փողոցներում ամենուր  մուրճի ձայներ են

«Հենե՜, տեսնո՞ւմ եք էն ճանապարհը, թորքը եկել՝ հասել էր էդտեղ: Մեր տղերքը պահեցին, չթողեցին՝ մտնի Մարտունի: Որ Մարտունին էլ վերցնեին, հաշվի լոխ Ղարաբաղը տվալ ենք: Ո՞նց էինք նայելու Մոնթեի աչքերին»,- ցույց տալով Մարտունուց մի քանի հարյուր մետր ներքեւ անցնող ճանապարհը՝ ասում է Արմենն ու հիշեցնում Մոնթեի խոսքերը՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը:

Արմենը ծնվել եւ մեծացել է Մարտունիում, համարում է, որ Մարտունին տալը հավասար կլիներ Արցախը հանձնելուն: Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է արցախյան առաջին պատերազմում Մոնթեն այդքան ջանք թափել, որ Մարտունին չհանձնենք: Այստեղ, կարելի է ասել, Մոնթեին պաշտում են. մեծից փոքր գիտեն, որ նախորդ պատերազմից Մարտունին հերոսի շնորհիվ է կանգուն մնացել: Այստեղ հերոսի ներկայությունն ամենուր է՝ արձաններ, լուսանկարներ: Մարտունի քաղաքի մուտքը նույնպես Մոնթեն է ազդարարում՝ իր մեծադիր լուսանկարով:

«Մոնթեին էլ դավաճանները սպանեցին»,-խոսքը շարունակում է Արմենը, որը, իմանալով, որ լրագրողներ ենք, հոժարակամ ստանձնել էր Մարտունիում մեզ ուղեկցողի պարտականությունը: Նրա տուն էլ էր վնասվել հրետակոծությունից:

Արմենն ասում է՝ վարչակազմից ոչինչ չի պահանջում, ավելի վատ վիճակում հայտնված մարդիկ կան, որոնց տներն ավերված են, գյուղերը՝ զավթված, եւ քաղաքի իշխանություններն առաջնահերթ նրանց խնդիրը պետք է լուծեն:

Մարտունին պատերազմից ամենատուժած բնակավայրերից է

Պատերազմի 44 օրերի ընթացքում Մարտունիում հրետակոծությունից բնակիչներ էլ են զոհվել, հարյուրավոր տներ էլ՝ ավերվել: Մարտունին պատերազմից ամենատուժած բնակավայրերից է: Այստեղ պատերազմի հենց առաջին օրը անօդաչու թռչող սարքից կին եւ երեխա են մահացել:

Կան բնակիչներ, որ արկը հենց նրանց տան վրա է ընկել: Որ տունն էլ, որ կանգուն է մնացել՝ արկերի բեկորներից կամ հրետակոծության ալիքից վնասվածքներ է ստացել: Այստեղ գրեթե տուն կամ հասարակական օբյեկտ չկա, որ տուժած չլինի. ապակիները ջարդուփշուր են եղել, պարիսպները, տանիքներն ու դարպասները վնասվել են բեկորներից: Մի շարք տների պատուհաններ դեռեւս ապակիներից զուրկ էին, ցելոֆանապատ՝ մինչեւ վարչակազմը ապակիների հարցը լուծի:

Գույքի կորստից մարտունեցիները շատ չեն նեղվում, ասում են՝ նորից կկառուցեն, բայց զոհված համերկրացիների մասին՝ կին թե տղամարդ՝ առանց արցունքի չեն խոսում. «Պարգեւի տունն է, ինքն էլ մնացել է փլատակների տակ, դիակը մի կերպ են հանել»,-հուզմունքը խեղդելով պատմում է Արմենը:

Պարգեւ Սաղյանի տունը Մարտունու Մելքոնյան փողոցում է: Այս փողոցում մի քանի տուն ավիացիայի ռմբակոծությանն է ենթարկվել, որից փրկվելու շանսերը գրեթե զրոյական են եղել:


Պատերազմի օրերին Մարտունիում գրեթե բոլոր ենթակառուցվածքները վնասվել են. գազն ու ջուրն արդեն կան, բայց էլեկտրացանցը դեռեւս վերականգնման փուլում է: Այստեղ օրվա ընթացքում բնակիչներն ընդամենը մի քանի ժամ են լույս ունենում: Վարչակազմի պատասխանատուների խոսքով, հովհարային անջատումները կշարունակվեն այնքան ժամանակ՝ մինչեւ նոր էլեկտրակայանը պատրաստ լինի:

«Տեսնո՞ւմ եք էն սարը, թորքի դրոշն է»

Փողոցներում ամենուր մուրճի ձայներ են. տան ու հարազատների կորստի ցավը սրտներում՝ մարդիկ իրենց ավերված տներն են նորոգում:

Ասում են՝ իրենց հողն է, ոչ մի տեղ չեն գնալու, բայց այստեղ էլ հանգիստ խղճով չեն ապրում, մատնացույց են անում քաղաքից երեւացող բլուրը՝ «Տեսնո՞ւմ եք էն սարը, թորքի դրոշն է, էն կողմն էլ մերոնք են: Առաջին պատերազմից հետո թշնամին երբեք էսքան մոտիկ չի եղել, հիմի ուղիղ մեզ է նայում: Էնպես չի, որ վախենում ենք, բայց, որ գիտես՝ գլխիդ կանգնած է …»:

Մեզ հետ զրույցում Վադիմ Դանիելյանը, որը Մարտունու վարչակազմի ղեկավարի տեղակալն է, ասում է՝ պատերազմի օրերին Մարտունուց դուրս եկածները հիմնականում վերադարձել են:


Տիկին Ռոզան պատերազմի օրերին տուն-տեղ փակել դուրս է եկել՝  հույսով, որ վերադառնալու է: Տունը կանգուն է մնացել, բայց բոլոր ապակիները կոտրված են եղել, հավերն էլ՝ քաղցից ու ծարավից սատկել: Ասում է՝ աչքին ոչ մի բան չի երեւում, միայն թե թոռը կենդանի գտնվի: Մի քանի ամիս է 19-ամյա թոռանից տեղեկություն չկա: Ասում է՝ ոչ մահացածների մեջ են գտնում, ոչ՝ կենդանի զինվորների: Տիկին Ռոզայի մյուս թոռն էլ պատերազմում ծանր վիրավորում է ստացել: Երեւանում մի քանի վիրահատություն է տարել:

Այստեղ ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլեւ՝ ճակատագրերը

Արցախում ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլեւ՝ ճակատագրերը. տիկին Ռոզան առաջին՝ 1992-ի պատերազմում կորցրել է ամուսնուն, երեխաներին միայնակ է մեծացրել: Աղջիկը՝ վերջին պատերազմում է մոր ճակատագրին արժանացել. ամուսինը պատերազմի թեժ օրերին զոհվել է, որդին էլ մինչ օրս անհետ կորած է: Ընտանիքը, սակայն, հույսը չի կտրում, որ տղան կենդանի վերադառնալու է:

Մարտունիում կողպված դռներն էլ են բացվել

Այստեղ տարիներով կողպված տների դռները նույնպես բացվել են, դրանք վարձով կամ անհատույց տրամադրվել են հարեւան գյուղերից գաղթած բնակիչներին:

Դրանք այն գյուղերն են, որոնք պատերազմի ընթացքում անցել են հակառակորդի տիրապետության տակ:

Վարչակազմի պատասխանատուները Մարտունիում ապաստան գտած տեղահանված բնակիչների տան բնակվարձի, գույքի եւ առաջին անհրաժեշտության իրերի հարցը լուծել են: Սակայն կենցաղային մի շարք հարցեր դեռ մնում են:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031