«Մենք չենք սկսել։ Ընդդիմությունը խոսում է սադրանքի մասին։ Ամեն ինչ տեսագրված է, փաստերը հակառակն են վկայում։ Ոչ ոք իշխանական պատգամավորներից չի հայհոյել, ես ուսումնասիրել եմ կադրերը։ Այսինքն՝ ոչինչ չեն արել, մոտեցել է ու հարվածել։ Պատկերացրեք՝ այդպես էլ է լինում։ Իսկ դուք չտեսա՞ք, թե ինչպես էր մինչ այդ հանգիստ ելույթ ունենում, սկսեցին տեղերից վեր թռչել, մոտենալ, որ հարվածեն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում երեկվա ծեծկռտուքի իր վարկածը պնդեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շարունակելով «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությանը մեղադրել ԱԺ կատարվածի համար։
Նա լավ չի համարում, որ միջադեպը միջազգային լրատվամիջոցներում լայնորեն լուսաբանվեց, կրկնելով․ «Բայց պատասխանատուն ընդդիմությունն է։ Հույս ունեմ՝ չեն կրկնի։ Բայց, ճիշտն ասած, եթե նորից սկսեն, արդյունքը նույնն է լինելու։ Իմ վերլուծությունն ու փորձը ցույց են տալիս, որ երբ ընդդիմությունը ֆիզիկական բախում է սկսում, դա հանգեցնում է ընդհարման, որը նրան ամենևին էլ լավ դրության մեջ չի դնում։ Եթե չկրկնեն, ամեն ինչ լավ կլինի, հակառակ դեպքում կլինի այնպես, ինչպես երեկ»։
Երեկվա միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Ռուբինյանին անձամբ չի զանգահարել եւ շնորհակալություն հայտնել։
Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հայտնած մտահոգությունները, մասնավորաբար, խաղաղության պայմանագրի երաշխիքների մասով, կքննարկի՞ Ադրբեջանի հետ, թե՝ ոչ, Ռուբինյանը նախ համարում է, որ բոլոր հարցերը լեգիտիմ են եւ տրամաբանական է համարում, որ դրանք քննարկվեն «բոլորի հետ»։ Հստակեցնող հարցին՝ Ադրբեջանի՞, կրկնեց․ «Բոլոր տեղերի»։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր ընտրողների կարծիքը հաշվի առնելու համատեքստում Ռուբինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի ընտրողները քվեարկել են 3 պատճառով՝ նրանց գումար են բաժանել, վախեցրել են 300 հազար ադրբեջանցու ժամանմամբ և խոստացել, որ վարչապետ կդառնա Սամվել Կարապետյանը․ «Հիմնարար հարցն այն է, որ չխոչընդոտեն սահմանադրության տեքստը ժողովրդի դատին հանձնելուն։ Թող ժողովուրդը որոշի։ Եթե վստահ են, որ տեքստը վատն է, թող ժողովուրդը որոշի։ Թե՛ սահմանադրության, թե՛ հետագա քաղաքական իրադարձությունների հարցում»։
Դիտարկմանը՝ հանրաքվեի ժամանակ էլ իշխանությունները կարող են կիրառել փորձված միջոցները՝ վարչական ռեսուրս, ձայների գողություն և այլն, Ռուբինյանը պատասխանեց, որ ընդդիմությունն է կաշառք բաժանել, և ընդհանրապես «Ուժեղ Հայաստանը» «ՀՀԿ-ի մնացուկն է․ այնտեղ կա՛մ այդ կուսակցության նախկին անդամներն են, կա՛մ դրա հետ կապված անձինք»։ Իր պնդմամբ՝ ՔՊ-ն արդար ընտրություններ է կազմակերպում, ինչի մասին սևով սպիտակի վրա գրված է ԵԽԽՎ զեկույցում։ Ռուբինյանը հիշեցրեց՝ զեկույցում նշված տնտեսական սահմանափակումները, որոնց նպատակը մարդկանց որոշակի ձևով ընդդիմությանը քվեարկելուն ուղղորդելն է․ «Այսինքն՝ ԵԽԽՎ զեկույցն ուղղակիորեն ասում է, որ Հայաստանի ընդդիմությունը հինգերորդ շարասյուն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































