«Ինձ զարմացնում է մի փաստ՝ մի՞թե մեր երկրում չկա մեկ այլ դատավոր, որը Ձեզնից ավելի շատ ենթարկվող է: Մենք ռիսկի ենք դիմում՝ Ձեզնից ինքնաբացարկ պահանջելով»,- մարտի 1-ի գործով դատական նիստին նախագահող դատավորին այսպես դիմեց գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
Նա, խորհուրդ տալով Աննա Դանիբեկյանին, ասաց. «Երբ Դուք գնաք խորհրդակցական սենյակ, եթե հայելի լինի այնտեղ, լավ, եթե ոչ, կարգադրեք, որ ապահովեն, նայեք հայելուն ու հիշեք Էրիկ Ալեքսանյանի խոսքերը՝ մենք Ձեր դեմ քրեական գործ ենք ներկայացրել: Եվ հիշեք՝ փաստ է այն, որ հանցագործություն է տեղի ունեցել, որը Դուք եք իրականացնել և մտածեք՝ ես ինչպե՞ս կարող եմ դատել Էրիկ Ալեքսանյանի վստահորդին այն բանից հետո, երբ նրանք իմ հանդեպ միջնորդություն են ներկայացրել հարուցել քրեական գործ»:
Յուրի Խաչատուրովն ասաց՝ չնայած կասկածում է, բայց հնարավոր է, եթե հեռանա այս գործից և դադարի այս գործով դատավոր լինել, ու եթե հանկարծ դատախազությունն իրեն նեղացնի, կխնդրի իր պաշտպանին պաշտպանել Աննա Դանիբեկյանին:
Կարդացեք նաև
Ամփոփելով խոսքը՝ Յուրի Խաչատուրովն ասաց. «Երիտասարդ, գեղեցիկ կին եք, մտածեք Ձեր ապագայի մասին, առողջ եղեք»:
Միջնորդության քննարկումն ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 12-ին: Դատական ակտը հրապարակվելուց հետո դատական նիստը կհետաձգվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































