Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա, թե՞ հեռավար․ ինչպե՞ս կկազմակերպվի դասապրոցեսը Շիրակի մայր բուհում

Հունվար 29,2021 20:30

Շիրակի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել է համավարակի պայմաններում 2021 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի գործընթացը կազմակերպելու հարցը։ Ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն  Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դասերը մայր բուհում կլինեն ինչպես առկա, այնպես էլ հեռավար ուսուցմամբ։

«Այսօր հստակ որոշեցինք․ պահպանելով սանիտարական կանոններն, անվտանգության  երաշխիքները՝ հնարավորինս առկա դասընթացներ ենք կազմակերպում,  բայց եթե բոլոր դասերը կազմակերպենք առկա,  նորմերը պահպանելու հետ կապված խնդիրներ կունենանք լսարանում։ Ըստ նախարարության ցուցումի, բոլոր այն առարկաները, հատկապես դասախոսությունները, որոնք հնարավոր է կազմակերպել օն-լայն տիրույթում, կկազմակերպվի օն-լայն տիրույթում։

Որոշվեց, որ առկա բակալավրիատում 1-ին և 2-րդ կուրսերը 3 օր առկա դասեր են անելու, երկու օր՝ հեռավար։ Դա կախված է ուսումնական ծանրաբեռնվածությունից, դասախոսություն, գործնական աշխատանք, սեմինար բաշխումից։

Առաջին հերթ կլինեն նաև 4-րդ կուրսի դասերը, բայց նրանք երկու օր են գալու, որովհետև 4-րդ կուրսն ավարտական է․ ուսումնական ծրագիրը համեմատաբար թեթև է․ երկրորդ կիսամյակը կապված է ավարտական աշխատանքների հետ։

3-րդ կուրսերը գալու են երկրորդ հերթով, երեք օր գալու են առկա, մնացած օրերին՝ հեռավար։

Մագիստրոսների առաջին կուրսը մեկ օր է գալու, իրենց մոտ 16-18 ժամ է  շաբաթական ծանրաբեռնվածությունը, և անհրաժեշտությունը բուհում անմիջական լինելու, այդքան մեծ չէ։ Մագիստրական երկրորդ կուրսերը դարձյալ մեկ օր են գալու, նրանք թեզերի վրա են աշխատում, իրենց ղեկավարների հետ հանդիպման համար ֆիքսված օրեր կլինեն ամեն կուրսի համար»,- տեղեկացրեց ռեկտորի ժ/պ-ն։

Նա ասաց, որ կան  որոշակի առանձնահատկություններ ունեցող մասնագիտական ամբիոններ, օրինակ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ռազմագիտության, կերպարվեստի ամբիոնները, որտեղ գործնական պարապմունքները շատ են, դասերը 4 օր առկա են լինելու, հեռավար ընդամենը՝ մեկ օր։ Հեռավար կանցկացվեն տեսական դասընթացները։

«Ֆակուլտետներն իրենք են որոշում՝ որ երեք օրը լինեն դասերը, որովհետև դեկանները միմյանց հետ համագործակցված աշխատելու են, որպեսզի լսարանային ֆոնդը ճիշտ բաշխվի սանիտարական կանոններն ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Ռեկտորի ժ/պ-ն ասում է, որ բուհում սանիտարական կանոնները խստորեն պահպանվում են, կախված են ալկոգելի տուփեր, ներս մտնողները ջերմաչափվում են։

Մեր հարցին, թե ինչպե՞ս կլուծվի տարեց, խրոնիկ հիվանդություններ ունեցող դասախոսների հարցը, պարոն Սերոբյանն ասաց, որ այն կքննարկվի մասնագիտական ամբիոններում ու հենց այնտեղ լուծում կտրվի։

Երվանդ Սերոբյանից նաև կարծիք հարցրեցինք առցանց ուսուցման որակի մասին։

«Իմ կարծիքը կասեմ՝ որպես այս պահին կրթության կազմակերպիչ ու նաև որպես ներքին շահառու, որովհետև թոռնիկներ ունեմ, որոնք սովորում են, ուսանողուհի թոռնիկ ունեմ։ Ասում են՝ եթե կրթությունը չի անցնում հույզերի ոլորտով, առոչինչ է։ Ես ինքս պարապում եմ՝ նայելով էկրանին, մի քիչ անհարմար եմ զգում։ Ճիշտ է՝ մյուս կողմից պատասխաններ են հնչում, գրատախտակի վրա գրում ենք, բայց բոլոր դեպքերում ինձ թվում է՝ անմիջական շփումը դասախոսի և ուսանողի խիստ կարևոր է։

Ամեն ինչ արվել է և արվում է կրթության որակը չվնասելու, բայց տա Աստված այս համաճարակը, համաշխարհային աղետը շուտ վերանա, մենք իսկապես կարողանանք  անցնել մեր նորմալ աշխատանքային ռեժիմի։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ որևէ հեռավար կրթություն, հատկապես լայն մասշտաբով, չի կարող առկա ուսուցմանը փոխարինել։ Անմիջական շփմամբ միայն առարկայական գիտելիքներ չեն փոխանցվում դասախոսից ուսանողին․ դասավանդման պրոցեսում և՛ արժեհամակարգ է ձևավորվում, և՛ աշխարհայացք է ձևավորվում։

Գիտեք՝ մի քիչ ինչի է նման հեռավար ուսուցումը, ես՝ որպես դասավանդող եմ ասում,  բրիկետից պատրաստված խորովածը շատ լավ տեսք ունի, բայց համն այն չէ, այսինքն` ինչ-որ մի բան կա, որ պակասում է։

Նորից եմ կրկնում՝ ամեն ինչ արվել է ՛և մեր կողմից, ՛և մեր գործընկերների կողմից, փառք ու պատիվ, շատ ավելի դժվար է պարապել օն-լայն տիրույթում, քան անմիջականորեն մտնել լսարան»,- ասաց Երվանդ Սերոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031