Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը պաշտպանեց Ռուբեն Ռուբինյանին

Փետրվար 02,2021 17:30

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք գործիչներ քննադատեցին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, մասնավորապես, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի աշխատանքը: Այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողի այդ հիշեցմանը եւ մեջբերմանը, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասել էր` Ռուբեն Ռուբինյանը վաղուց է տապալել ԵԽԽՎ-ում աշխատանքները եւ պարզապես տեխնիկական աշխատանք է կատարում իրականում, որեւէ շոշափելի արդյունք իր աշխատանքից չի լինում, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես դրան չեմ արձագանքի, դրան կարձագանքի պարոն Մարուքյանը»:

The press conference of the RA NA delegation to PACE took place at the RA National Assembly

Իսկ ուշացումով ասուլիսին միացած Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն ունի: Պատվիրակության որեւէ անդամի կատարած աշխատանքը որեւէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել: Մեր ցանկացած պատվիրակություն թիմ է, որը պիտի միասնական գործի՝ առանց անձնական խնդիրների նայելու: Այս առումով մենք երբեք մեզ այն ժամանակի ընդդիմության պես չենք պահում: Այն ժամանակ եղել են դեպքեր, որ ընդդիմությունն այլ տոմսերով, այլ ինքնաթիռով է մեկնել, որպեսզի իրար չտեսնեն: Մենք այդ գծի մեջ չենք, կարծում եմ, որ թիմային աշխատանք է կատարվում: Ես կարծում եմ պատվիրակության որեւէ անդամի դերը չի կարելի թերագնահատել»:

«Ես էլ հավելեմ, որ համաձայն եմ պարոն Մարուքյանի հետ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Ուղիղ հարցին`գերիների հարցը օրակարգ չմտցնելու համար արդյո՞ք կար պատվիրակության թերացումը, Դուք տեսնու՞մ եք այստեղ պարոն Ռուբինյանի թերացումը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին եւ կասեի, որ նման առաջարկ եմ արել եւ չի ընդունվել: Երբ մենք գնալուց առաջ քննարկել ենք, թե ինչ անենք, ես առաջարկել եմ, որ պիտի անպայման պահանջենք դեբատ: Բոլորով որոշել ենք, որ դա պետք է անել, բայց, միեւնույն ժամանակ, հստակ իմացել ենք, որ դա մերժվելու է: Դա նույն բանն է, որ ռազմավարական դատաքննության ժամանակ մի բանը առաջին ատյանը մերժի, վերաքննիչը մերժի եւ հասնես վճռաբեկ դատարան: Բայց այդ ընթացքում նախադեպեր են ձևավորվում: Բնականաբար, Բյուրոն մերժել է: Ընդ որում, չի մերժել Ստրասբուրգում, մենք Հայաստանում ենք եղել, որ մերժել է: Ուրբաթ օրն է Բյուրոն մերժել, նիստը սկսել է երկուշաբթի, հայկական մամուլը սկսել է այդ լուրը ծածկել երեքշաբթի: Բայց եթե, Բյուրոն չմերժեր, ինչի՞ մասին էինք խոսելու: Այսինքն, նույն դեբատը եղել է դահլիճում ելույթների տեսքով, այն մասին, որ Բյուրոն պետք է այս հարցը ընդուներ, քննարկեինք, չընդունեց, բայց միեւնույն է քննարկում ենք: Երկու դեպքում էլ փաստաթուղթ չէր ընդունվելու, ուղղակի քննարկում էր լինելու:

Մեզ պետք էր, որ տարբեր գործիչներ ռազմագերիներին վերադարձնելու կոչ անեն, այդ կոչերը եղան: Պետք էր Գլխավոր քարտուղարին այդ հարցը մենք չտայինք, այլ տային քաղաքական խմբերի ղեկավարները, դա էլ եղավ: Պետք էր, որ հայտարարությունները լինեն մամուլում, դա էլ եղավ: Այսինքն, նպատակ դրել ենք, որ հարցը քննարկվի, հարցը քննարկվել է: Մեզ պետք էր հնչեղություն, մեզ պետք էր քաղաքական խմբերը, գործիչները իրազեկված լինեն, դա եղել է: Ճիշտ է, այնտեղ բոլորը հոգնել են Արցախի թեմայից, բայց մարդիկ տեսնում են, որ պատերազմն ավարտվել է, համաձայնությունը ստորագրվել է եւ մի երկիր իրեն պահում է ահաբեկիչի պես: Միայն ահաբեկիչն է պատանդ պահում, որպեսզի պայմաններ թելադրի: Այս մասին ես հստակ նշել եմ իմ ելույթում. կամ պետք է գերիներին տաք, կամ պետք է Ադրբեջանը հայտարարվի ահաբեկչական երկիր, այստեղ երկրորդ տարբերակ չկա: Քաղաքականությունը հնարավորինի արվեստն է: Մենք արել ենք հնարավորը, սա է եղել հնարավոր: Ավելին հնարավոր չի եղել եւ ակնհայտ է եղել, որ Ռուսաստանում 3500 մարդու ձերբակալվելն ու Նավալնու կալանավորվելն իրենց համար եղել է առաջնային թեմա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728