Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը վեր է իր կարիքներից ու բնազդներից». Սեդա Վարդանյան

Փետրվար 11,2021 12:30

Մարդու կյանքում բոլոր դրական եւ բացասական հույզերն ունեն մեծ նշանակություն: Դրանք ճանաչելը եւ կառավարելը կարեւոր է նաեւ դպրոցականի համար: Հուզական ինտելեկտ. շատերին ծանոթ, մեծ մասին էլ` հետաքրքիր։

Այս թեմայի շուրջ զրուցել եմ հոգեբանական գիտությունների թեկնածու Սեդա Վարդանյանի հետ։

– Նախ հասկանանք, թե ի՞նչ է հուզական ինտելեկտը:

– Բարդ անվանման պատճառով այս կարողությունը մարդկանց մեծամասնության համար դառնում է անորոշ եւ անհասկանալի: Հուզական ինտելեկտը կամ ինչպես ես սիրում եմ ասել՝ «հուզական խելքը» մարդու բանականության եւ հույզերի մտերմությունն է, համագործակցությունը, որը դրսեւորվում է ինչպես սեփական հույզերը գիտակցելու եւ կառավարելու, այնպես էլ այլ մարդկանց հույզերը ճանաչելու եւ կառավարելու ունակության մեջ: Այս դեպքում նույնիսկ ցանկացած բացասական հույզ ճանաչվում եւ ապրվում է, ու մարդը դրա ուժը կարողանում է ճիշտ օգտագործել: Այն արդյունավետ հաղորդակցման, ինքնաճանաչողության, այլ մարդկանց ճանաչողության, ինքնակառավարման, ոգեշնչման, մոտիվացիայի աղբյուր է: Եթե շատ համառոտ, ապա` այսքանը:

– Այս կարողությունը բացասական կողմ ունի՞։

– Միանշանակ, այն հզոր զենք է։ Սա, եթե չի օգտագործվում ի բարօրություն, ապա ի վնաս հաստատ կարող է կիրառվել: Հուզական ինտելեկտի մասին մի գրքում կարդացի, որ Սթիվ Ջոբսը եղել է բարձր հուզական ինտելեկտի տեր, բայց այդ կարողությունը օգտագործել է իր ենթականերին վերահսկելու նպատակով: Չգիտեմ, թե որքանով է հավաստի, բայց սա այդ կարողության բացասական դրսեւորման օրինակ է:

– Աշակերտի հուզազգացական զարգացման հիմքը արդյոք դպրոցո՞ւմ է դրվում, թե՞ ընտանիքում, աշակերտի հուզական ինտելեկտը առնչվո՞ւմ է կրթական միջավայրի հետ եւ ինչպե՞ս։

– Մարդու հուզական զարգացման, այդ թվում հուզական ինտելեկտի հիմքը դրվում է տանը, իսկ հետագայում կրթական միջավայրում: Ծնողներն, առաջին հերթին մայրը, ծանոթացնում են երեխային սեփական հույզերի հետ. «Տղաս, դու այսօր տխո՞ւր ես» կամ արտահայտում են սեփական հույզը. «ինչքա՜ն երջանիկ եմ, որ դու ծնվել ես»: Ընտանեկան դաստիարակության մեջ թույլ տրվող սխալների հետեւանքով առաջացող հուզական խնդիրներն այլ թեմա են: Հուզական ինտելեկտի զարգացումը տրամաբանորեն պետք է շարունակվի կրթական միջավայրում: Կրթական միջավայրում, բացի գիտելիք ստեղծելու եւ վերարտադրելու բաղադրիչից, պետք է ներառված լինեն ուսուցչի եւ աշակերտների հույզերը, ինչպես ուսումնական նյութի, այնպես էլ անձնային փոխհարաբերությունների մեջ: Եթե ուսումնական գործունեության մեջ առկա է հետաքրքրության, ուրախության հույզերը, ապա այն արդեն արդյունավետ է: Ուսուցիչը ինքը կարող է նյութի ներկայացման ժամանակ շեշտը դնել ոչ միայն գիտելիքի, այլ նաեւ աշակերտի հույզերի վրա. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր զգում հերոսը այդ քայլը անելիս» կամ «Ես հիացած եմ քո պատասխանով»: Սա հուզական ինտելեկտի տարբեր կողմերը զարգացնող հարցադրումներ են:

– Ժամանակաշրջանը փոխվել է. տարիներ առաջ ուսման առաջադիմության հարցը հիմնականում դիտարկվում էր աշակերտի մտավոր կարողություններով, սակայն ժամանակի ընթացքում դա վերափոխվեց եւ հաստատվեց, որ դրանով չի կարող երաշխավորել ուսման առաջադիմության հարցը։

– Այսօր բազմաթիվ հետազոտություններ հաստատել են, որ բարձր առաջադիմությամբ, «գերազանցիկ» աշակերտը հնարավոր է՝ դառնա լավ մասնագետ, բայց լինի հոգեբանական լուրջ խնդիրներով մարդ: Ուստի EQ-ն կամ հուզական ինտելեկտն այս առումով հաղթում է IQ-ին կամ բանականության գործակցին: Այս առումով հուզական ինտելեկտը թույլ է տալիս մարդուն գտնել իր պոտենցիալը, սովորել եւ աշխատել սիրով եւ նույնիսկ բացասական հույզերը օգտագործել դրական ելքի համար: Ոչ միայն ունենալ աշխարհի մասին գիտելիքների պաշար, լինել խելացի, այլ նաեւ կարողանալ արդյունավետ փոխհարաբերվել մարդկանց հետ: Այս շարքը կարելի է շարունակել:

– Ուսումնառության ընթացքում, աշակերտն ակնկալվող մակարդակ ձեռք բերելու համար ի՞նչ կարեւոր նախապայմաններ են անհրաժեշտ։

– Նախեւառաջ իմանալ, թե ինչ է սովորելը իր համար կամ «ինչո՞ւ սովորել»: Այստեղ ուսուցիչը եւս գործ ունի անելու։ Ես այս մասին հաճախ եմ խոսում ուսանողների հետ: Որովհետեւ, եթե այդ «ինչու»-ին միացել է հետաքրքրության, արդյունքի ակնկալման երջանկության, գործընթացից ստացվող բավարարվածության ապրումները, մարդը կսովորի՝ ինչքան էլ բարդ լինի: Մինչեւ սա դառնա ինքնուրույն գիտակցված վերաբերմունք աշակերտի մոտ, այստեղ գործ ունեն անելու ե՛ւ ծնողները, ե՛ւ ուսուցիչները: Ինձ թվում է՝ միակ բանալին այս մոտեցումն է: Կրթության խնդիրն է մոտիվացնել, ներշնչել։ Ուստի այն ուսուցչից եւս բարձր հուզական ինտելեկտ է պահանջում՝ համադրած մասնագիտական գիտելիքներով:

– Մարդը՝ որպես սոցիալ-հոգեբանական մի շարք կարծրատիպեր կոտրող էակ, ի՞նչ պետք է անի ճիշտ ինքնակառավարվելու եւ դրական ակտիվություն դրսեւորելու համար։

– Ես մարդուն լավատեսորեն եմ վերաբերվում եւ ցանկացած առիթի դեպքում ասում եմ, որ մարդը վեր է իր կարիքներից, բնազդներից, քանի որ ոչ միայն կենսաբանական, այլ հոգեբանական, հոգեւոր էակ է: Ճիշտ ինքնակառավարման ուղին ինքնաճանաչողությունն է, մարդը պետք է ցանկանա ճանաչել իր ներաշխարհը՝ իր մտքերը, հույզերը, վարքը: Առաջին երկուսի գիտակցման դեպքում նա ունակ է փոխելու իր վարքի ծրագիրը: Սա բացարձակ իրականություն է: Ի՞նչ է նրան պետք այդ հարցում՝ կամք ու մեծ ցանկություն։

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728