Այսօր կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ հիփոթեքային շուկային։ Մասնավորապես նա պատասխանելով հարցին՝ հիփոթեքային շուկայում ակնկալվող որոշակի խնդիրներին՝ փոխարժեքի տատանման հետեւանքով, ԿԲ-ին ինչպես է արձագանքում կամ ինչ դիտարկումներ ունի, ասաց՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ մենք դիտարկում են դրամավարկային փոփոխականները, սակայն տվյալ պարագայում վարկավորման տեմպերի դանդաղումը մեծ մտահոգություններ է առաջացնում մեզ մոտ։
«Մենք ուշի-ուշով հետեւում ենք թե՛ անշարժ գույքի գների զարգացումներին, թե՛ իրականացվող գործարքներին, թե՛ մատնանշած որոշակի ռիսկերին, որոնք կարող են որոշակիորեն հանգեցնել ֆինանսական համակարգի հետ կապված խնդիրների։ Բայց, միեւնույն ժամանակ պետք է հասկանանք, որ Հայաստանում երբ որոշում էր կայացվում անցնել գնաճի նպատակադրման եւ ունենալ ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, որոշման հիմքում ընկած էր այն պարզ թեզը, որ փոխարժեքը պետք է լինի այն փոփոխականներից մեկը, որը ճգնաժամի ժամանակ իր վրա պետք է վերցնի հարվածի ուժգնության մի մասը։ Ուստի ակնկալել, որ կենտրոնական բանկի կողմից պետք է փոխարժեքը ֆիքսել ու այդ փոխարժեքով գնալ առաջ, կարծում եմ այս պահին հիմնավոր չէ։ Բոլորի ակնկալիքը 2020 թվականի հետ՝ ՀՆԱ-ի մոտ 7-8 տոկոս անկման շրջանակներում է։ Դա նշանակում է, որ առնվազն մեր հայրենակիցների եկամուտների նվազում ենք ունենալու։ Եվ այդ պարագայում ակնկալել, որ հիփոթեքը կամ այն, ինչը երկարաժամկետ վարկավորման հետ է կապված, նույն թափով են շարունակելու եւ աճելու են, ինձ թվում է՝ մի քիչ լավատեսական է»,-ասաց Մարտին Գալստյանը։
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանն էլ հավելեց՝ 2021 թվականին սպասվող փոխարժեքի հնարավոր տատանումները կարող են ազդել հիփոթեքային շուկայի վրա․ «Վարկային պորտֆելի տեսանկյունից՝ կոնկրետ հիփոթեքային շուկայում մենք այս պահին շատ ռիսկեր չենք տեսնում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































