Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչված լինելով կյանքեր փրկել, իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին. մերօրյա հերոսները. Գագիկ Մակարյան

Փետրվար 02,2021 14:52 Share

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերօրյա հերոսները. Գագիկ Մակարյան

Պատերազմն իր հետ տարավ բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած Գագիկին, ով իր ապագան տեսնում էր ուրոլոգիայի ոլորտում՝ այն համարելով հետաքրքիր և բժշկության մեջ առաջադեմ ճյուղ․․․

Բժշկության և նկարչության նկատմամբ միախառնված սերը լավագույնս է բնութագրում ԵՊԲՀ սովորող Գագիկ Մակարյանին, ով այդպես էլ չիրականացրեց իր բազմաթիվ երազանքներն ու նպատակները:

Գագիկ Մակարյանը՝ ավարտելով ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, «1+2» ծրագրի շրջանակում բժշկի մասնագիտությամբ զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի ընթացքում մասնագիտական առաքելությունն իրականացրել է Արցախի հարավային ուղղությամբ:

Ինչպես նշում է կուրսընկերը՝ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական զարգացման կենտրոնի անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ 1-ին կուրսի ուսանող Տիգրան Օհանյանը, Գագիկը դեռ դպրոցական տարիքից ուներ նկարելու ձիրք, զբաղվում էր նաև լուսանկարչությամբ, այդ թվում սիրում էր իր կողմից արված լուսանկարները ենթարկել ծրագրային մշակման՝ ստանալով այնպիսի պատկերներ, որոնք արտացոլում էին նրա ներաշխարհն ու պատկերացնումները: Սերը դեպի արվեստը՝ նկարչությունն ու լուսանկարչությունն արտահայտվում է նրա ստեղծագործություններում, որոնք տեղ են գտել 500px.com կայքում:

«Գագիկը ստեղծագործ, արվեստն ու բժշկությունը սիրող անհատ էր, որը խելացի լինելուն զուգահեռ՝ աչքի էր ընկնում համեստությամբ ու ընկերներին օգնելու պատրաստակամությամբ»,-նշում է կուրսընկերը՝ հավելելով, որ Գագիկին միշտ հաջողվում էր ամենաբարդ առարկաներն ու թեմաները մատուցել կուրսընկերների համար մատչելի ու հասկանալի՝ նրանց օգնելով պատրաստվել ու հանձնել հերթական քննությունները: Տիգրան Օհանյանի խոսքով՝ մասնագիտացման ընտրության թեմայի շուրջ հաճախ են քննարկումներ ունեցել: Հետաքրքրությունների շրջանակում ունենալով նաև վիրաբուժությունն ու ռեանիմատոլոգիան՝ ի վերջո Գագիկը կանգ էր առել ուրոլոգիա մասնագիտության վրա, որն էլ պատրաստվում էր ընտրել զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:

Պատերազմը բժշկական բուհից խլեց նաև Գագիկ Մակարյանին: Նա համալրեց մերօրյա հերոսների շարքը, որոնք կոչված լինելով՝ փրկել կյանքեր, իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին:

Գագիկ Մակարյանը զոհվել է նոյեմբերի 1-ին Ջրականում՝ թշնամու անօդաչու սարքի հարվածից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728