Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք 90-ականների սկզբին ունեցել ենք շուրջ 80 հազար ծնունդ, այսօր ծնունդների թիվը մեզ մոտ 32 հազար է. Արմեն Մուրադյան

Սեպտեմբեր 30,2026 17:09 Share

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով քննարկումը։ 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն, իր ողջույնի խոսքում անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային, նշեց․

«Այն թեման, որ այսօր քննարկվում է այս դահլիճում, կարծես թե նոմինալ մեզ հետ կապվածություն ունի, բայց երբ ավելի խորն ես նայում այս հարցի բոլոր դրսևորումներին, ո՞վ, եթե ոչ բժիշկները, պետք է առաջինն արձագանքեն, իրենց հեղինակավոր խոսքն ասեն, որը հիմնված է վստահության վրա, որը տածում են մեր ապագա ծնողները, մասնավորապես՝ հղիները, ո՞վ, եթե ոչ բժիշկները, որոնք առաջինն են հայտնում լուրը, թե՛ հղիության առկայության, թե՛ սեռի պատկանելության մասին։ Բժիշկները շատ մեծ տեղ և դեր ունեն այս ամենի մեջ»։

Թվային տվյալների մասին խոսելով՝ ռեկտորը շեշտեց, որ եթե վերլուծենք 70-ականների աշխարհի ժողովրդագրական ցուցանիշները՝ 3,7 մլրդ բնակչությամբ, ապա այս պահին աշխարհի բնակչությունը 8,2 միլիարդ է։

«Այն արժեհամակարգը, որը, կարծես թե, 70-ականներին մենք պետք է առաջնային համարեինք, այսօր տարբեր հասարակություններում տարբեր աչքերով ենք նայում։ Այսպես՝ Չինաստանում «Մեկ երեխա-մեկ ընտանիք» սկզբունքը պայմանավորված էր հասարակության մեջ շատ արագ ձևավորվող և ավելացող բնակչությամբ, մինչդեռ մեր պես երկրի համար, որտեղ մարդկային պաշարները հիմնական հարստությունն են, յուրաքանչյուր ծնունդը կարևոր է։ Մենք 90-ականների սկզբին ունեցել ենք շուրջ 80 հազար ծնունդ, այսօր ծնունդների թիվը մեզ մոտ 32 հազար է։ Մեզ համար մտահոգիչ է, որ 50-80 հազար աղջիկ երեխա լույս աշխարհ չի եկել Հայաստանում 25-30 տարվա ընթացքում։ Բժշկական կոմպոնենտ այստեղ շատ քիչ կա։ Այստեղ նստած փորձառու բժիշկներից յուրաքանչյուրը հասկանում է․ երբ արդեն կա ընդհատելու որոշումը, ազդել այդ որոշման վրա շատ դժվար է։  Ես հիշում եմ, որ ժամանակին իրականացնում էինք ծրագիր․ ուլտրաձայնային հետազոտության սենյակներում գեղեցիկ մանուկ աղջիկ երեխաների նկարներ էինք փակցնում, որպեսզի ոգևորությունը ենթագիտակցաբար պահեինք»,  – հավելեց Արմեն Մուրադյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով նմանատիպ քննարկումների անցկացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտեց, որ հղիության արհեստական ընդհատման դիտանկյունից, երբ խոսվում է օրինական և անվտանգ աբորտների մասին, շատ կարևոր երևույթ  և ոլորտ կա, որն ուղղակիորեն առնչվում է ՄԻՊ գլխավորած հաստատության հետ, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը։

«Այն մարդու իրավունքների հետ ուղղակի կապվածություն ունի այն դիտանկյունից, որ, ըստ էության, սա կանանց և տղամարդկանց իրավահավասարության շատ գլոբալ հիմնախնդրի մի մասն է մեր հասարակությունում և ընդհանրապես ամբողջ աշխարհում առկա ձևախեղված պատկերացումների»,  – ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ ոչ միայն պատշաճ չի ներկայացվում վերարտադրողական առողջության իրավունքի բովանդակությունը, այլև հնարավորություն չի տրվում այդ իրավունքից պատշաճ օգտվելու։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Շնորհավոր, աղջիկ է» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել էր Հայաստանում Նիդերլանդների դեսպանության կողմից։

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ–Վինթերի խոսքով՝ ֆիլմը նվիրված է սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդրին։

«Մենք այս թեման ընտրել ենք, որովհետև այն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Սա մարտահրավեր է նաև Նիդերլանդների հասարակության համար։ Դա պահանջում է երկար ժամանակ, և փոփոխություններ չեն լինի, եթե չանցկացվեն քննարկումներ։ Ըստ վիճակագրության՝ վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանում չի ծնվել շուրջ 80 հազար աղջիկ երեխա։ Սա սոցիալական խնդիր և մարտահրավեր է», – ընդգծեց դիվանագետը։

Պանելային քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր նման խնդիր կա․ «Իհարկե, պետական մի շարք ծրագրերի  և օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, բայց խնդիրը շարունակում է առկա մնալ։ Վիճակագրական կոմիտեն, ՄԱԿ-ի հետ համատեղ արված հետազոտության արդյունքում, տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ըստ մարզերի բաժանվել էր 3 փուլերի․ ռիսկային գոտի, որտեղ մոտավորապես 115 տղա 100 աղջիկ հարաբերակցությունն էր, այդ մարզերից են, օրինակ, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերը, միջին ռիսկայնության գոտի, որտեղ 108/100 հարաբերակցությունն էր։ Լավագույն վիճակում Երևանն էր, Վայոց ձորը, Սյունիքը, որտեղ գրեթե նորմային մոտ էր ամեն ինչ»։ Այստեղ ամենակարևոր խնդիրը, ըստ պատգամավորի, իրազեկման բարձրացումն է։

«Մենք պիտի մանկապարտեզից, դպրոցից սկսենք, բոլորը պետք է հասկանան, որ սեռերի անհավասարություն չպետք է լինի։ Հուսով եմ, որ այսպիսի քննարկումների արդյունքում է, որ մենք էապես բարելավելու ենք իրավիճակը», – ավելացրեց նա։

«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը հիշեցրեց, որ ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ծննդօգնության ոլորտում։

«Ուզում եմ նորից ասել․ ցանկացած հղիության ընդհատում մեր ազգի, մեր փոքր բնակչության համար բավականին լուրջ խնդիր է։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, մենք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ունենք բավականին լավացում տարածաշրջանային մակարդակով, բայց այս տարվա մի քանի ամսվա ամփոփումը նորից ահազանգ է․ 111/100 է դարձել հարաբերակցությունը։ Ունենք շատ խոցելի մարզ․ դա Գեղարքունիքն է․ 124/100 հարաբերակցությունն է այս մարզում։ Ամեն աղջիկ, որը չի ծնվում, իր հետ բերում է ևս երկու երեխայի դեֆիցիտ։ Սա, իրոք, միայն բժշկական հարց չէ, սա սոցիալական խնդիր է, սա կրթական խնդիր է», – ընդգծեց նա։

Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ։

Քննարկմանը մասնակցել են նաև բժշկական համալսարանի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ և փորձագետներ։

Նշենք, որ սեպտեմբերի 28-ը հիշատակվում է որպես Անվտանգ աբորտների միջազգային օր։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930